Պատասխան – Գրադարան – Mashtoz.org

Պատասխան

1) Նախևառաջ, չպետք է չափազանցել չարերի հաջողությունները, բարիների զրկանքը և բարիքների անհավասար բաշխումը:

Յուրաքանչյուր մարդու թե՛ արտաքին և թե՛, մասնավորապես, ներքին կյանքի փուլերին պետք է լիովին տեղյակ լինենք՝ ճշգրիտ դատաստան անելու համար չարերի երջանկության և բարիների դժբախտության մասին:

Որքա՜ն է սխալվում մարդը, երբ մեկի զեխ կյանքից ենթադրում է, թե նա իր կրծքի տակ երջանիկ սիրտ է կրում: Արտաքին ժպիտի ծիածանի ետևում շատ անգամ դառնության թաքուն ամպեր են կուտակվում։

 

2) Հաճախ, բարի համարվող մարդիկ լի են ապականության մաղձով, իսկ չար համարվողների անցյալը լի է բարի գործերով:

Քանիսնե՜րն են, որ գառնուկի մորթի հագած իսկական գայլեր են: Քանի՜ վարդագեղ ծաղիկների արտաքինի տակ թունաշունչ օձեր են ծվարել:

Յուրաքանչյուր մարդ ինքն իրեն արդար է կարծում, իսկ դիմացինին՝ մեղավոր: Ամեն ոք իր ցավերը խոշորացույցով է դիտում, միշտ դժբախտ է համարում ինքն իրեն, իսկ ուրիշներին՝ բախտի անբաժան ընկերներ:

 

3) Կյանքում բարիքներ ու չարիքներ կան, որոնք բոլորի վրա հավասարապես են տարածվում: Գարնանային թարմագեղ օդը բոլորին է քաղցր վայելք պատճառում: Հիվանդություններից, պատերազմներից առաջ եկած տառապանքները խտրություն չեն դնում բարիների ու չարերի միջև:

 

4) Պետք է, մասնավորապես, ընդգծել, որ մեր դժբախտությունների գլխավոր պատճառը շատ անգամ մենք ենք և ո՛չ թե նախախնամությունը:

Այցելենք որևէ հիվանդանոց: Այնտեղ տվայտվող հիվանդներից շատերն իրենց անխոհեմության կամ իրենց նողկալի ախտերի զոհն են:

Տունը հրդեհվել է: Ո՞վ է հանցավորը. Աստվա՞ծ, թե՞ նա, ով իր անխոհեմությամբ հրդեհի պատճառ է դարձել:

Պատերազմի փոթորիկը պայթում է հանկարծ: Քաղաքները դժոխքի կամ սպանդանոցի են վերածվում ռումբերի տարափի ներքո: Ո՞վ է մեղավորը. նախախնամությո՞ւնը, թե՞ մարդկային չարությունը:

Փոխանակ որևէ դժբախտության պատճառը Աստծուն վերագրելու, ճանաչենք մեր հանցանքը:

 

5) Եղած բարիքների՝ մարդկանց միջև անհավասար բաշխումը շատ անգամներ անհրաժեշտ է հասարակական կյանքի համար:

Եթե ամեն ոք թագավորական կյանքով ապրեր, ո՞վ պիտի մշակեր դաշտերն ու դարմաներ կենդանիներին, որոնք մեր սննդի երկու բեղուն ակունքներն են:

Եթե ամեն մարդ ուզենար բարձրագույն և հանգստավետ պաշտոններ վարել (բարձրագույն պաշտոններն հանգստավետ են կարծվում, բայց իրականում այդպիսին չեն և լի են մտատանջություններով ու խղճի խայթով), ո՞վ հանձն պիտի առներ փողոցի մաքրությունն անել, ո՞վ պիտի զբաղվեր գեղեցիկ արհեստներով (որոնք շատերի նախանձն են շարժում և հոգեկան իրական գոհունակություն են պարգևում մարդու հոգուն, քանի որ մասնակցություն են Աստծո ստեղծագործ հանճարին):

Կամ եթե մի պատանի ծույլ է և չի ցանկանում ուսանել, կամ պարտաճանաչ չէ, կամ լավ չի կատարում իր գործը, որակ չի ապահովում և, հետևաբար, բարձր պաշտոնի չի հասնում, դրա համար է՞լ է Աստված մեղավոր։ Կան նաև հոգիներ, որոնք անհավասարակշիռ են, տրվում են անուրջների, ցնորքների, կտրվում են երկրային իրականությունից, փակվում են իրենք իրենց մեջ, կրավորական դիրքորոշմամբ սպասելով, որ հաջողությունը ինքը կգա իրենց դուռը բախելու ... ։

 

6) Ավելացնե՞նք նաև, որ անօրենների ու հարուստների հաջողությունը և երջանկությունը սովորաբար միայն արտաքին երևույթ ունեն, իսկ նրանց խորքում անհուն դատարկություն է տիրում: Իսկ արդարները, անգամ հալածանքների ու տառապանքների մեջ, սրտի անհուն անդորր են վայելում:

Չդիտենք միայն մարդկանց արտաքինը, այլ նաև՝ սիրտը: Սրտի մեջ միայն կարող է վառվել ճշմարիտ երջանկության բոցը: Վիճակագրական անվիճելի փաստ է, որ հոգեկան հիվանդություններն ու ինքնասպանությունները անհամեմատ ավելի շատ են հարուստ ու հղփացած երկրներում։

 

7) Եվ ի վերջո, չպետք է ի նկատի ունենալ միայն ներկա, երկրավոր կյանքը, այլ նաև՝ հանդերձյալը, որ հավիտենական է:

Եթե գետնաքարշ սողունի նման տիղմերի միջից աշխարհը դիտելու փոխարեն բարձրաթռիչք արծվի պես երկնքից դիտենք այն, այդ ժամանակ մեր մտքի հորիզոնները կընդլայնվեն ու նոր աշխարհներ կբացվեն մեր առաջ:

Ահա՛ այսպիսի համապարփակ հայացք նետելով մենք պիտի տեսնենք, որ մարդկային կյանքը կարճատև մի փորձաշրջան է երկրի վրա, ինքնակերտման ճանապարհ, ուր ամեն ոք քաջաբար կռվելուց, դարբնի նման իր իսկ անձը կոփելուց ու ձևավորելուց հետո է միայն, որ արժանի պետք է լինի փառքի անթառամ պսակին:

Այն ժամանակ մենք պիտի համոզվենք, որ մահը վերջակետ չէ, այլ՝ հավիտենական նոր կյանքի դուռ:

Բայց հավիտենության կողքին ի՞նչ է այս ժամանակավոր կյանքը, եթե ո՛չ՝ մի ակնթարթ միայն: Երկնային անհուն երջանկության կողքին ի՞նչ են երկրային հաճույքներն ու ցավերը, եթե ո՛չ՝ ցնդող ու աչք ցավացնող ծուխ:

Վերոհիշյալ դժվարությանը մենք կարող ենք գոհացուցիչ լուծում տալ միայն հավիտենական կյանքի լույսով:

Այո՛, երկրի վրա չարերի ճամփան երբեմն լի է վարդերով (ծակող փշերով հանդերձ), իսկ արդարներինը՝ փշերով (կակտուսի նմանվող գեղատեսիլ ծաղիկներով հանդերձ): Բայց այդ ճանապարհները միայն երկրի վրայով չեն սահմանափակվում, ձգվում են մինչև հավիտենություն, ուր արդար ու անկաշառ Դատավորը սպասում է՝ բազմած Իր գահին: Այդ գահի առաջ ներկայանալու է յուրաքանչյուր անհատ մարդ՝ բեռնված իր բարիքներով ու չարիքներով:

Միայն այնտեղ է իր լուծումը գտնելու ցանկացած գաղտնիք, միայն այնտեղ է ճշգրտորեն կշռվելու ամեն գործի իսկական արժեքը:

Այնտեղ է, դարձյալ, որ չարը խավարի նման պիտի հալածվի աստվածային լույսից և պիտի բանտվի դժոխքի հավերժական աղջամուղջում, իսկ բարին պիտի միանա Գերագույն Բարությանը:

Այն ժամանակ պիտի ցրվեն աստվածային Արեգակը ծածկող ամպերը, և պիտի տեսնենք Աստծուն ինչպես որ Է:

Մարդկային տկար միտքը, զորացած աստվածային լույսով, պիտի կարողանա սևեռել իր նայվածքը այն արևաշող Ճշմարտությանը, որի մեջ միատեղ ճառագայթում են բոլոր ճշմարտություններն ու գեղեցկությունները:

Մարդկային կամքը, գտնելով իր Առարկան, որին ձգտում էր երկրի վրա, պիտի փարվի Նրան անբաժանելի սիրով:

Եվ ահա՛ այսպես, ամբողջական մարդը, իր մտքով ու կամքով, հասնելով այն նպատակին, որի համար ստեղծվել էր, պիտի գտնի իր խաղաղությունը Երջանկության անհուն գրկի մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։