Արամայերեն լեզվով առաջին Ավետարանը գրել է Մատթեոս Առաքյալը – Գրադարան – Mashtoz.org

Արամայերեն լեզվով առաջին Ավետարանը գրել է Մատթեոս Առաքյալը

Եկեղեցական ամենահին ավանդությունը և Սուրբ Հայրերը միաձայնությամբ ընդունում են, որ արամայերեն լեզվով առաջին Ավետարանը գրվել է Մատթեոս Առաքյալի կողմից։

 

1. – Ամենահին տեղեկությունը մեզ տալիս է Պապիասը։

Պապիասը, Իրենեոսի (115-200) համաձայն, «Հովհաննեսի ունկնդիրն էր, Պողիկարպոսի ընկերն ու մի հին մարդ»[1]։

Իրենեոսը, Պապիասին «հին մարդ» կոչելով անշուշտ ուզում է ասել, որ նա իրենից ավելի հին սերնդին է պատկանում։

Եվ, արդարև, Պապիասը, ով «Տիրոջ խոսքերի բացատրության մասին» խորագրով հինգ հատորներ է գրել (որոնք, ցավոք, մեզ չեն հասել), ասել է. «Մատթեոսը եբրայեցերեն բարբառով գրեց Աստծո պատգամները, և յուրաքանչյուր ոք իր կարողության համաձայն այն մեկնեց»[2]։

Պապիասի վերոհիշյալ վկայությունը, որ հանդիպում ենք Եվսեբիոսի «Եկեղեցական պատմություն» գրքում, շատ հին է։ Արդի քննադատների համաձայն՝ այն պիտի որ 100-120 թվականների միջև գրված լինի։

Պապիասի վկայության մեջ գտնվող «պատգամ» բառը, մասնագետներից ոմանց համաձայն՝ նշանակում է «խոսք», «քարոզ»։ Մինչդեռ մյուսների համաձայն՝ Պապիասը «պատգամ» ասելով՝ հասկանում է մի Ավետարան, որտեղ գտնվում են Հիսուսի քարոզները։

Պապիասի վերոհիշյալ վկայության շուրջ որքան էլ որ տարբեր լինեն գիտնականների մեկնաբանությունները, կարող ենք անվարան ասել, որ Պապիասի համաձայն՝ Մատթեոս Առաքյալն արամայերեն լեզվով մի գիրք է գրել, որտեղ կային Քրիստոսի քարոզները։

 

2. – Երկրորդ վկայությունը մեզ գալիս է Իրենեոսից (+200), ով Պողիկարպոսի աշակերտն է եղել և Լիոն քաղաքի եպիսկոպոսը։

Իրենեոսն իր «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատության մեջ ասում է. «Մատթեոսը, բնակվելով եբրայեցիների մեջ, նրանց լեզվով մի Ավետարան գրեց այն շրջանում, երբ Պետրոսն ու Պողոսը Հռոմում քարոզում էին և Եկեղեցի էին հիմնում»[3]։

 

3. – Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցական պատմություն» գրքում պատմում է, որ Պանտենոս անվամբ մեկը, ով Ալեքսանդրիայում «հավատացյալների քրիստոնեական ուսումների գլուխն ու առաջնորդն էր, արևելյան զանազան երկրներ է ճանապարհորդում՝ հասնելով մինչև հնդիկների երկիրը, որտեղ գտնում է եբրայեցերեն լեզվով գրված Մատթեոսի Ավետարանը, որ Բարթողիմեոս Առաքյալն էր նրանց համար այնտեղ թողել»[4]։

Պատմագետների համաձայն՝ Պանտենոսն այս ճանապարհորդությունը կատարել է 200-ական թվականներին։

 

4. – Կղեմես Ալեքսանդրացին (150-215), Որոգինեսը (185-254), Տերտուղիանոսը (155-220), Եվսեբիոս Կեսարացին (260-340), Աթանաս Ալեքսանդրացինը (296-273), Եփրեմ Ասորին (+373), Հերոնիմոսը (342-419) և այլոք համաձայն են հաստատելու, որ Մատթեոս Առաքյալը Պաղեստինում հրեաների համար եբրայեցերեն լեզվով մի Ավետարան է գրել, որն հետագայում հունարենի է թարգմանվել։

 

Ներքին փաստերը նույնն են հաստատում

 

Առաջին Ավետարանի մասին եղած եկեղեցական հին ավանդությունն ու Սուրբ Հայրերի միաձայն վկայությունը հաստատվում է նաև նույն Ավետարանից բերված ներքին փաստերով։

Ուշադրությամբ կարդալով առաջին Ավետարանը՝ կարող ենք իսկույն նկատել, որ դրա հեղինակը հրեա մի մաքսավոր է, հմուտ՝ հրեական ավանդություններին, ծանոթ՝ Պաղեստինի աշխարհագրական դիրքին, նույնիսկ աննշան գյուղերին, և իր Ավետարանը գրել է հրեաների համար։

Առաջին Ավետարանում հանդիպող բազմաթիվ սեմական բառերն ու բացատրությունները (օրինակ՝ «մարմինն ու արյունը քեզ չհայտնեցին»[5], «անպարտ եմ այդ արդարի արյունից»[6], «կապել և արձակել»[7], և այլն) ցույց են տալիս, որ դրա հեղինակը հրեա է։

Ինչ վերաբերվում է հեղինակի մաքսավոր լինելուն, արդյոք բավական չէ՞ նկատի առնել, որ նա նույն շրջանում գործածության մեջ եղած տասը տեսակ դրամների անուններ է հիշատակում, մինչդեռ Մարկոսի Ավետարանում հինգ, իսկ Ղուկասի մոտ՝ վեց տեսակ դրամի անունների ենք հանդիպում։

Սրանից բացի, գիտենք, որ մասքավորությունը հրեա ժողովրդի մտայնությամբ Աստծուն անհաճո և դատապարտելի արհեստ էր։ Անշուշտ, Մատթեոս Առաքյալն, իբրև մաքսավոր, իր կաշվի վրա պիտի որ կրած լիներ հրեաների արհամարհանքի ու փարիսեցիների պարսավանքի արդյունքները։ Եվ ամենից ավելի առաջին Ավետարանում է, որ խոսք կա մաքսավորների ու մեղավորների մասին։ Ամենից ավելի առաջին Ավետարանում է, որ նկարագրված է մաքսավորների հանդեպ Հիսուսի ցույց տված հետաքրքրությունն ու գութը։

Ասացինք, թե առաջին Ավետարանն ուղված է հրեա ժողովրդին։ Նաև ներքին փաստերն են սա հաստատում։

Մատթեոսը հրեաների բարքերն ու սովորությունները նկարագրելիս հավելյալ բացատրություններ չի տալիս դրանց մասին, քանի որ իր գրությունը հասցեագրում էր հրեաներին, ովքեր այդ սովորություններին տեղյակ էին։ Մինչդեռ Մարկոսը, որ իր Ավետարանը գրում էր այլազգիների համար, հստակ լինելու համար կարիք է զգում եբրայեցերեն բառերին և հրեական սովորություններին բացատրություններ տալ։ Օրինակ, երբ Մարկոսը հիշատակում է հրեաների՝ ուտելուց առաջ ձեռքերը լվանալու սովորությունը, հարկ է համարում հեթանոսությունից դարձի եկած ընթերցողին լուսաբանել՝ ավելացնելով. «Որովհետև փարիսեցիները, բոլոր հրեաները նախնիների ավանդությանը հետևելով, եթե ձեռքները մինչև արմունկները չլվանան, հաց չեն ուտում, և շուկայից վերադառնալով, եթե նախ չլվացվեն, չեն ուտում»[8]։

Հրեաների Զատկի մասին խոսելով՝ Մատթեոսը գրում է. «Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները Հիսուսին մոտեցան և հարցրեցին»[9]։

Նույն բանն ասում է նաև Մարկոսը, սակայն մի մանրամասնություն է ավելացնում. «Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ Զատկի գառն էին մորթում, աշակերտները Հիսուսին հարցրեցին»[10]։

Մատթեոսը, որ հրեաների համար էր գրում, կարիքը չի զգում բացատրելու, որ Բաղարջակերաց տոնի առաջին օրը Զատիկն էր զոհվում, քանի որ այդ սովորույթը հրեաներին ծանոթ էր։

Հավելենք նաև, որ Մատթեոսը հաճախ է կրկնում, որ Հիսուսն Իսրայելի համար է աշխարհ առաքված, և շեշտում է, որ Օրենքը (Հին Կտակարանում ավանդված օրենքների ամբողջությունը) հարկավոր է պահել, ինչը որ փաստում է, որ Մատթեոսն իր Ավետարանը գրելիս աչքի առաջ հրեա ժողովրդին է ունեցել։

[1] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Գ., էջ 227.
[2] Նույն, էջ 231.
[3] Ընդդեմ հերետիկոսությունների, III, I, 1.
[4] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Դպր. Ե., Գլ. Ժ., էջ 363-364.
[5] Մատթեոս 16, 17
[6] Մատթեոս 27, 24
[7] Մատթեոս 16, 19
[8] Մարկոս 7, 3-4
[9] Մատթեոս 26, 17
[10] Մարկոս 14, 12
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։