ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Գիտությունը, չնայած իր մեծաշռինդ գյուտերին, տակավին մանուկ է տիեզերքի ամպածրար խորհուրդների առջև:

«Փորձագետի յուրաքանչյուր հարցմանը գիտությունն անտարակույս մի պատասխան տալիս է, սակայն այդ պատասխանը քսան նոր հարցեր (խնդիրներ) է առաջացնում: Գիտությունն ամենից առաջ համեստության և անկեղծության դպրոց է»[1]:

Տիեզերքը լի է առեղծվածներով: Գիտությունը որքան էլ ընդարձակի իր հորիզոնները, միշտ նորանոր ու լայնածիր հորիզոններ պիտի բացվեն իր առջև: Տիեզերքի թաքուն գանձերը սպառելու համար անհունություն է պետք: Նյութի, ուժի, կյանքի շարժման, մարդկային մտքի ու սրտի անսահման տենչերի, ազատության, խղճմտանքի, մահվան ու մեղքի ծագումը և էությունը մեկական առեղծվածներ են, որոնց անդնդախոր հատակը լուսավորելու համար անզոր են գիտության լույսի ճառագայթները:

Գիտությունը կարող է դրանց մոտավոր և ենթադրական պատճառները մատնանշել, բայց ո՛չ երբեք՝ առաջին և վերջին պատճառը: Ֆրանսիացի հեղինակներից մեկն ասում էր. «Գիտությունը ենթադրությունների գերեզման է»[2]:

Տիեզերքի առեղծվածները լուծելու համար հարկավոր է ընդունել Գերագույն մի Էակի գոյությունը, որին մենք «Աստված» անունն ենք տալիս: Անհուն էակը միայն կարող է աղբյուրն ու վախճանը լինել ամեն էակի. այս անսպառ Աղբյուրի լույսով է միայն կարելի լուսաբանել տիեզերքի խորհուրդները: Աստվածային Արեգակի շողերի առջև միայն կարող են փարատվել բոլոր առեղծվածների ստվերները:

«Գիտության յուրաքանչյուր մշակ գիտի, որ անլուծելի խորհուրդներ կան: Միայն Գերագույն մի Էակի հավատքն է […] զորացնում մեզ՝ արիաբար մոտենալու կյանքի գաղտնիքների ուսումնասիրությանը»[3], ասում է անլար հեռագրի գյուտարար Մարքոնին (1874-1937):

«Բայց ո՞ւր է այդ Գերագույն Էակը, ո՞ւր է Աստված», պիտի գոչեն շատերը: «Ո՞վ է տեսել Նրան, կամ ո՞վ է լսել Նրա ձայնը։ Եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ Ինքն Իրեն ցույց չի տալիս մեզ, որպեսզի տեսնենք և հավատանք: Եթե Աստված արդար է, ինչպե՞ս է հանդուրժում, որ այսքա՜ն ակնբախ անիրավություններ գործվեն երկրի վրա. ինչո՞ւ է անօրենների ճամփան լի հաջողություններով, իսկ արդարներինը՝ փշոտ: Եթե Աստված բարի է, ինչո՞ւ է թույլատրում, որ թշվառությունը և ցավը ա՜յս աստիճան արցունք քամեն խեղճ մարդկության աչքերից: Ինչո՞ւ են այս զազրելի մահվան սրից ավելի շատ մատղաշ և անմեղ կյանքեր հնձվում, քան թե ամբարիշտ ու զառամած սրտեր: Ինչո՞ւ, ինչո՞ւ է մեղքը հաղթական իշխում բարության ու սրբության ավերակների վրա»:

Ահա՛ հարցումները, որոնք օրեցօր կուտակվում են՝ առանց գոհացուցիչ պատասխան գտնելու: Ահա՛ հարցումները, որոնք տանջում են նույնիսկ ճշմարտության ծարավ հոգիներին:

Ու մանավանդ մեր ծաղկող սերունդը, որ պետք եղած սննդարար հյութով չի սնուցվում ազգային վարժարանների մեջ ավանդված կրոնի անբավարար դասերի ընթացքում, օրեցօր թորշոմում է անաստվածության ու անբարոյականության շնչի տակ:

Մեր նպատակն է ներկա աշխատությամբ պարզ և ամենից մատչելի լեզվով պատասխանել վերոհիշյալ հարցումներին: Առանց ապավինելու Աստվածաշնչին ու Ավետարանին, այլ՝ միմիայն մտքի բնական լույսով, պիտի ապացուցենք Աստծո գոյությունը՝ բանականությանը հագուրդ տվող փաստերով:

Տրված ապացույցները պիտի կարողանան համոզել յուրաքանչյուրի բանականությանը, լինի նա հավատացյալ կամ անհավատ. որովհետև, ինչպես ամեն աչք տեսնելու համար է, այնպես էլ ամեն բանականություն ճշմարտությունը ճանաչելու համար է: Բոլոր ճշմարտություններն իրենք իրենց պարտադրում են մտքին, եթե նույնիսկ ազատ կամքը չի ուզում գլուխ խոնարհել նրանց առջև:

[1] A. D’ARSONVAL, Enquête sur sentiment religieux et la science, p. 27.
[2] CH. LEMAITRE, տե՛ս F. LELOTTE, La solution du problème de la vie, Paris 1948, p. 50.
[3] Տե՛ս Նույն, p. 50.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։