Գլուխ ԺԶ. - Հիսուսի Հարությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԶ. - Հիսուսի Հարությունը

Հիսուսն անթիվ հրաշքներ գործեց, կույրեր, անդամալույծներ բուժեց, հացերն ու ձկները բազմացրեց, թզենին չորացրեց, ջուրը գինու վերածեց, դիվահարներին դևերից ազատեց, մահացածներին վերակենդանացրեց, և այլն։

Սակայն այս բոլոր հրաշքներից ամենահրաշալին, ամենագերազանցը Հիսուսի հաղթական Հարությունն է[1]։

Եկեղեցին հատուկ հրճվանքով գոչում է. «Փա՜ռք հրաշափառ Քո Հարությանը, Տե՜ր»։

Եթե Քրիստոսի բոլոր հրաշքներն էլ համոզիչ փաստեր են՝ Իր Աստծո Որդին լինելն ապացուցող, մահացածներից հարություն առնելը, սակայն, ամենահամոզիչն է անտարակույս։

Սրա համար է, որ հեթանոսների մեծ Առաքյալը՝ Պողոսը, Կորնթացիներին հասցեագրված Նամակում հանդիսավոր շեշտով չի վարանում ասելու. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել։ Իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատքը։ Եվ Աստծո սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին» (1Կր 15, 13-15)։

Նույն հավատքով բոլոր Առաքյալներն էլ շեշտում են Հիսուսի Հարության կարևորությունը։

Պետրոս Առաքյալը Հոգեգալստի օրն իսկ հրապարակային Իր առաջին քարոզի ժամանակ, խոսքն ուղղելով այնտեղ ներկա գտնվող հրեաներին ու հեթանոսներին, հիշատակում է Հիսուսի Հարությունն՝ ասելով. «Հիսուս Նազովրեցին մատնվեց, և դուք բռնեցիք Նրան ու խաչափայտի վրա գամեցիք։ Աստված, սակայն, Նրան հարություն տվեց» (Գրծ 2, 22-24)։

Հոգեգալստյան հաջորդ օրերին Պետրոս և Հովհաննես Առաքյալները Տաճարի մուտքի մոտ ի ծնե մի կաղի են բժշկում Հիսուսի անվամբ։

Հրեաները Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալում են և բանտարկում։

Հաջորդ օրը երկու Առաքյալներին բերում են Աննաս և Կայիաֆաս քահանայապետերի ատյանի առաջ, որին հրեա իշխաններ և ավագներ են ներկա լինում։

Երբ Առաքյալներին հարց են տալիս, թե ո՞ւմ զորությամբ կամ ո՞ւմ անունով այդ հրաշքը կատարեցին, Պետրոսը՝ լի Սուրբ Հոգով, անվեհեր պատասխանում է. «Ժողովրդի իշխանավորներ և Իսրայելի երեցներ, քանի որ այսօր հարկ է դատել մեզ մի տկար մարդու հանդեպ եղած բարիքի համար, որով նա բժշկվեց, թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, Ում դուք խաչեցիք, և Ում Աստված մեռելներից հարություն տվեց, Նրանով ահա՛ սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ» (Գրծ 4, 8-10)։

Այստեղ երկար կլիներ մեջբերել բոլոր այն խոսքերը, որ ասել են Առաքյալները՝ ցույց տալու համար քրիստոնեական վարդապետության մեջ Հիսուսի Հարության առաջնակարգ տեղը։

Հիսուսն Իր քարոզչության ընթացքում հաճախ է խոսել Իր Հարության մասին։ Ահա՛ Հիսուսի խոսքերը, որ ուղղել է Իր Առաքյալներին, երբ միասին Երուսաղեմ էին գնում. «Ահավասիկ Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին պիտի մատնվի քահանայապետներին ու օրենսգետներին. և նրան մահվան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրվելու, ծեծվելու և խաչը հանվելու համար, սակայն նա երրորդ օրը հարություն պիտի առնի» (Մտթ 20, 18-19; Ղկս 18, 31-33)։

Այլակերպությունից վեց օր առաջ «Հիսուսը սկսեց հստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մտթ 16, 20)։

Այլակերպությունից անմիջապես հետո, երբ Առաքյալների հետ լեռան վրայից իջնում էր, նրանց պատվիրում է՝ ասելով. «Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց ու ասաց. ''Այդ տեսիլքը մարդու չասեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի''» (Մտթ 17, 9)։

Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը, ակնկալելով Իր մոտալուտ չարչարանքները, ասում է. «Այս գիշեր ամենքդ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է. ''Պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն''։ Բայց իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ» (Մրկ 14, 27-28)։

Երբ դպիրներն ու փարիսեցիները Հիսուսից նշան են պահանջում՝ որպես Մեսսիան լինելու փաստ, Նա Իր հարություն առնելն է տալիս իբրև նշան՝ նրանց ասելով. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից ա՛յլ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից. որովհետև, ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես Մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար» (Մտթ 12, 38-47; Ղկս 11, 27-28)։

Մեկ անգամ ևս կրկնենք, որ Քրիստոսի Հարությունն Առաքյալների և առաջին քրիստոնյաների համար եղել է մի կենսական հարց և Հիսուսի աստվածությունը փաստող հզոր ապացույց։

Այժմ անցենք հանգամանորեն ցույց տալու, որ Հիսուսն իսկապես մահացել է խաչի վրա և իսկապես էլ մեռյալներից հարություն է առել։

[1] Հարության փաստարկների վերաբերյալ տե՛ս մեր կայքում հրատարակված «Հիսուսի Հարության պատմական փաստերը» աշխատությունը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։