ԳԼՈՒԽ Թ. – ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՒՐԻՇ ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Թ. – ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՒՐԻՇ ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՍԲ. ԱՆՍԵԼՄՈՍ ԱՈՍՏԱՑԻ – ԴԵՔԱՐՏ – ԼԱՅԲՆԻՑ

 

Մարդն ինչ-որ մի բան ճանաչելու երկու եղանակ ունի. ուղղակի և անուղղակի: Օրինակ, երբ ինչ-որ արձան եմ տեսնում, ուղղակիորեն ճանաչում եմ արձանը, իսկ անուղղակիորեն՝ քանդակագործին: Անձրևի կաթիլներ տեսնելով՝ ուղղակիորեն ճանաչում եմ անձրևը, անուղղակիորեն՝ ամպերը, որոնք այդ անձրևի պատճառն են:

Ինչ-որ մի բան անուղղակիորեն ճանաչելու երկու եղանակ կա.

ա. – Երբ ծանոթ պատճառից ճանաչում եմ անծանոթ արդյունքը.

բ. – Երբ ծանոթ արդյունքից ճանաչում եմ անծանոթ պատճառը:

Պատճառից արդյունքն ապացուցելը կոչվում է ապրիորի ապացույց (a priori, հառաջագունե): Օրինակ, արևը տեսնելով՝ հետևություն եմ անում, որ ցերեկ է:

Իսկ արդյունքից դրա պատճառն ապացուցելը կոչվում է ապոստերիորի ապացույց (a posteriori, հետնագունե): Օրինակ, ծխնելույզի ծխի դուրս գալը տեսնելով՝ ապացուցում եմ, որ այնտեղ կրակ կա:

Փիլիսոփաներ Սբ. Անսելմոս Աոստացին, Դեքարտը և Լայբնիցը երրորդ տեսակի ապացույցն են գտել և անվանել այն «գրեթե ապրիորի» (quasi a priori): Այս ապացույցը կայանում է Աստծո գաղափարից Նրա գոյությունն ապացուցելու մեջ:

Սակայն, ապրիորի ապացույցով անկարելի է Աստծո գոյությունն ապացուցելը, որովհետև Աստված առաջին էակն է և պատճառն ամեն բանի: Իրենից առաջ չի կարող գոյություն ունենալ որևէ էակ, որից կարելի կլիներ Աստծո գոյությունն ապացուցել: Չէ՞ որ ապրիորի ապացույցով պատճառից անցնում ենք արդյունքի ծանոթությանը: Բայց Աստված չի կարող Իրենից առաջ գոյություն ունեցող ինչ-որ պատճառի արդյունքը լինել:

Անկարելի է նաև «գրեթե ապրիորի» կոչված ապացույցով Աստծո գոյությունն ապացուցելը, քանի որ անտրամաբանական է ինչ-որ մի էակի գաղափարից փաստել նրա իրապես գոյություն ունենալը: Օրինակ, «ադամանդե խնձոր» գաղափարից չեմ կարող հետևություն անել, որ իրապես ադամանդե խնձոր գոյություն ունի:

 

 

Սբ. Անսելմոսի, Դեքարտի և Լայբնիցի [1] ապացույցները կարող ենք այսպես բանաձևել: Աստծո գաղափարը, համաձայն բոլոր մարդկանց, այն Գերագույն Էակի գաղափարն է, որից մեծագույնը հնարավոր չէ մտածել, որն ամենակատարյալ էակն է, որի էության անհրաժեշտ պահանջն է «լինելը»:

Սակայն, սխալ պիտի լիներ այս բոլորը, եթե Աստված գոյություն չունենար իրապես, որովհետև իրեն պիտի պակասեր գոյություն ունենալու կատարելությունը և ամենակատարյալ էակը չէր լինի: Հետևաբար Աստված իրապես գոյություն ունի:

Ահա՛ մեր պատասխանը:

Որևէ մի էակի գաղափարից չենք կարող հետևություն անել, որ այդ էակը իրապես գոյություն ունի ունի: Աստված թեև մեր մտքի ու գաղափարի մեջ մեծագույն, ամենակատարյալ Էակն է, որի էության անհրաժեշտ պահանջն է «լինելը», բայց մեր այս դատողությունից դուրս չի կարելի եզրակացնել, որ Աստված մեր մտքից, մեր գաղափարից դուրս իրապես գոյություն ունի: Վերոհիշյալ հեղինակները շփոթում են գաղափարը՝ իրականության հետ: Նրանց պաշտպանած Աստվածը մտացածին Աստված է:

Իրական Աստծո գոյությունն ապացուցելու համար հարկավոր է որպես ելակետ ընդունել իրական աշխարհը:

 

Նշեցինք, որ Աստծո գոյությունն անկարելի է հաստատել «ապրիորի» և «գրեթե ապրիորի» կոչվող ապացույցներով: Մեզ մնում է «ապոստերիորի» կոչվող ապացույցը, որը ծանոթ արդյունքի հիման վրա ցույց է տալիս այդ արդյունքի անծանոթ պատճառը:

Ահա՛ այս ապացույցն է, որ պիտի գործածենք Աստծո գոյությունն ապացուցելու համար:

Այս ապոստերիորի կոչվող ապացույցը հիմնված է պատճառականության օրենքի վրա, որն ասում է. «Ամեն արդյունք իր պատճառն ունի»:

Այս օրենքը, ինչպես հանգամանորեն կտեսնենք հաջորդ գլխում, անխորտակելի կամուրջ է, որ արդյունքը միացնում է իր պատճառին:

Առ Աստված տանող իրական ճանապարհները ցույց տալուց առաջ հարկավոր է խորապես քննել պատճառականության օրենքը, որովհետև մեր ապացույցների ողջ շենքը բարձրացնելու ենք այս օրենքի հիմքի վրա:

[1] LEIBNITZ, Monologie, Nouveau Essais, Paris 1867, nr. 45.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։