Պատահականությունը և կենդանի էակի կազմավորումը – Գրադարան – Mashtoz.org

Պատահականությունը և կենդանի էակի կազմավորումը

Վերցնենք որևէ կենդանի էակի միայն մեկ մոլեկուլը (molecule) և ենթադրենք, թե այդ մոլեկուլն ունի 2.000 ատոմ (atome). (իրականում մեկ մոլեկուլը կազմված է ավելի քան 4.000 ատոմից): Ենթադրենք նաև, որ այդ 2.000 ատոմները միայն երկու տիպի են:

Հարկավոր է ի նկատի ունենալ, որ յուրաքանչյուր կենդանի մոլեկուլում ատոմները շարված են հատուկ դիրքով և համաչափությամբ, այնպես՝ որ առաջին տիպի ատոմները հավաքված են մի կողմում, իսկ երկրորդ տիպինները՝ մյուս կողմում:

Եվ ահա՛, ֆրանսիացի գիտնականներից մեկը՝ Լըքոմթ Դյու Նուին[1] հաշվել է, որ, որպեսզի կենդանի մոլեկուլը պատահականությամբ ձևավորվի 2.000 ատոմներից անհրաժեշտ բաժանումներով ու համաչափությամբ, հարկավոր է, որ գոյություն ունենա աներևակայելի մի երկրագունդ, որի շառավղով պտտվելու համար լուսային 1.083 տարի պետք է պահանջվեր, այսինքն՝ այդ երկրագունդը միլիարդավոր անգամներ ավելի մեծ պիտի լիներ, քան ներկա տիեզերքի մեզ ծանոթ սահմանները:

Կա նաև ժամանակի հարցը: Համաձայն նույն ֆրանսիացի հեղինակի՝ ներկա տիեզերքից միլիարդավոր անգամներ մեծ երկրագնդի փոխարեն վերցնենք մեր երկրի ծավալով նյութի մի զանգված: Որպեսզի այս լայնածավալ նյութի մեջ գտնվող բազմամիլիարդ ատոմներից ձևավորվի մեր ուզած կենդանի մոլեկուլը, այն էլ՝ ատոմների անկատար համաչափությամբ, հարկավոր է 10.243 միլիարդ տարի: Մինչդեռ գիտական վերջին տվյալների համաձայն՝ երկրի վրա գտնվող կյանքը միայն 1,5 միլիարդ տարվա պատմություն ունի:

Մինչ այս դիտարկեցինք սոսկ պարզ մոլեկուլի պատահական կազմավորումը. ի՞նչ պիտի ասենք ապա բջջի (որում միլիոնավոր ատոմներ կան) կամ ամբողջական կենդանի էակի՝ պատահականությամբ կազմվելու մասին:

Մի՞թե ծիծաղելի չէ համարել, որ ընդարձակ քաղաքի շենքերի կառուցումը պատահականության արդյունք է, այն դեպքում, երբ միևնույն պատահականությունն անկարող է նույնիսկ կիսավեր խրճիթի պատերը նորոգել:

Մի՞թե անտրամաբանական ու անհեթեթ չէ ընդունել կենդանի մի էակի պատահական գոյությունը, երբ այդ կույր, ճակատագրական գոյությունն անկարող է ստեղծել կենդանի էակի մեկ չնչին մոլեկուլը:

Բայց երկրի վրա մեկ կենդանի էակ չէ, որ գոյություն ունի, այլ՝ միլիարդավոր:

Ավելի տրամաբանական է ընդունել, որ բոլոր օվկիանոսների, ծովերի ավազահատիկների քանակով տառեր, «պատահականությամբ» իրար հետ զարմանալի մի զուգադիպությամբ միանալով, աշխարհի բոլոր գրքերը կձևավորեն, քան «պատահականության» արդյունք համարել ծաղկավետ պարտեզը:

Եթե պարզ կոճակը, բարակ ասեղը կամ չնչին հուլունքը «պատահականության» արդյունք չեն կարող լինել, որքա՜ն ավելի՝ միևնույն պատահականության արդյունք չի կրող լինել անծայրածիր տիեզերքն իր զմայլելի ներդաշնակությամբ:

Խրիմյան Հայրիկն իր խոսքը պատեհապաշտներին ուղղելով՝ ասում է. «Իսկ դուք ովքե՞ր եք, որ Աստծո արդարության այս բոլոր վայելչությունները, դիպված եք համարում: [...] Երբ դուք հավատում եք, թե Եգիպտոսի չորս հազար տարվա հնության բուրգերը մարդկանց ձեռքով են խոյացել, ապա ինչպե՞ս եք դժվարանում հավատալ, թե Մասիսի և Հիմալայների բարձրությունը հորինողը բնության Ճարտարապետն է, և մենք նրան Աստված ենք կոչում»[2]:

Ինչպես տեսանք, պետք է ընդունել կա՛մ Աստծո գոյությունը, կա՛մ կույր պատահականությունը. միջանկյալ ճանապարհ չկա:

Աթեիստները, Աստծո առաջ չխոնարհվելու համար, նախընտրում են աչք փակել ճշմարտության լույսի առաջ և հայտնվում են ամենից դատապարտելի ու այլանդակ հակասությունների լաբիրինթոսում:

[1] Տե՛ս LECOMTE DU NOUY, L’homme devant la science, Paris (Flammarion) 1939.
[2] ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ, Ամբողջական երկեր, Նիւ Եորք 1929, էջ 225.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։