Գլուխ Ի. - Հիսուսի մահվան թվականը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ի. - Հիսուսի մահվան թվականը

Մինչև վերջերս համընդհանուր կարծիքն այն էր, որ Հիսուսը 33 տարեկանում է մահացել։

Այս կարծիքը հիմնված էր Ղուկաս Ավետարանչի հետևյալ խոսքերի վրա. «Եվ Ինքը՝ Հիսուսը, շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց Իր գործունեությունը» (Ղկս 3, 23)։

Հովհաննես Ավետարանիչն էլ Հիսուսի քարոզչության շրջանում երեք Զատիկներ է հիշատակում, այսինքն՝ երեք տարիներ։ Հետևաբար, Հիսուսը մահվան ժամանակ պիտի որ 33 տարեկանը բոլորած լիներ։

Հիսուսի կյանքի մանրազննին ուսումնասիրությունը, սակայն, Նրա տարիքը մինչև 40 է հասցնում։

Այժմ անդրադառնանք այն փաստերին, որոնք 6-7 տարով երկարացնում են Հիսուսի մինչև վերջերս ընդունված տարիքը։

Հեթանոս պատմիչ Տակիտոսի և Ավետարանների համաձայն՝ Հիսուսը խաչվել և մահացել է Պոնտացի Պիղատոսի իշխանության օրոք։

Պատմությունից գիտենք, որ Պիղատոսը Պաղեստինի կուսակալ է եղել մեր թվականության 26-36 տարիներին։

Ղուկաս Ավետարանիչն ասում է, որ Հովհաննես Մկրտիչն իր քարոզչությունը սկսել է Տիբերիոս կայսեր տասնհինգերորդ տարում։

Ահա՛ նրա խոսքերը. «Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում ... Աստծո խոսքը լսելի եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին անապատում։ Եվ նա եկավ Հորդանանի կողմը՝ ապաշխարության մկրտություն քարոզելու՝ մեղքերի թողության համար» (Ղկս 3, 1-3)։

Տիբերիոսը կայսր է դարձել մեր թվականության 14 թվականին։ Ինչպես վերևում ասացինք, Ղուկասի համաձայն, Տիբերիոսի գահակալության 15-րդ տարում, այսինքն՝ մեր թվականության 29 թվականին, սկսվում է Հովհաննեսի քարոզչությունը և քիչ անց տեղի է ունենում Հիսուսի մկրտությունը։

Արդ, եթե Հիսուսը 29 կամ 30 թվականին է մկրտվել և սկսել Իր քարոզչությունը, ինչը, Հովհաննես Ավետարանչի համաձայն, տևեց երեք տարի, ապա այս պարագայում Հիսուսի մահվան թվականը լինում է 32 կամ 33 թվականը։

Բայց չէ՞ որ ցույց տվեցինք, որ մեր այսօրվա թվականը 7 տարիների սխալ ունի։ Այդ սխալը սրբագրելով՝ 7 տարի ավելացնենք 32-ի կամ 33-ի վրա և կստանանք 39 կամ 40, որն է Հիսուսի մահվան տարին, Հիսուսի տարիքը։

Ահա՛ մեկ այլ փաստ ևս։

Գիտենք, որ Պողոս Առաքյալը քրիստոնյա դարձավ մեր թվականության 34 թվականին, Հիսուսի մահվանից ո՛չ շատ անց[1]։

Արդ, 34 թվականի վրա պիտի ավելացնենք սխալ հաշվարկի 7 տարիները և կունենանք 41 տարին, որն է Հիսուսի տարիքը։

Իսկ եթե ընդունենք, որ Պողոսը դարձի է եկել Հիսուսի մահվանից մի տարի անց, այնժամ Հիսուսի մահը պիտի հաշվենք 33 թվականին, որի վրա 7 տարի ավելացնելով՝ կունենաք սրբագրված 40 թվականը, այսինքն՝ Հիսուսի ճշգրիտ տարիքը։

Այժմ խորանանք մանրամասնությունների մեջ և փորձենք գտնել ո՛չ միայն Հիսուսի մահվան տարին, այլ նաև՝ մահվան ճշգրիտ օրը։

Հրեաները մյուս ժողովուրդների նման ո՛չ թե արևի, այլ՝ լուսնի տարին էին գործածում։

Նրանց համար օրը սկսվում էր արևի մայր մտնելուց հետո։ Հինգշաբթի օրը, օրինակ, արևը մայր մտնելուն պես, ուրբաթ օրն էր սկսվում։

Նոր տարին գարնանն էր սկսվում, և առաջին ամիսը Նիսան էր կոչվում, իսկ տարվա վերջին ամիսը՝ Ատար։

Բայց քանի որ լուսնային տարին 11 օր ավելի կարճ է, քան արևային տարին, լուսնային տարին արևային տարվան հավասարեցնելու համար Ատար և Նիսան ամիսների միջև հարկ էր լինում «երկրորդ Ատար» ամիսն ավելացնել։

Իսկ հրեաների Զատիկն էլ հանդիպում էր գարնանամուտի գիշերահավասարից հետո եկող առաջին լիալուսնին։

Ավետարանիչների համաձայն՝ Հիսուսի մահը տեղի է ունեցել Զատկվա շաբաթվա մեջ, Նիսանի 14-ին, ուրբաթ, կեսօրից հետո։

Արդ, 32 թվականի Նիսանի 14-ը շաբաթ օր է և համընկնում է Ապրիլի 13-ին, իսկ 33 թվականի Նիսանի 14-ը՝ Ապրիլի 3-ին է համընկնում և հենց ուրբաթ օր է։

Այս վերջին թվականը գիտնականների համար Հիսուսի խաչելության ամենահավանական թվականն է։

Հետևաբար, այստեղ էլ Դիոնիսիոս Կրտսերի արած Հիսուսի ծննդյան թվականը ճշտելով՝ 7 տարի ավելացնենք 33 թվականին, կստանանք 40 թվականը՝ Հիսուսի ճշգրիտ տարիքը։

Այժմ անդրադառնանք աստղաբաշխության հետ կապված մի փաստի։

Չորս Ավետարանիչներից միայն Ղուկասն է, որ Հիսուսի խաչված մահանալու ժամանակ խոսում է արևի խավարման մասին. «Եվ համարյա կեսօր էր. և խավար եղավ ողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց։ Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց» (Ղկս 23, 44-45)։

Սակայն, աստղագետների համաձայն, Հիսուսի խաչելության ժամանակ արևի խավարում տեղի չի ունեցել։

Արդ, ինչպե՞ս կարելի է այս հարցը լուծել։

Քոլին Համֆրիս[2] և Գրեմ Ուոդինգտըն[3] գիտնականները 1983 թվականին «Nature» թերթում գիտական մի հոդվածով հետևյալ բացատրությունն են տալիս[4]։

Պետրոս Առաքյալը Հոգեգալստյան օրը, երբ խոսում ժողովրդի առաջ, Հովել մարգարեի հետևյալ խոսքերն էր մեջբերում. «Հրաշքներ ցույց կտամ երկնքում և երկրի վրա՝ արյուն, հուր և ծխի մրրիկ. արեգակը կխավարի, և լուսինը արյուն կդառնա» (Հվլ 2, 30)։

Սրանից բացի, մեզ հասել է «Պիղատոսի հաղորդագրություն» կոչված մի գրություն, ուղղված Տիբերիոս կայսերը։ Սակայն շատերն այն պարականոն են համարում։

Մեր վերոհիշյալ երկու գիտնականների համաձայն՝ որքան էլ պարականոն համարվի այս գրությունը, սակայն, կարող է մի հիմք ունենալ՝ լինելով կորստյան մատնված մի բնագրի աղավաղված մի ձևը։

Արդ, այս գրության մեջ նշվում է, որ Հիսուսի խաչելության ժամանակ «արևը խավարել է, իսկ լուսինը՝ կարմրել»։

Զույգ գիտնականները՝ լինի՛ Հովել մարգարեի «լուսինը արյուն կդառնա», լինի՛ Պիղատոսի հաղորդագրության մեջ հիշատակված «լուսինը կարմրած է» խոսքերը, լուսնի խավարում են ենթադրում։

Արդարև, ըստ իրենց, հենց Ապրիլի 3-ին Երուսաղեմում տեսանելի լուսնի խավարում է տեղի ունեցել։

Լուսնի խավարումը սկսվել է 33 թվականի Ապրիլի 3-ին, կեսօրից հետո ժամը 15։40-ին։ Ժամը 17։15-ին լուսնի մակերեսի 60%-ը խավարել է։

Լուսնի խավարումը Երուսաղեմում տեսանելի է եղել ժամը 18։20-ին, երբ լուսնի մակերեսի 20%-ը խավարած էր։ Կես ժամ անց, ժամը 18։50-ին, լուսնի խավարումն ավարտվել է, հենց այն ժամանակ, երբ հրեական շաբաթն ու Զատիկն են սկսվում։

Լուսինը խավարելու ընթացքում կարմիր կամ արնագույն, ավելի ճիշտ՝ նարնջագույն-դեղին երանգ է ստանում, արևի ճառագայթների բեկբեկման արդյունքում։ Բնական այս երևույթով են բացատրվում Հովել մարգարեի «լուսինը արյուն կդառնա» և Պիղատոսի «լուսինը կարմրել է» հաստատումները։

Իսկ ինչ վերաբերվում է Ղուկաս Ավետարանչի ակնարկած արևի խավարմանը, ապա գիտնականներն այդ երևույթը բացատրում են՝ ասելով, թե Հիսուսի խաչելության օրը ավազե մրրիկ էր բարձրացել, արևը ծածկել էր և երկինքը մթնել էր։

Ավազի մրրիկ Պաղեստինում մինչև այսօր էլ պատահում է։

Հիսուսի տարիքը 40 լինելու մասին գիտնականները մեկ ա՛յլ ապացույց էլ են տալիս։

Նրանք գիտականորեն փաստել են, որ Թուրին քաղաքում գտնվող վարշամակը Հիսուսի մարմինը պարունակած վարշամակն է, որի վրա հստակորեն տպված է Հիսուսի դիմագիծը։

Մանրամասնորեն քննելով այդ դիմագծի վրա երևացող ճակատի խորշոմները, թույլ այտերը, կոպերի և բերանի ձևը, եզրակացնում են, որ դա փաստում է մոտավորապես 40 տարեկան մարդու դեմք լինելու բոլոր հատկանիշները։

Հավելենք նաև, որ հրեաները Հիսուսի հետ վիճելու ժամանակ նրան ասում են. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս, և Աբրահամին ես տեսել» (Հվհ 8, 57)։ Արդ, սույն խոսքերն ավելի բնական է, որ ասած լինեն 40 տարեկան մարդու, քան 30-33 տարեկան մեկին։

Ինչ վերաբերում է Ղուկասի խոսքերին, թե՝ «Հիսուսը, երբ քարոզչությունը սկսեց, գրեթե երեսուն տարեկան էր», մասնագետների համար դժվարություն չի հարուցում։ Նրանք «գրեթե» բառն առաձգական են համարում։

Աստվածաշնչի մասնագետ Ջուզեպպե Ռիչչոտտին[5] ասում է. «Գրեթե երեսուն տարեկանը կարող է 34 տարեկան լինել»[6]։

Վերը նշված պատմական և գիտական բոլոր փաստերը բավականաչափ համոզիչ են՝ ընդունելու համար, որ Քրիստոսը երկրի վրա ապրել է 39-40 տարի։ Չմոռանանք, որ 40 թիվը Աստվածաշնչի ողջ ավանդության մեջ ամենասրբազան թվերից մեկն է միշտ եղել։

[1] Դենիել Ռոփսը Պողոսի դարձը թվագրում է 32-36 տարիների միջև։ Տե՛ս՝ L'Eglise des Apôtres et des martyrs, 1962, p. 74.
[2] Քոլին Ջոն Համֆրիս (Colin John Humphreys, ծնվ. 1941թ.), բրիտանացի ֆիզիկոս, Լոնդոնի Թագուհի Մարիայի անվան համալսարանի նյութագիտության պրոֆեսոր
[3] Գրեմ Ուոդինգտըն (W. Graeme Waddington), Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկոս
[4] C.J. Humphreys and W.G. Waddington, Dating the Crucifixion, «Nature» 1983, p. 743-746.
[5] Ջուզեպպե Ռիչչոտտի (Giuseppe Ricciotti, 1890-1964), իտալացի կաթոլիկ կանոնիկոս, աստվածաշնչագետ, հնեաբան
[6] Giuseppe Ricciotti, Vita di Gesù Cristo, 1968, p. 176.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։