ԳԼՈՒԽ Ժ. – ՉԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ժ. – ՉԱՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Ահա՛ ևս մի դժվարություն, որ գլուխ է բարձրացնում՝ բողոքելու համար աստվածային նախախնամության դեմ:

Այդ դժվարությունը չարերի հաղթանակն է երկրի վրա, ինչպես նաև՝ ուղիղ ճանապարհով քայլել ջանացող անմեղների անհաջողությունները:

Ինչու՞ է մեղավորների ճանապարհը պատված երջանկության ծաղիկներով, իսկ արդարներինը՝ փշերով:

Ինչո՞ւ ենք բարիքի փոխարեն չարիք հնձում: Ո՞ւր է աստվածային նախախնամությունը, երբ հիվանդը հյուղակի կիսափուլ երդիկի տակ նվաղում է մահասարսուռ տվայտանքներից: Ո՞ւր է աստվածային արդարությունը, երբ արևի լույսի տակ այնքա՜ն ակնհայտորեն ոճիրներ են գործվում: Ինչի՞ն է սպասում աստվածային նախախնամությունը, որ իր օգնությունը հասցնի քաղցից ու հոգեկան ցավերից տառապող այնքա՜ն թշվառներին: Աստվածային արդարությունը ո՞ր օրվա համար է պահում իր վրեժխնդիր շանթերը, երբ չարի թագավորությունն օրեցօր զորանում է և իր դրոշն է բարձրացնում բարության բերդաքաղաքի վրա:

Եթե կա նախախնամական մի ձեռք, որն ամեն բան հոգում է, ինչո՞ւ է ոմանց հանդեպ առատաձեռն, և ուրիշների հանդեպ ժլատ: Ինչո՞ւ է ոմանց շռայլել միաժամանակ ամենայն բարիք՝ խելք, առողջություն, հարստություն, գեղեցկություն, իսկ ուրիշները զուրկ են այս բոլոր բարիքներից: Ինչո՞ւ են ոմանք լողում երջանկության ծովում, իսկ ուրիշները խեղդվում են թշվառության ճահճի խորքերում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։