Մի պատմվածք – Գրադարան – Mashtoz.org

Մի պատմվածք

Արաբ պատմագիր Սիութին հետևյալ պատմությունն է պատմում.

Մի օր մի աթեիստ եկավ Հարուն Ալ Ռաշիդի մոտ և ասաց.

– Ո՜վ հավատացյալների իշխան, քո իշխանության տակ ապրող գիտունները գտնում են, թե աշխարհն Արարիչ ունի: Եվ ուրեմն, հրամայիր նրանցից ամենագիտունին գալ այստեղ, և քո ներկայությամբ նրա հետ վիճաբանեմ ու ապացուցեմ, որ աշխարհը Ստեղծող չունի:

Հարուն Ալ Ռաշիդը մարդ ուղարկեց Աբու Հանիֆայի մոտ, ով իմաստուններից ամենանշանավորն էր, և ասաց նրան.

– Ո՜վ հավատացյալների կրոնապետ, շտապ ե՛կ մոտս, որովհետև ամբարիշտ մի մարդ է եկել և ուրանում է Աստծո գոյությունը և քեզ էլ բանավեճի է հրավիրում:

– Կեսօրից հետո կգամ, – պատասխանեց իմաստուն Աբու Հանիֆան, բայց չգնաց Հարուն ալ Ռաշիդի մոտ:

Իշխանը ևս մեկ անգամ մարդ ուղարկեց իմաստունի մոտ, որպեսզի նրան շտապ արքունիք առաջնորդի:

Երբ իմաստունը հասավ պալատ, ուր հավաքվել էին մեծամեծները, աթեիստը շրջվեց և հարցրեց Աբու Հանիֆային:

– Ո՜վ Աբու Հանիֆա, ինչու՞ այսքան ուշացար:

– Հետևյալ տարօրինակ դեպքը դարձավ ուշանալուս պատճառը։ Քանի որ տունս Տիգրիս գետի մյուս կողմում է գտնվում, երբ մոտեցա գետին, որպեսզի նավակով այս կողմն անցնեմ, ափին կոտրված և կտորները ցիրուցան եղած մի նավակ տեսա: Հանկարծ այդ փայտի կտորները սկսեցին իրենք իրենցով մոտենալ իրար և, առանց հյուսնի, հիանալի մի նավակ կազմեցին: Սպասեցի, որ այդ գործընթացքը ամբողջանա, ապա նստեցի, գետն անցա և ահավասիկ այստեղ եմ:

– Տեսե՛ք, թե ի՛նչ ապուշ բաներ է ասում ձեր կրոնապետը, – ասաց աթեիստը իշխանին ու մեծամեծներին: – Մի՞թե ձեր կյանքում սրանից ավելի մեծ սուտ լսել էիք: Կոտրված նավակն ինչպե՞ս կարող է նորոգվել առանց ատաղձագործի:

– Ո՜վ անհավատ, – պատասխանեց Աբու Հանիֆան, – եթե նավակը չի կարող նորոգվել առանց ատաղձագործի, ապա այս տիեզերքն ինչպե՞ս պետք է առաջանար առանց Արարչի:

Այդ ժամանակ Հարուն ալ Ռաշիդը հրամայեց խստորեն պատժել աթեիստին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։