Վերջաբան Երկրորդ մասի – Գրադարան – Mashtoz.org

Վերջաբան Երկրորդ մասի

Եվ ահա՛ այսպես, թե՛ արտաքին աշխարհը և թե՛ մեր ներաշխարհը անուրանալի ապացույցներով փաստում են Աստծո գոյությունը:

Տիեզերքը համակ օրհնություն է իր Արարչին: «Աստված է թագավորների Թագավորը: Արևն Իր թագն է, իսկ Իր աթոռն աստղերի վրա է դրված: Ինքն է հրամայում մեզ, որ ապրենք, [...] Իր իշխանությունը տիրում է ողջ աշխարհի վրա, Իր երեսի լույսը բոլոր արարածների վրա է տարածվում»[1]:

Տիեզերքի բոլոր էակներն իրենց Արարչի անգիտակից փառաբանողներն են:

Գիտակից և ազատ մարդու սիրտն է, սակայն, բնության մեծ Քնարի ամենաքաղցրաթրթիռ լարը:

Միայն մարդն է կարող իր Արարչին արժանավայել փառք ստեղծել:

Մեր սրտից բռնկված աստվածային սիրո մի բոցն ավելի փառք է տալիս Աստծուն, քան երկնքի սիրտն այրող բոլոր աստղերը:

Յուրաքանչյուր ոք ո՛չ միայն կարող է, այլ՝ պետք է սիրի իր Արարչին ամենաջերմ սիրով:

Ամեն բանից վեր և ամեն բանից առաջ Աստված է մեր սիրո գլխավոր առարկան և միակ երջանկությունը:

Աստծո և մեր միջև եղած հարաբերությունները կոչվում են «Կրոն»:

Աղոթքը կրոնի լավագույն արտահայտություններից մեկն է:

Աղոթքով մենք խոսում ենք Աստծո հետ:

Աղոթքով ցույց ենք տալիս մեր որդիական հպատակությունն ու հարգանքը Աստծուն, աղոթքով փառք ենք տալիս Աստծուն:

«Մի՞թե ամեն ինչ չի աղոթում այստեղ։ [...] Ստույգ չէ՞, որ ամեն ինչ սարսռում է, արտասվում ու պաղատում: Եվ միայն մա՞րդը չպիտի աղոթի, մարդը, որի վրա հարձակվում են աղետները, որը բնության մեջ անժառանգ լինելով՝ միայն ինքն է, որի մխիթարությունը, հույսն ու մեծությունն է՝ խոսել Աստծո հետ»[2]:

Այո՛, մարդու մեծագույն մխիթարությունն ու վեհությունը աղոթքի մեջ է:

Մարդն իրապես մեծ է այն ժամանակ, երբ ծնրադրած աղոթում է: Մարդն ամենից ավելի՝ սիրավառ աղոթքով է մերձենում Աստծուն, որ Աղբյուրն է կյանքի, սիրո և երջանկության:

[1] ԱԼԻՇԱՆ, Ցոյցք Աստուծոյ, Վենետիկ 1895, էջ 19.
[2] Գ. ՕՏԵԱՆ, Գոհարներ, Կ. Պոլիս 1931, էջ 70.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։