ԳԼՈՒԽ Ժ. – ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ժ. – ՊԱՏՃԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«Յուրաքանչյուր էակ իր բավարար պատճառն ունի, կա՛մ իր մեջ, կա՛մ իրենից դուրս»:

Սա «բավարար պատճառի» ընդհանրական օրենքն է, ինչի անմիջական հետևանքն ու մասն է «Պատճառականության օրենքը», որն ասում է.

«Այն էակը, որն իր մեջ չունի իր լինելու [գոյության] պատճառը, պետք է մեկ ուրիշի մեջ ունենա այն»:

Պատճառականության այս օրենքը կարելի է բանաձևել նաև այսպես. «Յուրաքանչյուր արդյունք իր պատճառն ունի», և կամ ավելի ճշգրիտ՝ «Յուրաքանչյուր պատահական էակ իր պատճառն ունի»: Պատահական էակ ասելով հասկանում ենք այն էակը, որը կարող է լինել ու չլինել, որի լինելը իր էությանը չի պատկանում, որն իր լինելը [գոյությունը] մեկ ուրիշից է վերցրել:

Ուրեմն, «Պատճառականության օրենքի» համաձայն, այն ամենը, ինչն իր մեջ չունի իր բացատրությունը, պետք է բացատրվի ուրիշ էակով: Օրինակ՝ սենյակը տաք է. ո՞րն է տաքության պատճառը: Սենյակը չէ, անտարակույս, քանի որ այն չի կարող ինքնիրեն տաքացնել: Այսպիսով, սենյակը չէ տաքության պատճառը, անհրաժեշտ է, որ ուրիշից ստանա իր տաքությունը, այն է՝ վառարանից:

Մեկ ա՛յլ օրինակ. շեփորի ձայն եմ լսում: Շեփորն ինքնիրեն չի կարող ձայն հանել. ուրեմն, շեփորահարի ներկայությունն անհրաժեշտ է՝ շեփորի ձայնին բացատրություն տալու համար:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։