Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը

Եկեղեցական հին մատենագիրները՝ Պապիասը, Իրենեուսը, Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը և այլոք, վկայում են, որ առաջին Ավետարանն արամայերեն լեզվով Մատթեոսն է գրել, որից հետո գալիս է Մարկոսը, ով, համաձայն Կղեմես Ալեքսանդրացու, Եվսեբիոսի, Հերոնիմոսի, Եպիփանի, իր Ավետարանը գրել է Պետրոս Առաքյալի կենդանության օրոք։

Եվսեբիոսը, Կղեմես Ալեքսանդրացուն հետևելով, ավելացնում է նաև, որ Պետրոսը Մարկոսի գրած Ավետարանը տեսել է և «հավանելով՝ վավերացրել է դրա ընթերցումը եկեղեցիներում»[1]։

Ա՛յլ մատենագիրների համաձայն՝ Մարկոսն Ավետարանը գրել է Պետրոս և Պողոս Առաքյալների մահվանից հետո։

Պապիասը Հովհաննես Երեցից լսածները գրելով՝ ասում է. Մարկոսը «Տիրոջից [Հիսուսից] անձամբ չլսեց և Նրա հետևորդը չեղավ, այլ՝ Պետրոսի հետ էր շրջում, հետո, ինչպես ասացի, վարդապետության համար էր նշանագրում ... ։ Մարկոսն ինչ որ հիշեց, դրանք էլ գրի առավ»[2]։

Պապիասին է միանում կարծես նաև Իրենեուսը՝ վկայելով, որ Մարկոսը Պետրոսի և Պողոսի մահվանից հետո է իր Ավետարանը գրել։

Որով, Պապիասի և Իրենեուսի համաձայն՝ Մարկոսը 64 թվականից առաջ չի կարող իր Ավետարանը գրած լինել։

Մյուս կողմից, երկրորդ Ավետարանում որևէ ակնարկ չկա Երուսաղեմի կործանման մասին, որ տեղի ունեցել է 70 թվականին հռոմեացիների կողմից։

Հետևաբար այսօր մի շարք մասնագետներ ենթադրում են, որ Մարկոսի Ավետարանն ամենաուշը գրվել է 64-67 թվականների ընթացքում։

 
[1] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Բ., էջ 105-106.
[2] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական Պատմություն, Դպր. Գ., էջ 231.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։