Գլուխ Ը. - Համատես Ավետարանների խնդիրը լուծելու զանազան կարծիքներ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - Համատես Ավետարանների խնդիրը լուծելու զանազան կարծիքներ

Մինչև Տասնութերորդ դարը, Համատես Ավետարանների կնճռոտ հարցը լուծելու համար ամբողջական և խորը ուսումնասիրություններ լույս չեն տեսել. այլ, ինչպես տեսանք, Սուրբ Հայրերը կամ Աստվածաշնչի մեկնաբանները ջանացել են առավել կամ նվազ հաջող անդրադարձումներով իրար հետ հաշտեցնել Ավետարանների միջև գտնվող տարբերակները։

1784 թվականին լույս տեսավ Գոթթհոլդ Լեսսինգի[1] ուսումնասիրությունը, որտեղ մի նոր ենթադրություն էր առաջ քաշվում, այն է, թե՝ երեք Ավետարանները միաժամանակ իրար նման են և միևնույն արամայերեն մի Ավետարանի տարբեր թարգմանություններն են։

Երկու տարի անց Գոթթլոբ Շթոռռը[2] մի նոր կարծիք հրապարակ նետեց, ինչի համաձայն՝ Մարկոսի Ավետարանն ամենահին Ավետարանն է, Մատթեոսն ու Ղուկասը գոնե մասամբ օգտվել են դրանից։

1789 թվականին Յոհան Գրիսբախը մի նոր կարծիք առաջ քաշեց։ Նա, ընդունելով հանդերձ երեք Ավետարաների միջև գոյություն ունեցող որևէ կախումնավորություն, այնուամենայնիվ՝ Մատթեոսի Ավետարանը որպես գլխավոր աղբյուր էր նկատում, իսկ Մարկոսինը՝ որպես մյուս երկու Ավետարանների համառոտություն։

Յոհան Հերդերի[3] (1796) համաձայն՝ գոյություն ուներ «բանավոր մի Ավետարան», որից առաջ են եկել երեք գրավոր Ավետարանները։

Հաջորդաբար, մինչև մեր օրերը, Աստվածաշնչի ուսումնասիրությունները խորացել են և բազմաթիվ կարծիքներ են առաջ եկել։

Վերոնշված կարծիքներն ընդհանուր կերպով կարող ենք հետևյալ գլխավոր խմբերի բաժանել։

[1] Գոթթհոլդ Էֆրաիմ Լեսսինգ (Gotthold Ephraim Lessing, 1729-1781) գերմանացի փիլիսոփա, գրող, քննադատ
[2] Գոթթլոբ Քրիստիան Շթոռռ (Gottlob Christian Storr, 1746-1805), գերմանացի բողոքական աստվածաբան
[3] Յոհան Գոթթֆրիդ ֆոն Հերդեր (Johann Gottfried von Herder, 1744-1803), գերմանացի աստվածաբան, մշակույթի պատմաբան
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։