Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացություն

Մինչև այստեղ տեսանք Աստվածաշնչի մասնագետների բազմազան, երբեմն իրար հակասող անթիվ կարծիքներ, որ վերաբերվում են չորրորդ Ավետարանի հեղինակի, գրության վայրի, թվականի, ոճի, նյութերի հաջորդականության պակասի, կրկնությունների և ա՛յլ հարցերին։

Սրանք փշոտ հարցեր են, որոնցից ոմանք դեռ վերջնական և գոհացուցիչ լուծում չեն գտել։

Բնական է, որ տարիների ընթացքում մասնագետները նոր ուսումնասիրություններով նոր անդրադարձումներ են ունենում, նոր գյուտեր են անում, և հին կարծիքները փոխարինվում են նոր կարծիքներով։

Չորրորդ Ավետարանի հեղինակի մասին երկու գլխավոր կարծիքներ կան։ Առաջին կարծիքին հետևող հեղինակները եկեղեցական հին Ավանդության վրա հիմնվելով՝ «Հիսուսի սիրած աշակերտին» նույնացնում են Զեբեդեոսի որդի Հովհաննես Առաքյալի հետ, ով չորրորդ Ավետարանը գրել է Եփեսոս քաղաքում[1]։

Երկրորդ կարծիքի հետևողներն այս Ավետարանի հեղինակությունը վերագրում են Երուսաղեմում ապրած ոմն Հովհաննես Երեցի, ով ուսյալ դասակարգի է պատկանել և, հավանաբար, Հիսուսի կյանքի վերջին շրջանի դեպքերին էլ ականատես վկա է եղել[2]։

Ահա՛ մի քանի տվյալ, որ երկրորդ կարծիքի կողմնակիցները առաջ են քաշում չորրորդ Ավետարանից.

1) «Զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն և ջուր ելավ։ Եվ ով այս բանը տեսավ, վկայեց. և նրա վկայությունը ճշմարիտ է» (Հվհ 19, 36-37)։

2) «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հվհ 21, 25)։

Երկրորդ կարծիքի հեղինակներն ասում են, որ բնական չէ, որ չորրորդ Ավետարանի հեղինակն ինքն իր մասին երրորդ դեմքով խոսի։ Բնական և տրամաբանական պիտի լիներ, եթե նա իր մասին խոսեր առաջին դեմքով և ասեր. «Ես տեսա և վկայում եմ ... »։

3) Չորրորդ Ավետարանի վերջաբանը (գլուխ 22) գրողը մեկ ա՛յլ անձ է, որ կարծես մի մասնավոր նպատակ է հետապնդում՝ երկար բարակ խոսելով Հովհաննեսի մահանալու մասին։ Նա կարծես ցանկանում է ընթերցողներին հասկացնել, որ Հովհաննես Առաքյալը, ով ենթադրվում էր, որ մինչև Հիսուսի Երկրորդ գալուստը պիտի չմահանար, արդեն մահացել է։

Այս և նման պատճառաբանություններով, մի խումբ հեղինակներ չորրորդ Ավետարանի հեղինակային պատկանելությունը ցանկանում են վերագրել Հովհաննես Առաքյալից տարբեր՝ մի ա՛յլ Հովհաննեսի։

Ուսումնասիրությունները շարունակվում են։ Ուսումնասիրողներն իրենց լուսարձակը դեռ պիտի պտտեն՝ մութ մնացած շատ կետերի համար, մինչև որ համոզիչ մի լուծում գտնեն դժվարալույծ կարծված հարցերի վերաբերյալ։ Եթե անշուշտ հնարավոր է երբևէ նման լուծում գտնել Ավետարանների համար։

Մինչ այդ, մենք գոհանում ենք՝ այստեղ դնելով այն եզրակացությունները, որոնք մերօրյա հմուտ մասնագետների մեծամասնության կողմից ընդունված կարծիքներն են։

1) Քրիստոնյա առաջին համայնքի շրջանում Քրիստոսի կյանքի պատմությունն ու Նրա վարդապետությունը բանավոր են ավանդվել։

2) Մի քանի տարի անց արդեն հրապարակի վրա հայտնվել են Հիսուսի խոսքերի, գործերի, հրաշքների մասին համառոտ գրություններ, որոնց մասին ակնարկում է Ղուկաս Ավետարանիչն՝ ասելով. «Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան» (Ղկս 1, 1-2)։

3) Լինի՛ բանավոր, լինի՛ գրավոր ավանդությունները չորս Ավետարանների համար հիմք են ծառայել։

4) Ժամանակի ընթացքում ավանդությունները զանազան նրբերանգներ են ստացել և զարգացվել են ուսմամբ ու քարոզչությամբ։

Ահա՛, զարգացած և ընդարձակված այս ավանդությունն է, որ մեծ մասամբ նյութ է հայթայթել չորրորդ Ավետարանի առաջին շարադրության համար։

5) Չորրորդ Ավետարանը հետագայում՝ նաև նոր ընթերցողներ և նոր միջավայր ներառելով՝ մեկ ա՛յլ խմբագրություն է ունեցել, որի մեջ նոր նյութեր, Հիսուսի կյանքից նոր դրվագներ, նոր խոսքեր ու նոր հրաշքներ են ներմուծվել։

Այսպիսով, չորրորդ Ավետարանը մի նոր հանդերձանք է հագել, նրա մեջ մի նոր աստավածաբանական շունչ է մտել։

6) Ի վերջո, Ավետարանիչից տարբեր մեկը, հավանաբար իր հիմնած դպրոցի աշակերտներից մեկը, չորրորդ Ավետարանը ճոխացրել է՝ այնտեղ ներմուծելով նոր նյութեր, որոնք դուրս էին մնացել նախորդ խմբագրությունից։

Մասնագետների համաձայն՝ նոր խմբագրողը հավանաբար ավելացրել է 6, 51-58; 3, 31-36; 12, 44-50 և ա՛յլ հատվածներ, որոնք ոչ միայն պատմության հաջորդականությունն են ընդհատել, այլ նաև՝ ժամանակագրական խանգարման, անտեղի կրկնությունների, ավելորդ կուտակումների ու տեղափոխությունների պատճառ են դարձել. օրինակի համար, Տաճարից վաճառականների ու լումայափոխների արտաքսումը ներմուծվել է 2րդ գլխի մեջ, և այլն։

Այս ամենը ցույց է տալիս, որ Հովհաննեսի Ավետարանը հաջորդաբար ավանդությունների նոր տվյալներով ճոխացած է մեզ հասել։

Հետևաբար՝ առաջին խմբագրությունը և նյութերի զարգացումը, եթե Պաղեստինում և Սիրիայում է սկսվել, վերջին խմբագրությունն էլ, ըստ եկեղեցական Ավանդության, կարող է կատարված լինել Եփեսոսում։

[1] Il messaggio della salvezza, 1984, p. 25.
[2] Նույն, pp. 26-27.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։