ՄՈԴԵՌՆԻՍՏԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ՄՈԴԵՌՆԻՍՏԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ

Քանթի հզոր ազդեցությամբ ի հայտ եկան զանազան տեսություններ, որոնք հայտնի են Մոդեռնիզմ (Modernisme) անվան տակ և բոլորն էլ պատկանում են սուբյեկտիվիզմի ուղղությանը:

Մոդեռնիստների զանազան կարծիքները կարող ենք բաժանել երեք հիմնական խմբերի:

 

1) Առաջին խմբին են պատկանում նրանք, ովքեր գտնում են, որ ենթական (սուբյեկտը) չի կարող ինքն իրենից դուրս գալ և ճանաչել արտաքին աշխարհը: Ուստի մեր իմացությունը սահմանափակվում է միայն մեր ներքին աշխարհով:

Սրանից բխում է երկու կարևոր հետևանք. ա) Աստված մեր ներսում է և ո՛չ թե դրսում. բ) Զգում ենք, որ Աստված բնակվում է մեր ներսում:

Մեր սուբյեկտիվ կարիքների մեջ կա նաև աստվածային կարիքը, կրոնական զգացումը, որը ոմանք անվանում են «Կրոնական փորձառություն»:

Այս զգացումը, որոշակի կերպով, սրտի աչքն է, որ ուղղակի Աստծո ներկայության գաղափարն ունի, Ում հետ հաղորդակցության մեջ է մտնում մեր սիրտը, և այս կերպ Աստծո գոյության անխորտակելի համոզումն է գոյացնում:

Այս կարծիքի ջատագովներն են Լիբերալ կոչվող բողոքականնները՝ Շլայերմախերը (1768-1834), Ալբրեխտ Ռիտչլը (1822-1889), Լուի-Օգյուսթ Սաբաթյեն (1839-1901), և այլոք:

Այս տեսությանը մոտ է Անրի Բերգսոնի (1859-1941) նոր փիլիսոփայությունը, որի հավատարիմ հետևորդն էր Էդուարդ Լը Ռուան (1870-1954): Վերջինս մեր ճանաչողության մասին ասում էր. «Մտքի բարձրագույն սկզբունքները [...] պատկանում են երևույթների աշխարհի ներքին օրենսդրությանը և անզոր են այդ աշխարհից այն կողմ անցնելու»[1]:

Իսկ իրական աշխարհի մասին Բերգսոնի պատկերացումն այսպիսին է. «Գոյություն ունեն փոփոխությունները, այլ ո՛չ թե իրերը, որ փոխվում են. փոփոխությունը հենակետի կարիք չունի»[2]:

Որպես սրա հետևանք՝ պետք է ընդունել, նրա համաձայն, որ Աստծուն չենք կարող հասնել՝ մեկնելով արտաքին աշխարհից, քանի որ արտաքին աշխարհում ո՛չ թե հաստատուն իրեր են, այլ միայն՝ սորուն փոփոխություններ: Աստծո «գոյությունը մեր մտածողության մեջ է»[3] միայն:

[1] E. LE ROY, Comment se pose le problème de Dieu, «Revue de Métaphysique et de morale», Mars et Juillet 1907, Paris, p. 143.
[2] H. BERGSON, Confer. d’Oxford, Paris, p. 24.
[3] E. LE ROY, Comment se pose le problème de Dieu, «Revue de Métaphysique et de morale», Mars et Juillet 1907, Paris, p. 482.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։