Գլուխ Թ. - Հովհաննես Ավետարանիչ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Թ. - Հովհաննես Ավետարանիչ

Հովհաննես Ավետարանիչը ծնվել է Բեթսաիդայում[1]։ Հոր անունը Զեբեդեոս էր, մոր անունը՝ Սալոմե, իսկ եղբորինը՝ Հակոբոս։

Հոր և եղբոր նման, նա արհեստով ձկնորս էր[2]։ Հիսուսին հետևելուց առաջ Հովհաննես Մկրտչին էր աշակերտել[3]։

Հովհաննեսը՝ Առաքյալներից ամենակրտսերը, Հիսուսի նախասիրած աշակերտն էր[4]։ Հիսուսը նրան ու նրա եղբորը «Որտման որդիներ» մակդիրը տվեց՝ իրենց կրակոտ բնավորության պատճառով։

Հովհաննես, Պետրոս և Հակոբոս Առաքյալները կազմում էին այն երջանիկ խմբակը, որ արժանի եղավ Թաբոր լեռան վրա ականատես լինելու Քրիստոսի լուսաշող այլակերպությանը[5], և ներկա գտնվելու Հայրոսի մեռած աղջկա վերակենդանացման հրաշքին[6]։

Գեթսեմանիի պարտեզում Հիսուսը վերոհիշյալ երեք Առաքյալներին հետը վերցնելով՝ մյուս Առաքյալներից բաժանվեց և առանձնացավ աղոթելու համար[7]։

Երբ Հիսուսը Երուսաղեմ էր գնում, Հովհաննես և Հակոբոս Առաքյալների մայրը մոտեցավ Հիսուսին և Նրանից խնդրեց, որ արքայության մեջ իր զավակներից մեկը Նրա աջ կողմը, իսկ մյուսը՝ ձախ կողմը նստի։ Այս առաջարկը Հիսուսի կողմից մերժվեց[8]։

Դարձյալ Հովհաննես և Հակոբոս Առաքյալներն էին, որ ցանկացան երկնքից կրակ իջեցնել սամարացիների վրա, որովհետև նրանք Հիսուսի պատգամավորներին չէին ընդունել[9]։

Բաղարջակերաց օրը Հիսուսը Պետրոս և Հովհաննես Առաքյալներին քաղաք ուղարկեց, որպեսզի Վերջին Ընթրիքի պատրաստությունը տեսնեն[10]։

Վերջին Ընթրիքին Հովհաննեսը բազմած լինելով Հիսուսի մոտ՝ կքվեց Նրա կողմ՝ իմանալու համար, թե ո՛վ է մատնիչը[11]։

Գեթսեմանիում Հիսուսի ձերբակալումից հետո, մինչ մյուս աշակերտները փախչում են, Հովհաննեսը հետևում է Հիսուսին։ Նա, ծանոթ լինելով քահանայապետին, Հիսուսի հետ մտնում է պալատի գավիթը և դռնապանի հետ խոսելով՝ ներս է մտցնում նաև Պետրոսին[12]։

Հիսուսին մինչև Գողգոթա հետևելով՝ Մարիամ Աստվածածնի հետ կանգնում է խաչի մոտ, որտեղ Հիսուսն իրեն է հանձնում Տիրամորն՝ ասելով. «Ահա՛ քո մայրը»[13]։

Հարության առավոտյան, Պետրոսի հետ շտապում է գերեզման և, երիտասարդ լինելով, Պետրոսից առաջ է այնտեղ հասնում, բայց Առաքելապետի հանդեպ հարգանքով՝ ներս չի մտնում, այլ՝ սպասում է նրա հասնելուն[14]։

Հարությունից հետո, մի օր, երբ աշակերտները Տիբերական լճում ձուկ էին որսում, Հիսուսը հայտնվում է նրանց։ Հովհաննեսն է, որ առաջինն է հասկանում, որ երևացողը Հիսուսն է, բայց կրկին՝ ոչինչ չի ձեռնարկում, այլ՝ դիմում է Պետրոսին[15]։

Նույն Հիսուսի այս սիրելի աշակերտն է, ում մասին Հիսուսը մարգարեություն է անում, որ մյուս Առաքյալների կողմից սխալ է հասկացվում[16]։

Հոգեգալստից հետո Հովհաննեսը Պետրոսի հետ Քրիստոսի վարդապետությունն է քարոզում. միասին բանտարկվում են, ծեծի են ենթարկվում, և, ի վերջո, ազատ են արձակվում, ուրախ, որ Հիսուսի համար չարչարանքի են արժանացել[17]։

Երուսաղեմից բացի, նրան գտնում ենք Սամարիայում, միշտ Պետրոսի հետ միասին[18]։

Հեղինակավոր մի ավանդության համաձայն՝ Հովհաննես Առաքյալը երկար է ապրել և քարոզել է փոքր Ասիայում, գլխավորապես՝ Եփեսոս քաղաքում։ Նրա հետ է ապրել նաև Մարիամ Աստվածածինը։

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դոմետիանոս կայսեր (81-96) քրիստոնյաների դեմ սանձազերծած հալածանքների շրջանում Հովհաննես Առաքյալին եռացած ձեթով լի կաթսայի մեջ են նետել։ Սակայն նա հրաշքով կենդանի է մնացել, որից հետո նրան աքսորել են Պատմոս կղզի, որտեղ նա գրել է Հայտնության գիրքը։

Ի վերջո, Տրայանոսի կայսրության օրոք (98-117) Պատմոսից վերադառնալով Եփեսոս[19], ըստ ոմանց՝ 105 թվականին, խոր ծերության մեջ ավարտել է իր երկրային ընթացքը։

[1] Հովհաննես անունը (հունարեն՝ Ιωàννης) եբրայական ծագում ունի, «Յոհաննան» բարդ բառից, որ նշանակում է «Յահվե, շնորհ տո՜ւր»։
[2] Մտթ 4, 21
[3] Հվհ 1, 37.40
[4] Հվհ 13, 23
[5] Մտթ 17, 1-9
[6] Ղկս 8, 49-56
[7] Մտթ 26, 37
[8] Մտթ 20, 20-23
[9] Ղկս 9, 53-54
[10] Ղկս 22, 8
[11] Հվհ 13, 23-26
[12] Հվհ 18, 15-16
[13] Հվհ 19, 26-27
[14] Հվհ 20, 1-5
[15] Հվհ 21, 4-7
[16] Հվհ 21, 20-23
[17] Գրծ 5, 41
[18] Գրծ 8, 14
[19] Կղեմես Ալեքսանդրացի, HE, III, 23, 6.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։