Գլուխ Ա. - Քրիստոսի կյանքի պատմական աղբյուրները. Հեթանոս աղբյուրներ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Քրիստոսի կյանքի պատմական աղբյուրները. Հեթանոս աղբյուրներ

Մենք որտեղի՞ց գիտենք Քրիստոսի կյանքի պատմությունը։ Քրիստոսի կյանքի մասին պատմական արժեք ներկայացնող գրությունները կարելի է գլխավոր երեք մասերի բաժանել. 1) Հեթանոս, 2) Հրեա, 3) Քրիստոնյա աղբյուրներ։

Գիտենք, որ հին ազգերի՝ հնդկական, եգիպտական, հունական, ասորական, պարսկական և ա՛յլ կրոնները և դրանց չաստվածներն առասպելական ծագում ունեն։

Բրահմայի, Օսիրիսի, Արամազդի, Զրադաշտի, Միհրի և ուրիշ անթիվ չաստվածների պատմությունը երևակայությամբ հերյուրված, հին դարերի մշուշով է պարուրված։

Դրանց հակառակ՝ Քրիստոսն ապրել է այնպիսի մի դարում, որի պատմությունը լավ գիտենք։ Հիսուսի կյանքն ընդելուզված է մի շարք պատմական անձանց՝ Օգոստոս և Տիբերիոս կայսրերի, Պիղատոսի, Հերովդեսի, Աննա և Կայիափա քահանայապետերի կյանքի հետ։

Նա ապրել և գործունեություն է ծավալել մինչև այսօր գոյություն ունեցող քաղաքներում և գյուղերում։ Քրիստոսի կյանքի զանազան փուլերն այնպիսի ձևով են շաղախված Պաղեստինի աշխարհագրության, հրեա ժողովրդի ավանդությունների, հոգեբանության հետ, և այնքան բնականորեն են դրանք իրար հետ ներդաշնակվում, որ մեզ իրական պատմության դիմաց գտնվելու վստահությունն են ներշնչում։

Այն ժամանակաշրջանում արդեն իսկ գոյություն ունեին – բառիս լավագույն առումով – հեղինակավոր պատմիչներ, որոնց գլխավոր նպատակը եղած ճշմարիտ պատմությունը գրելն էր և ո՛չ թե առասպելներ հորինելը։

Հույները, հռոմեացիները Քրիստոսից շատ առաջ արդեն քիչ թե շատ վստահելի պատմաբաններ են ունեցել, ինչպիսիք են՝ Հերոդոտոսը (Ք.ա. 480-425), Թուկիդիդեսը (Ք.ա. 460-395), Քսենոփոնը (Ք.ա. 427-355), Սալուստիոսը (Ք.ա. 86-35), Տիտոս Լիվիոսը (Ք.ա. 59 - Ք.հ. 19) և այլն, ովքեր պատմագրական աշխատություններ են հեղինակել՝ մեր արդի ընկալմամբ։

Քրիստոսը ծնվեց հռոմեական կայսրության քաղաքական և գրական ոսկեդարի շրջանում։ Օգոստոսի իմաստուն և հզոր իշխանության վերևում շողում էր խաղաղության ծիածանը։ Լատին գրականությունն իր գագաթնակետին էր հասել։

Պրպտելով նույն ժամանակաշրջանի հեթանոս և հրեա պատմիչների գործերը՝ Հիսուսի կյանքի մասին ցաքուցիր եղած փշուրներ պիտի գտնենք միայն։ Եվ սա շատ բնական երևույթ է պետք նկատել, քանի որ վերոհիշյալ պատմիչները նպատակ չեն ունեցել ուղղակի զբաղվել Քրիստոսի անձով կամ Նրա հիմնած կրոնով, այլ՝ միայն անցողակի են հիշատակել այն դեմքերն ու դեպքերը, որոնք քրիստոնյաների հետ կապ ունեն։

Նախ հարկավոր է ի նկատի առնել, որ նոր սկզբնավորված լինելով՝ Քրիստոնեությունը Հռոմեական Կայսրության սիրտը թափանցելու հրե ճարակի հատկություն դեռ չուներ, այլ՝ հնոցի միջից դուրս ցայտող կայծերի պատկերն ուներ միայն։ Դրա համար էլ նույն շրջանի պատմագրության մեջ ուշագրավ տեղ չի զբաղեցրել։ Մի կողմ թողնենք նաև այն փաստը, որ նույն շրջանի հռոմեացի պատմիչների գործերից մեզ շատ բան չի հասել։

Քննադատ Յոհան Ուայսն[1] ասում է. «Ովքե՞ր են հռոմեացի այն բազմաթիվ ժամանակագիրները, որոնց գործերն ի զուր այնքան թերթվում են՝ որևէ վկայություն գտնելու համար։ Անկեղծ ասած՝ դրանք ո՛չ իսկ գոյություն ունեն, որովհետև բացի Տակիտոսից ու Սվետոնիոսից, հին կայսրության մասին գրավոր ամբողջ ավանդությունը կորստյան է մատնվել։ Ուրեմն ի վիճակի չենք իմանալու, թե հռոմեացի հին պատմիչներն ինչքա՛ն խորությամբ են քրիստոնեությունը և Հիսուսի անձն ուսումնասիրել, որ արժանի լինի հիշատակության»[2]։

[1] Յոհան Ուայս (Johannes Weiss, 1863-1914) – գերմանացի բողոքական լիբերալ աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ,  աստվածաշնչագիտության մեջ «Վախճանաբանական դպրոցի» հիմնադիր։
[2] W. Trilling, Jesus devant l'histoire, 1988, p. 68.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։