Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացություն

Այս բոլոր ասվածներից հետևում է, որ բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդներն էլ իրենց խորքում եղել են կրոնական:

«Այդ կրոնական զգացում ասվածը, ինչ էլ որ ասեն գիտունիկներից ոմանք, ամեն սրտի խորքում է: Այն ծնվել է մարդու հետ: Առաջին մարդը, որ սկսեց մտածել, ուներ այն, 19րդ դարի մարդն ունի այն, և վերջին մարդն ունենալու է այն»[1]:

Եվ ուրեմն, այս ընդհանրական երևույթը իր գոհացուցիչ բացատրության և պատճառի կարիքն ունի:

Անկարելի է, որ մարդկությունն իր ճնշող մեծամասնությամբ – մանավանդ թե՝ իր ամբողջությամբ – խաբված լինի նման կենսական հարցում: «Չի կարող սխալ լինել այն, դեպի ինչը բոլորին մղում է բնությունը»[2], ասում է Կիկերոնը:

Այս երևույթի միակ և տրամաբանական լուծումն իրական Աստծո գոյության ընդունումն է:

Ավետիս Ահարոնյանը հեթանոսական չաստվածների մասին խոսելիս հավելում է. «Ես հավատում եմ այն բեղմնավոր հոգուն, – Աստված անվանեցեք, – որն առատ, հզոր ու անդադրում ծփծփանք ունի բոլոր ժողովուրդների էության խորքերում և որն աղբյուրն է բոլոր արվեստների և բոլոր գեղեցկություների»[3]:

Յուրաքանչյուր մարդու բնության մեջ առկա կրոնական զգացումը սրտի հզորագույն խոյանքն է առ Աստված, Ով բացարձակ Տերն է Կյանքի ու Մահվան, և Ով արժանի է գերագույն սիրո և պաշտամունքի արտահայտությունների:

[1] Ռ. ՊԷՐՊԷՐԵԱՆ, Դաստիարակի մը խօսքերը, Վիեննա 1901, էջ 160.
[2] ԿԻԿԵՐՈՆ, De natura Deorum I, 18.
[3] Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ, Ժողովածու երկերի, հտր. Չորրորդ, Բոստըն 1946, էջ 323.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։