Առերևույթ հակասություններ – Գրադարան – Mashtoz.org

Առերևույթ հակասություններ

Ասեցինք, որ չորրորդ Ավետարանում, հավելվածներից և նյութերի հերթականության պակասից բացի, նաև երևում են արտաքսապես իրար հակասող նկարագրություններ, կրկնություններ և այլն։

Մի քանի օրինակներ տանք։

Երրորդ գլխում գրված է. «Աշակերտները Հովհաննեսի մոտ եկան և ասացին. – Ռաբբի, նա, որ քո հետ էր Հորդանանի մյուս կողմում, ... ահա՛ նա էլ է մկրտում»[1]։

Իսկ Չորրորդ գլխում գրված է, թե «Հիսուսն Ինքը անձամբ չէր մկրտում»[2]։

Տասներեքերորդ գլխում Պետրոսը Հիսուսին հարցնում է. «Տեր, ո՞ւր ես գնում»[3], իսկ Տասնվեցերորդ գլխում Հիսուսը զարմանում է, թե ինչո՞ւ աշակերտներից որևէ մեկն Իրեն չի հարցնում, թե Ինքն ո՛ւր է գնում. «Ձեզնից ո՛չ մեկը չհարցրեց, թե՝ ո՞ւր ես գնում»[4]։

Հավելենք նաև, որ չորրորդ Ավետարանում կան նաև ինչ-ինչ հատվածներ, որոնք մյուս երեք Ավետարաններից վերցված լինելու տպավորություն են թողնում, օրինակ՝ 12, 25; 13, 16.20; 20, 23; և այլն[5]։

Վերոհիշյալ երևույթներն աչքի առջև ունենալով՝ մի շարք հեղինակներ եզրակացնում են, թե չորրորդ Ավետարանն ուղղակիորեն Հովհաննես Առաքյալի գրչին չի պատկանում։

Ահա՛ նրանց պատճառաբանությունը. «Եթե չորրորդ Ավետարանն ուղղակիորեն Հովհաննեսի գրչին պատկաներ այնպես, ինչպես մեզ է ներկայանում իր ներկայիս ձևով, հեղինակը վստահաբար պիտի խուսափեր կրկնություններից, բնագրային տեղափոխություններից, և այլն»[6]։

Ռեյմոնդ Բրաունն[7] իր հերթին, չի կարողանում հավատալ, թե գալիլեացի մի Առաքյալ, ով միայն եբրայական դաստիարակություն ուներ, կարող էր գրչի մի հարվածով չորրորդ Ավետարանը գրել։ Նրա համաձայն՝ Հովհաննես Ավետարանչի առաջին շրջանի քարոզությունը համառոտ հատորներում է գրի առնված։ Երկար տարիներ հետո է, որ Հովհաննես Առաքյալը մտածել է դրանք մի ընդարձակ հատորի մեջ հավաքել։ Ապա, իր Ավետարանը հունարենի վերածելու համար ընտրել է հելլենական լեզվի ու մշակույթի հմուտ մի աշակերտ, ով հավանաբար հրեական ծագում ուներ, և նրան է հանձնել այդ գործը։

Բրաունը, շարունակելով իր ենթադրությունները, ավելացնում է նաև, որ, շատ հավանաբար, աշակերտը դեռ չէր ավարտել իրեն հանձնարարված պարտականությունը, երբ մահացել է Հովհաննես Առաքյալը՝ առանց վերանայելու և չորրորդ Ավետարանին վերջնական մի ձև տալու[8]։

Ռուդոլֆ Շնակենբուրգը[9] ևս համարում է, որ չորրորդ Ավետարանն ուղակիորեն Հովհաննես Առաքյալի կողմից չի գրվել, այլ՝ կազմվել է նրա քարոզներից, որոնք իրենց գլխավոր մասերի մեջ հայտնի էին Առաքյալի անվամբ։ Նրա աշակերտներն իրենց ուսուցչից մնացած այս բանավոր ժառանգությունը հավաքելով, իրենց կողմից այն ճոխացնելով՝ Հովհաննեսի՝ «Հիսուսի սիրելի աշակերտի» անվան տակ հրատարակել են չորրորդ Ավետարանը։

Շնակենբուրգն ընդգծում է չորրորդ Ավետարանի բանավոր ավանդության կարևորությունը, որն իր կազմավորման ընթացքում շփումներ է ունեցել Մարկոսի և Ղուկասի ավանդությունների հետ։ Սրանից են առաջ եկել այն նմանությունները, որոնք հանդիպում են վերջին Ավետարանի և Մարկոսի ու Ղուկասի Ավետարանների միջև։

Սույն տրամաբանությամբ՝ Հովհաննես Առաքյալը հեղինակն է չորրորդ Ավետարանի, ո՛չ որպես ուղղակի շարադրող ու գրող, այլ՝ որովհետև «նրան են պատկանում չորրորդ Ավետարանի բովանդակությունը, վարդապետությունը, առաքելական ավանդությունը, գաղափարի ինքնատիպությունը»[10]։

Կարելի է ընդունել, որ Հովհաննես Առաքյալն իր Ավետարանը նախ տարբեր վայրերում է քարոզել (Պաղեստին, Անտիոք, Փոքր Ասիա) և իր քարոզածները զանազան ընդհատումներով գրի է առել տարբեր ժամանակահատվածներում։ Սրանից կարող են առաջ եկած լինել այդ կրկնությունները, առերևույթ հակասությունները, ոստումները և այլն, որոնք հանդիպում են չորրորդ Ավետարանում։

Կարելի է դարձյալ ընդունել, որ Հովհաննես Առաքյալը ժամանակ չի ունեցել իր գրածներին վերջնական մի ձև տալու և հարկ եղածի պես դասավորելու։

Չորրորդ Ավետարանում հանդիպող ընդհատումներին կամ ոստումներին տարբեր մեկնություն է տալիս Ռոբերտ Սթրաքանը[11]։ Նա նրբորեն անդրադարձել է, որ Հովհաննեսը սովորություն ունի իր գաղափարների շղթան ընդհատելու։ Սա ակներև երևում է Հովհաննես Առաքյալի Առաջին նամակում, որտեղ հաճախ ենք նման ընդհատումների հանդիպում։ Նա, մի գաղափարը դեռ ամբողջովին չարտահայտած, մի նյութի մասին ասելիքը չսպառած, հանկարծ անցնում է նոր գաղափարների։

Հավելենք նաև, որ Էդվարդ Շվայցերը[12] և Էուժեն Ռաքշթուլը[13] չորրորդ Ավետարանի ամեն մի բառը մանրազննին քննության անցկացնելուց հետո կարողացել են հեշտությամբ բազմաթիվ հատկանշական տարրեր զատորոշել, որոնք միմիայն Հովհաննես Առաքյալի բառապաշարին, քերականությանն ու գրելաոճին են պատկանում։

Է. Շվայցերը գտել է 33, իսկ Ռաքշթուլը՝ 50-ի մոտ բառեր, բացատրություններ, ասացվածքներ, որոնք բացակայում են մյուս երեք Ավետարաններում։

Թեև Բուամաղը նկատում է, թե վերոհիշյալ երկու հեղինակներին այնքան էլ կարևորություն պետք չէ ընծայել, քանի որ «չորրորդ Ավետարանում, – ասում է նա, – ոճի որոշակի զարգացում կա, սակայն, հաշվի առնելով չորրորդ Ավետարանում ծայրից ծայր տիրող կառուցվածքի, լեզվի, գրելաոճի, ուսմունքի, ներշնչման շարունակական միաձևությունը, կարելի է եզրակացնել, որ սույն Ավետարանը գոնե համընդհանուր դրույթներում մեկ հեղինակի կնիք է կրում»։

[1] Հվհ 3, 26
[2] Հվհ 4, 2
[3] Հվհ 13, 36
[4] Հվհ 16, 5
[5] Մաուրո Լակոնիի համաձայն՝ վերոհիշյալ հատվածները չորրորդ Ավետարան են ներմուծվել Հովհաննեսի աշակերտների կողմից։
[6] Il messaggio della salvezza, vol. IV, 1969, pp. 819-820.
[7] Ռեյմոնդ Էդվարդ Բրաուն (Raymond Edward Brown, 1928-1998), ամերիկացի կաթոլիկ քահանա, Նոր Կտակարանի մեկնաբան, աստվածաշնչագետ
[8] F.M. Braun, Jean le théologien et son évangile dans l'Église ancienne, pp. 396-397.
[9] Ռուդոլֆ Շնակենբուրգ (Rudolf Schnackenburg, 1914-2002), գերմանացի կաթոլիկ քահանա, Նոր Կտակարանի մասնագետ
[10] Il messaggio della salvezza, vol. IV, 1969, p. 821.
[11] Ռոբերտ Հարվի Սթրաքան (Robert Harvey Strachan, 1873-1958), ամերիկացի աստվածաշնչագետ
[12] Էդվարդ Շվայցեր (Eduard Schweizer, 1913-2006), շվեյցարացի բողոքական աստվածաբան և Աստվածաշնչի մեկնաբան
[13] Էուժեն Ռաքշթուլ (Eugen Ruckstuhl, 1914-1996), շվեյցարացի կաթոլիկ աստվածաբան, Նոր Կտակարանի մեկնաբան, Լյուցերնի համալսարանի պրոֆեսոր
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։