Գլուխ Գ. - Քրիստոսի կյանքի պարականոն աղբյուրները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Քրիստոսի կյանքի պարականոն աղբյուրները

Քրիստոսի և Իր վարդապետության մասին, չորս Ավետարաններից բացի, մեզ հասել են նաև ա՛յլ գրություններ, որոնք «պարականոն» («ապոկռիֆ») անունն են կրում, և պատկառելի թիվ են կազմում։

Այս գործերից շատերն ընդհանրապես Հիսուսի Առաքյալներին կամ աշակերտներին են վերագրվում և մեզ ներկայանում են Ավետարանի, Գործք Առաքելոց գրքի, Նամակների, Հայտնության և երբեմն էլ՝ համառոտ գրությունների ձևով։

Վերոհիշյալ գրություններից ոմանք մեզ ծանոթ աղբյուրների համաձայն շատ հին են և արդեն Երկրորդ դարում բավականին հայտնի էին։

Ղուկաս Ավետարանիչն իրենից առաջ Քրիստոսի մասին գրողներին ակնարկելով՝ ասում է. «Շատերը ձեռնարկեցին կատարված դեպքերի պատմությունը շարադրել»[1]։

Ուրեմն, Ղուկասի համաձայն, Հիսուսի վաթսունական թվականներում արդեն գոյություն ունեին Հիսուսի կյանքի վերաբերյալ բազմաթիվ գրություններ։

Սբ. Հուստինոսը մոտ 150 թվականին հիշատակում է «Առաքյալների հուշեր» անունով մի գրություն։

Պարականոն Ավետարանների անուններ են նշվում նաև Անտիոքի եպիսկոպոս Սրապիոնի (200), Կղեմես Ալեքսանդրացու, Որոգինեսի, Եվսեբիոս Կեսարացու, Եպիփան Կիպրացու և ա՛յլ եկեղեցական հին հեղինակների գործերում։

Այստեղ տանք այդ պարականոն գրություններից գլխավորների անունները։

1. - «Ավետարան ըստ եբրայեցիների», որն, հավանաբար, արամայերեն լեզվով էր շարադրված և արդեն Երկրորդ դարի սկզբներին գոյություն ուներ։

Սբ. Հերոնիմոսը Չորրորդ դարում այն թարգմանել է լատիներենի։ Բայց ժամանակի ընթացքում թե՛ բնագիրը և թե՛ թարգմանությունը կորստյան են մատնվել և մեզ են հասել միայն մի քանի հատվածներ, որ սփռված են Կղեմես Ալեքսանդրացու, Որոգինեսի և Սբ. Հերոնիմոսի գործերում։

Մեծ հասած պատառիկներից դատելով՝ վերոհիշյալ Ավետարանը պետք է որ շատ նմանություններ ունեցած լինի Մատթեոսի Ավետարանի հետ, սակայն տեղ տեղ շեղվել է ճշմարտությունից և անհեթեթ նորություններով ճոխացվել։

Եպիփան Կիպրացու և Հերոնիմոսի համաձայն՝ «Նազովրեցի» կոչվող աղանդավորներն այս Ավետարանն էին գործածում։

2. - «Պետրոսի Ավետարան», որ շարադրվել է հավանաբար մոտ 130 թվականին՝ Սիրիայում։

Սրապիոնը՝ Անտիոքի եպիսկոպոսը, 200 թվականին ծանոթ է եղել այս կեղծ Ավետարանին։

Եգիպտոսում 1887 թվականին «Պետրոսի Ավետարան»ից երկար հատվածներ գտնվեցին, որոնց նյութը գլխավորապես Քրիստոսի խաչելության, մահվան և Հարության մասին է։

Այս Ավետարանի հեղինակը չորս Ավետարաններից մեծապես օգտվելով հանդերձ՝ տեղ տեղ խեղաթյուրել է ճշմարտությունը։ Օրինակի համար, ըստ նրա՝ Հիսուսին Հերովդեսն է մահվան դատապարտել։

3. - «Եգիպտացիների Ավետարան», որ շուրջ 150 թվականին շարադրվել է Եգիպտոսում և գործածվել է գնոստիկյան աղանդավորների կողմից։

Այս Ավետարանին ծանոթ են եղել Կղեմես Ալեքսանդրացին, Հիպպողիտոսը և Եպիփանը։

4. - «Էբիոնիտների Ավետարան», որ Երկրորդ դարում գործածվել է էբիոնիտ աղանդավորների կողմից, որոնք խոտաճարակի կյանք էին վարում։

Եպիփանի գործերում այս Ավետարանից մեջբերումներ կան, որ ամենայն հավանականությամբ հորինվել է Մատթեոսի Ավետարանի ազդեցության ներքո։

Էբիոնիտ աղանդավորներն այն անվանում էին «Էբիոնիտների Ավետարան»։

5. - «Տասներկու Առաքյալների Ավետարան», որ գրվել է հունարեն լեզվով և մոտ 175 թվականին է տարածվել, գլխավորապես էբիոնիտ աղանդավորների շրջանում։

Այս Ավետարանից մեզ շատ քիչ բան է հասել, որի մասին խոսում են Որոգինեսն ու Եպիփանը։

Վերոհիշյալ կեղծ Ավետարաններից բացի, մեզ պատառիկներ են հասել եգիպտական ծագում ունեցող «Թովմասի Ավետարան» (2րդ դ.) և «Փիլիպպոսի Ավետարան» կոչված գրքերից։

Կան նաև մի շարք պարականոն գրություններ, որոնց բովանդակությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մեր համար։ Դրանք ընդհանրապես երևակայությամբ հորինված և հավատացյալների բարեպաշտական զգացումները փայփայող պատմվածքներ են, որոնցում կան Հիսուսի կյանքից, մասնավորապես Նրա մանկությունից առնված գեղեցիկ դրվագներ։

6. – Այս տեսակ գրություններից է Հիսուսի «Մանկության Ավետարանը», որը երեք մասերի է բաժանվում։

Առաջին իննը գլուխներում նկարագրվում են Հիսուսի ծնունդն ու մանկության օրերը։ 10-25րդ գլուխների նյութն է Սուրբ Ընտանիքի փախուստը Եգիպտոս և այնտեղ բնակվելը։ Եվ, վերջապես, 26-40րդ գլուխներում հիշատակվում են Սուրբ Ընտանիքի վերադարձը Եգիպտոսից և Հիսուս Մանկան մինչև տասներկու տարեկան դառնալը պատահած դեպքերը։

Այս Ավետարանը, որ Չորրորդ կամ Հինգերորդ դարի գործ է համարվում, հետաքրքրությամբ է ընթերցվում և բազմաթիվ նմանություններ ունի Մատթեոսի, Ղուկասի և Թովմաս Առաքյալին վերագրված Ավետարանների հետ։

7. – Հիշենք նաև Հակոբոսի անվամբ հայտնի Ավետարանը, որի առաջին խմբագրությունը հավանաբար Երկրորդ դարում է տեղի ունեցել, իսկ մեզ հասած տեսքով՝ Երրորդ կամ Չորրորդ դարի գործ է ենթադրվում։

Այս Ավետարանում է, որ առաջին անգամ հանդիպում ենք Մարիամի ծնողների՝ Հովակիմի և Աննայի անուններին։

8. – Ավելի ուշ շրջանից կան նաև Նիկոդեմոսի, Մատաթիայի, Անդրեասի, Բարդուղիմեոսի անուններով Ավետարաններ։ Վեցերորդ դարից մնացել է Մատթեոսին վերագրված մի կեղծ Ավետարան, իսկ Իններորդ դարից՝ «Մարիամի ծննդյան գիրքը», «Սուրբ Կույսի վերափոխումը» և այլն, և այլն։

9. – Արժե հիշել նաև Հիսուսի և Աբգար թագավորի՝ միմյանց գրված նամակները, որոնք Եվսեբիոս Կեսարացին ասորերեն լեզվով գրված «Թադեի պատմություն» գրքից վերցնելով՝ հունարենի է թարգմանել։

Հիսուսի և Աբգար թագավորի վերոհիշյալ թղթակցությունները Մովսես Խորենացու Հայոց Պատմության գրքում էլ ենք գտնում։

Եդեսիայի Աբգար թագավորը մի անբուժելի հիվանդությունից տառապելով՝ մարդկային ամեն դեղերից ու դարմաններից հույսը կտրած, մի նամակով դիմում է Հիսուսին, որ գա և իրեն բժշկի։ Հիսուսն, Իր հերթին, մի նամակով պատասխանում է Աբգարին և խոստանում է, Իր հարությունից հետո, նրան բուժելու նպատակով մի աշակերտ ուղարկել Եդեսիա։

Մինչև այստեղ նշված գրություններից բացի, կան նաև անթիվ պարականոն գործեր, որոնց բովանդակությունը Հիսուսի կյանքից ավելի՝ Առաքյալներին է վերաբերվում։

[1] Ղուկասի Ավետարան 1, 1.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։