ՍՈՒՐԲ ԹՈՎՄԱ ԱՔՈՒԻՆԱՑՈՒ ՀԻՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ՍՈՒՐԲ ԹՈՎՄԱ ԱՔՈՒԻՆԱՑՈՒ ՀԻՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Վերոհիշյալ հինգ ճանապարհներն էլ ունեն միևնույն կառույցը:

1) Սրանց բոլորի մեկնակետն է իրական ու զգայական իրողությունը:

Առաջին ճանապարհի մեկնակետն է տիեզերքի մեջ գտնվող «էակների շարժումը» և «փոփոխությունը»:
Երկրորդի մեկնակետն են «իրարից ուղղակի կախում ունեցող պատճառները»:
Երրորդի մեկնակետն են բոլոր «պատահական էակները», որոնք իրենց մեջ չունեն իրենց գոյության պատճառը, այլ՝ մեկ ուրիշից են ստանում այն:
Չորրորդի մեկնակետն են աշխարհում «էակների աստիճանավոր կատարելությունները»:
Հինգերորդի մեկնակետն է տիեզերքում գործող «կարգուկանոնը»:

2) Այս հինգ ապացույցների հիմքն է «արդյունքը», որն ունի իր պատճառը:

3) «Իրար ենթակա (իրարից կախյալ) պատճառները» չեն կարող անվերջանալի լինել: Իրականության մեջ տեսնում ենք, որ ամեն էակ շարժվում է [իր շարժումը ստանում է] ուրիշից, գոյություն է ստանում ուրիշից և մեկ ուրիշին է փոխանցում այն, ինչ ստանում է ուրիշից: Յուրաքանչյուր էակ ո՛չ թե իր ունեցածը, այլ՝ մեկ ուրիշից ստացածն է փոխանցում ուրիշին: Սակայն, մարդկային ողջմտությունն ուզում է, որ մենք հասնենք մի առաջին պատճառի, որն ուրիշից չի ստանում, այլ՝ ինքն է իր ունեցածը տալիս ուրիշին:

Հաջորդ էջերում մանրամասնորեն կանդրադառնանք վերոնշյալ ճշմարտություններին:

4) Հինգ ճանապարհներն էլ, վերջ ի վերջո, հասնում են առաջին մի պատճառի, այսինքն.

ա. «Առաջին շարժողին», որն ուրիշ մեկից չի շարժվում, այլ՝ ինքն է շարժում ուրիշին.
բ. «Առաջին պատճառին», որից կախված են իրար ենթակա (իրարից կախյալ) մյուս պատճառները.
գ. «Առաջին անհրաժեշտ էակին», որն իր գոյությունն ուրիշ մեկից չի ստանում, այլ՝ ինքն է գոյություն տալիս բոլոր պատահական էակներին.
դ. «Առաջին ամենակատարյալ էակին», որից բոլոր արարածները ստանում են իրենց սահմանափակ կատարելությունները.
ե. «Իմաստուն և ամենակարող էակին», որ սահմանել է տիեզերքի կարգուկանոնը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։