Ա՛յլ առարկություններ – Գրադարան – Mashtoz.org

Ա՛յլ առարկություններ

Մինչև անցյալ դարի սկիզբը որևէ լուրջ բանասեր հիմնավորված ոչ մի տարակույս առաջ չէր քաշել, թե չորրորդ Ավետարանը Հովհաննես Առաքյալի գրչին չի պատկանում։

1820 թվականին Կառլ Բրետշնայդերը[1] մերժեց ընդհանուր տարածված տեսակետը[2]։

Սակայն նրա ժամանակակից բանասերները հերքեցին վերոհիշյալ ուսումնասիրողի կարծեցյալ փաստարկությունները, և ինքն էլ հետ կանգնեց իր հայտնած թյուր գաղափարներից։

Բայց արդեն մեջտեղ նետված կասկածի սերմը սկսեց արմատ նետել, և արդի բանասերներից ոմանք շարունակեցին մերժել չորրորդ Ավետարանի հեղինակությունը Հովհաննես Առաքյալին ընծայել։

Տեսնենք այդ առարկություններից ոմանք.

ա) Իրենեուսի բերած վկայությունը մեծ արժեք չի ներկայացնում, քանի որ նա արժանահավատ պատմիչ չի եղել։

բ) Իրենեուսն ասում է, թե Պապիասն աշակերտել է Հովհաննես Առաքյալին, բայց սա սխալ է, քանի որ Եվսեբիոսի[3] համաձայն՝ Պապիասն իր գրած հինգ գրքերի առաջաբանում միայն երկու անգամ է հիշատակում Հովհաննես անունը, որոնցից մեկը Հովհաննես Առաքյալն է, իսկ մյուսը՝ Հովհաննես Երեցը։

Պապիասն այս վերջինին է աշակերտել, այսինքն՝ Հովհաննես Երեցին, և ո՛չ թե Հովհաննես Առաքյալին։

գ) Իրենեուսը միևնույն սխալն է գործում՝ Պողիկարպոսին Հովհաննես Առաքյալի աշակերտ նկատելով։ Պողիկարպոսից մեզ մի նամակ է հասել՝ ուղղված փիլիպպեցիներին։ Արդ, թե՛ այս նամակում և թե՛ նրա մարտիրոսագրության մեջ Հովհաննես Առաքյալի մասին ոչ մի հիշատակություն չենք գտնում։

 

Պատասխան

Թեև ճիշտ է, որ փիլիպպեցիներին ուղղված նամակում Պողիկարպոսը չի հիշատակում Հովհաննես Առաքյալի անունը, սրանից, սակայն, չի կարելի եզրակացնել, թե Պողիկարպոսն Առաքյալին ծանոթ չի, քանի որ հայտնի մեջբերումներ ունի Հովհաննես Առաքյալի Առաջին և Երկրորդ նամակներից, և իր շոշափած նյութն էլ վերցվել է Հովհաննես Առաքյալի Ավետարանից։

Եթե Իրենեուսը սխալվել է՝ Պապիասին Հովհաննեսի աշակերտ կարծելով, ապա սրանից չի հետևում, որ նա սխալվել է նաև Պողիկարպոսին էլ միևնույն Առաքյալի աշակերտ նկատելով։

Իրենեուսը Պապիասի մասին գրածները վերցրել է հենց իր՝ Պապիասի գրությունից։ Մինչդեռ Պողիկարպոսի մասին գրածներն իր անձնական հուշերն են, որ մեզ է փոխանցում։

Իրենեուսը մի նամակ է գրել իր մանկության ընկերոջը՝ Ֆլորինոսին, որի հետ միասին աշակերտել է Պողիկարպոսին։

Ահա՛ այդ նամակում է, որ Իրենեուսը գրում է. «Արդարև, երբ փոքր էի, քեզ տեսել եմ ստորին Ասիայում, Պողիկարպոսի մոտ»[4]։

Արդ, եթե Իրենեուսն իրապես աշակերտած չլիներ Պողիկարպոսին, այսքան վստահությամբ չպիտի կարողանար վերևում նշված տողերը գրել իր մանկության ընկերոջը՝ Ֆլորինոսին։

Ինչ վերաբերվում է Պապիասի կողմից հիշատակված երկու Հովհաննեսներին, ապա եթե նույնիսկ այսօրվա մի շարք բանասերների նման ընդունենք Հովհաննես Առաքյալից բացի մի ուրիշ Հովհաննես Երեցի գոյությունը, նույնիսկ այդ դեպքում չի կարելի ժխտել, որ Իրենեուսը Պողիկարպոսին աշակերտել է և նրանից է քաղել այն վկայությունը, թե չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է։

[1] Կառլ Գոթթլիբ Բրետշնայդեր (Karl Gottlieb [Carolus Theophylus] Bretschneider; 1776-1848), գերմանացի բողոքական աստվածաբան
[2] Carolus Theophylus Bretschneider, Probabilia de Evangelii et Epistolarum Joannis Apostoli indole et origine eruditorum judiciis modeste subjectis, Leipzig 1820.
[3] Եվսեբիոս, Եկեղեցական պատմություն, 3, 29, 16.
[4] Նույն, 5, 20, 4-7.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։