Գլուխ Ժ. - Էսսենականները – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ժ. - Էսսենականները

Առաջին դարում ապրած Հովսեփ հրեա պատմիչն իր «Հրեական պատերազմ» պատմագրքում գրում է. «Հրեաների շրջանում երեք տեսակ փիլիսոփայական աղանդներ կան։

Առաջին աղանդի հետևորդները կոչվում են փարիսեցիներ, երկրորդինը՝ սադուկեցիներ, իսկ երրորդի հետևորդները՝ էսսենականներ»[1]։

Ավետարաններում հիշատակություններ կան փարիսեցիների և սադուկեցիների մասին, իսկ էսսենականների մասին ոչ մի խոսք չի հանդիպում։

Նրանց մասին մեզ կցկտուր տեղեկություններ են հաղորդում Ֆիլոն Եբրայեցին[2], Պլինիուս Ավագը[3] և Հովսեփ պատմիչը[4]։

Նրանց համաձայն՝ էսսենականները գաղտնի աղանդավորներ էին, որոնք իրենց հատուկ վարդապետությունն ու ապրելակերպն ունեին։

1947 թվականին բեդուին մի հովիվ Մեռյալ ծովի արևմտյան ափին, Մուրաբբաաթի շրջակայքում իր կորած այծին փնտրելիս՝ քարայրի մեջ գտավ յոթը կուժեր, որոնցում մագաղաթյա ձեռագրեր կային։

Պատանի հովիվն ու նրա ընկերն այդ մագաղաթները տարան Երուսաղեմ և վաճառեցին Քանտո անվամբ մի հնավաճառի։ Վերջինս իր հերթին մագաղաթները տարավ Սուրբ Մարկոսի վանքը, և ցույց տվեց ասորի մետրապոլիտին։ Հաջորդ օրերին հնավաճառ Քանտոն իր ընկերոջը հետն առնելով՝ քարայր գնաց, ուր ևս չորս մագաղաթ և մի քանի պատառիկներ հայտնաբերեց։ Ապա ասորի մետրոպիլիտն իր հերթին գնաց քարայր և նոր պատառիկներ հայտնաբերեց։

Մագաղաթների գյուտի լուրը հասավ Եվրոպա և Ամերիկա։

Մեկուկես տարի անց մի արշավախումբ, մի անգլիացի սպայի և մի հորդանանցի հարյուրապետի առաջնորդությամբ, Երուսաղեմից ուղևորվեց դեպի հարավ՝ դեպի Մեռյալ Ծով, և երկար փնտրտուքներից հետո գտավ մոտ 35 գլանաձև կուժ, որոնց մեջ մագաղաթե և պապիրուսե ձեռագրեր կային։

Արշավախմբի անդամներից ոմանք գնացին մինչև Բեթղեհեմ, գտան Քանտո հնավաճառին և նրա մոտ գտնվող մագաղաթներն էլ գնեցին։

Ձեռագրերի նոր գյուտեր տեղի ունեցան նաև 1951 և 1952 թվականներին։

Ահա՛ այդ գյուտերի շնորհիվ գիտական աշխարհը լայն տեղեկություններ ունեցավ էսսենականների աղանդի ու կյանքի մասին։

Հաշվի առնելով, որ էսսենականների վարդապետությունը նմանություններ ունի քրիստոնեական վարդապետության հետ, արժե մի առանձին գլուխ հատկացնել և համառոտ կերպով ներկայացնել նրանց ծագումը, ապրելակերպն ու վարդապետությունը։

[1] Հովսեփ Ֆլավիուս, Հրեական պատերազմ, 2, 8.
[2] Ֆիլոն Եբրայեցի (Ք.ա. 20 - Ք.հ. 54)
[3] Պլինիուս Ավագ (Ք.հ. 23-79)
[4] Հովսեփ Ֆլավիուս, հրեա պատմիչ (ծնվ. Ք.հ. 37-38թթ.)
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։