Առաջին Ավետերանի հունարեն խմբագրությունն ավելի ուշ է տեղի ունեցել, քան Մարկոսի Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Առաջին Ավետերանի հունարեն խմբագրությունն ավելի ուշ է տեղի ունեցել, քան Մարկոսի Ավետարանը

Եկեղեցին և նրա առաջին քրիստոնյա մատենագիրները չորս Ավետարանների միջից կարծես թե նախապատվությունն ավելի Մատթեոսի Ավետարանին են տալիս՝ այն ավելի կատարյալ և հավասարակշիռ համարելով, նրանում տրամաբանական մի կանոն գտնելով, որն, ինչպես նշում է Պապիասը[1], պակասում է Մարկոսի Ավետարանում։

Երկար դարեր Մատթեոսի հունարեն Ավետարանը այն տեսքով, որ մեզ է հասել, համարվեց չորս Ավետարաններից ամենահինը և նույն հեղինակի կողմից արամայերեն լեզվով գրված Ավետարանի ամբողջական թարգմանությունը, որ նաև իբրև աղբյուր է ծառայել մյուս Ավետարանների համար։

Ընդհանրապես համարվում էր, թե Մարկոսն իր Ավետարանը գրելիս աչքի առջև է ունեցել Մատթեոսի՝ մեզ ծանոթ Ավետարանը և նրանից օգտվելով է գրել իր Ավետարանը։

Վերջերս, սակայն, Աստվածաշնչի մասնագետներից շատերը Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները հանգամանորեն ուսումնասիրելուց հետո զանազան փաստերով ցույց տվեցին, որ ո՛չ թե Մարկոսը, այլ՝ Մատթեոսի Ավետարանի հունարեն խմբագրողն է օգտագործել Մարկոսի Ավետարանը, և հետևաբար՝ երկու ավետարանագիրներն էլ օգտվել են իրենցից առաջ գոյություն ունեցող ա՛յլ աղբյուրներից։

Ազատական (լիբերալ) կոչվող բանասերներից ոմանք ասում են, թե առաջին Ավետարանի հունարեն խմբագրողը գլխավոր երկու աղբյուրներ է ունեցել։ Առաջինը Մարկոսի Ավետարանն է, իսկ երկրորդը՝ մեզ անծանոթ մի աղբյուր, որին «Q» անունն[2] է տրվել։

Ա՛յլ բանասերների համաձայն՝ առաջին Ավետարանի հունարեն խմբագրողը ո՛չ թե երկու, այլ շատ ավելի՝ Q1, Q2 , Q3 և ա՛յլ, իր տրամադրության տակ եղած, մեզ անծանոթ աղբյուրներ է ունեցել։

Անժխտելի է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարանները թե՛ խորությամբ և թե՛ լեզվով սերտ նմանություններ ունեն իրար հետ։

Մատթեոսի Ավետարանը պարունակում է Մարկոսի Ավետարանում գտնվող գրեթե բոլոր պատմությունները։ Մարկոսի շուրջ 675 համարներից միայն մոտ 40-ի չափ համարներ են պակասում Մատթեոսի Ավետարանում։

Երկու Ավետարաններում գտնվող այս նմանությունները բացատրելու համար բավական չէ ասել, որ դրանց հեղինակներն օգտագործել են Հիսուսի մասին գոյություն ունեցող բերանացի ավանդությունը։

Բազմաթիվ մասնագետների համաձայն՝ բավական չէ ասել նաև, թե առաջին Ավետարանը խմբագրողն ու Մարկոսն իրենց Ավետարանները գրելիս աչքի առջև արամայերեն լեզվով գրված մի Ավետարան են ունեցել։

Առաջին և երկրորդ Ավետարանների միջև գոյություն ունեցող ոճի և լեզվի նմանությունների գոհացուցիչ բացատրություն տալու համար մի շարք բանասերների համաձայն՝ հարկավոր է ընդունել, որ երկու Ավետարաններն իրարից անմիջական կախումնավորություն ունեն. այսինքն՝ կա՛մ երկու ավետարանիչներն իրենցից առաջ գոյություն ունեցող հունարեն մի Ավետարան են օգտագործել, կա՛մ էլ, ավելի ճիշտ, երկուսից մեկը պարզապես օգտվել է մյուսից։

Նախկինում, ընդհանրապես կարծում էին, թե Մարկոսն է, որ լայնորեն օգտվել է Մատթեոսի հունարեն Ավետարանից, մինչդեռ այսօր բազմաթիվ մասնագետների կարծիքով Մատթեոսի անվամբ մեզ հասած հունարեն Ավետարանն է, որ գրվել է Մարկոսի հետևողությամբ, ա՛յլ խոսքով ասած՝ մեզ հասած չորս Ավետարաններից Մարկոսի գրածն ամենավաղ Ավետարանն է։

Իբրև փաստ՝ արդի քննադատները դիտել են տալիս, թե Մարկոսի լեզուն թեև բնական է, պարզ և ինքնաբուխ, բայց անհարթություններով ու անճշտություններով լի՝ ավելի նախնական լեզու է։ Մինչդեռ Մատթեոսի հունարեն Ավետարանում այդ անճշտությունները սրբագրված են, լեզուն ավելի խնամված է ու հղկված։

Մարկոսի պատմելու ոճն ավելի անմիջական, ավելի կենսունակ ու իրապաշտ է, մինչդեռ Մատթեոսի ոճը տափակ է ու չոր, ավելի հետևող է, քան ինքնաբուխ։

Սրանից բացի, Մատթեոսի հունարեն Ավետարանում զանազան տեղեր կրկնություններ կան։ Օրինակ, Հինգերորդ գլխում գրված է.

«Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. որովհետև քո համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, և ամբողջ մարմինդ չընկնի գեհեն։ Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. որովհետև քո համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, և ամբողջ մարմինդ չընկնի գեհեն»[3]։

Բացե՛ք այժմ Տասնութերորդ գլուխը, որի 8-9 համարներում գրեթե բառ առ բառ նույնն է կրկնում։

Նմանապես, Հինգերորդ գլխում գրում է. «Իսկ ես ձեզ ասում եմ. Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում. և ով որ արձակվածին է առնում, շնանում է»[4]։

Վերոհիշյալ տողերն էլ կրկված են Տասնութերորդ գլխի 9րդ համարում։

Այս կրկնությունները մեզ մտածել են տալիս, որ առաջին Ավետարանը խմբագրողը, մեկից ավելի աղբյուրներ ունենալով, որոնց թվին շատ հավանաբար կարելի է դասել նաև Մարկոսի Ավետարանը, միևնույն խոսքը երկու տարբեր աղբյուրներից է վերցրել և իր Ավետարանում տարբեր գլուխներում է զետեղել։

 

* * *

 

Ցույց տալու համար, թե Մատթեոսի հունարեն Ավետարանն ավելի ուշ է գրվել, քան Մարկոսինը, արդի բանասերները նաև ներքին փաստեր ունեն։

Այս ներքին փաստերից ոմանք կայանում են այն իրողության մեջ, որ Մատթեոսի և Մարկոսի կողմից ներկայացված իրար նման մի շարք բացատրություններ, ավելի բնական և ավելի հարմար ձևով գործածվել են Մարկոսի, քան թե Մատթեոսի Ավետարանում։

Օրինակով խոսենք։ Առաջին Ավետարանի հունարեն խմբագիրը գրում է. «Եվ նավակ մտնելով՝ Հիսուսն անցավ ծովի մյուս կողմը. և եկավ իր քաղաքը։ Եվ ահա՛ Նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով՝ ասաց անդամալույծին. ''Քո մեղքերը քեզ ներված են''»[5]։

Նույն դեպքը Մարկոսը հետևյալ կերպ է պատմում. «Եվ եկան Նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին տանում էին չորս հոգով։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան երդիկը, ուր գտնվում էր նա, և բացելով առաստաղը՝ իջեցրեցին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուսը, տեսնելով նրանց հավատքը, անդամալույծին ասաց. ''Որդյա՜կ, քո մեղքերը քեզ ներված են''»[6]։

Արդ, «Հիսուսը, տեսնելով նրանց հավատքը» բացատրությունն ավելի բնական է, ավելի իմաստ ունի Մարկոսի նկարագրության մեջ։ Մատթեոսի Ավետարանում անդամալույծին պարզապես Հիսուսի առջև են դնում, այս արարքում հավատքի ոչ մի մատնացուցում չկա։ Մինչդեռ Մարկոսի նկարագրության մեջ մարդիկ տանիքն են քանդում և մեծ տանջանքով հիվանդին առաստաղից այն սենյակն են իջեցնում, որտեղ Հիսուսն էր գտնվում. այս պարագայում՝ բացառիկ և զարմանալի է դառնում անդամալույծին բերողների հավատքը։

Նման մի օրինակ կարող էինք բերել նաև այն դիվահարի պատմությունից, որտեղ նկարագրվում է, թե դիվահարի մեջ գտնվող դևերը գնում, երկու հազար խոզերի մեջ են մտնում, և դրանք ծով են թափվում։

Մարկոսի Ավետարանում դյուրավ ըմբռնելի է դևերի՝ երկու հազար խոզերի մեջ մտնելը, քանի որ Մարկոսը հայտնի կերպով է շեշտում դևերի՝ բազմաթիվ լինելը. «Լեգեոն է անունս, որովհետև շատ ենք»[7]։

Նկատելի է նաև, որ առաջին Ավետարանում դեպքերի հերթականությունը, 14րդ գլխից հետո մեծամասամբ նման է Մարկոսի Ավետարանին, (6, 14 և հաջորդ), բացի Տաճարում առևտուր անողների և թզենու նկարագրություններից։

Այս և նման ներքին փաստերով արդի գիտնականների մեծամասնությունն ընդունում է, թե Մատթեոսի հունարեն Ավետարանը գրվել է Մարկոսի Ավետարանից հետո։

[1] «Մարկոսը, որ Պետրոսի թարգմանիչն է եղել, ճշմարտապես գրեց, բայց ո՛չ հերթով, Տիրոջ խոսքերն ու գործերը»։ Տե՛ս Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Գ., էջ 231։
[2] Q տառը գերմաներեն Quelle = աղբյուր բառի առաջին տառն է։
[3] Մատթեոս 5, 29-30
[4] Մատթեոս 5, 32
[5] Մատթեոս 9, 1-2
[6] Մարկոս 2, 3-5
[7] Մարկոս 5, 9
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։