Գլուխ ԺԳ. - Ավետարաններն իրակա՞ն պատմություններ են, թե՞ առասպելներ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԳ. - Ավետարաններն իրակա՞ն պատմություններ են, թե՞ առասպելներ

Դարերի ընթացքում Ավետարանիչների ճշմարտախոսությունը և Ավետարանների պատմականությունը հավատացյալների կողմից երբևիցէ կասկածի չէր ենթարկվել։

Ավետարանների պատմական գրքեր լինելու դեմ առարկություններն, ընդհանրապես, գալիս էին քրիստոնեության հակառակորդների կողմից։

Վերջին դարերի ընթացքում, սակայն, երբ բանապաշտ (ռացիոնալիստ) և ա՛յլ նորահայտ փիլիսոփայական գաղափարներ հրապարակ դուրս եկան, որոնք պատմական և բանասիրական քննադատության ծնունդ տվեցին, տարակույսի տակ դրվեց Ավետարանների պատմականությունը նաև որոշ չափով «հավատացյալ» ուսումնասիրողների կողմից։

Աստվածաշնչի մասնագետների մի խայտաբղետ բազմություն խստաբիբ պատմագետի ակնոցով սկսեց բառ առ բառ քննել Ավետարանները և այն բոլոր գրությունները, որոնք Հիսուսի անձին ու կյանքին էին առնչվում։

Վերոհիշյալ բանասերների մեծամասնության նպատակն էր հետևյալ հարցմանը պատասխանել, թե արդյոք Ավետարանների միջոցով կարելի՞ է հասնել պատմության իրական Հիսուսին, կարելի՞ է արդյոք մեզ հասած գրություններից պատմական Քրիստոսի դիմագիծը երևան հանել։

Պետք է խոստովանել, սակայն, որ մի շարք իմաստուն գիտնականներ լուրջ աշխատանք տարան՝ մաղով անցկացնելով անցյալի ամբողջ պատմությունը և ամեն տեսակ գրություններ, որոնք մեզ հասել են հրեա, հույն, լատին և ա՛յլ հեղինակների կողմից։

Նրանց աչքից չի վրիպել վերջին շրջանների հնագիտական պեղումներից առաջ եկած նորությունները, աշխարհագրական և տեղագրական նորահայտ տվյալները, նախկինում Պաղեստինում կիրառված ժողովրդական բարքերը, սովորությունները։

Նրանց աշխատասիրությունների վրա նոր լույս սփռեցին տեղի ունեցած ձեռագրական գյուտերը, մասնավորապես Քումրանում գտնված գրությունները։

Հաշվի առնվեցին կեղծ կոչված Ավետարաները, որոնք առավել կամ նվազ չափով տարածված էին ժողովուրդների մեջ, Երկրորդ դարի կեսից սկսած մինչև Վեցերորդ դարի վերջերը։ 1945 թվականին էլ Վերին Եգիպտոսում, Նագ Համմադի կոչված վայրում, կեղծ Ավետարանների նմուշներ գտնվեցին, մասնավորաբար Թովմաս Առաքյալին վերագրվող Ավետարանը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։