Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար – Գրադարան – Mashtoz.org

Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար

Արտաքին և ներքին փաստերը ցույց են տալիս, որ երկրորդ Ավետարանը գրվել է ո՛չ թե հրեաների, այլ՝ այն քրիստոնյաների համար, ովքեր հեթանոսությունից են դարձի եկել։

Ինչպես քիչ առաջ տեսանք, Կղեմես Ալեքսանդրացու համաձայն՝ Մարկոսն իր Ավետարանը գրել է Հռոմի քրիստոնյաների խնդրանքով։

Մատթեոսը, որ հրեաների համար էր գրել իր Ավետարանը, երկար ու հանգամանալի կերպով անդրադառնում է հրեական օրենքներին ու մարգարեներին, մինչդեռ Մարկոսի Ավետարանում բացակայում է այն, ինչը որ կարող էր հրեաներին հետաքրքրել։

Քանի որ ընթերցողները հրեա չէին, Մարկոսը շատ համառոտ կերպով է խոսում Հին Կտակարանի օրենքների մասին։

Ոչ-հրեա հասարակությանը հասկանալի լինելու մտահոգությամբ՝ երկրորդ Ավետարանի հեղինակն արամայերեն բառերը հունարենի է թարգմանում և շատ անգամներ հրեաների սովորությունների մասին մանրամասնություններ ու բացատրություններ է տալիս. օրինակ, ճաշից առաջ նրանց ձեռք լվանալու արարողությունը (Մրկ 7, 1-4), Բաղարջակերաց տոնի առաջին օրը Զատիկը (զատկական գառը) զոհելը (Մրկ 14, 12), և ա՛յլ նման սովորություններ, որ ծանոթ էին հրեաներին, բայց անծանոթ՝ հեթանոսներին։

Արդ, եթե Մարկոսն իր գիրքը հրեաների համար գրած լիներ, անշուշտ նման մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ պիտի լիներ։

Նմանապես, նպատակից զուրկ պիտի լիներ «լումա» բառի լատիներեն թարգմանությունն անելը. «Աղքատ մի այրի էլ եկավ և երկու լումա թողեց, այսինքն՝ մեկ նաքարակիտ» (Մրկ 12, 42)։

Մատթեոսի Ավետարանում Հիսուսը քանանացի կնոջ աղջկան բուժելուց առաջ ասում է. «Ես Իսրայելի տան կորած ոչխարների համար եմ միայն առաքված» (Մրկ 15, 24)։ Մինչդեռ Մարկոսը, որ հեթանոսությունից դարձի եկած հավատացյալների համար էր գրում, նրբանկատությամբ զանց է առնում Հիսուսի այդ խոսքերը։

Դրա փոխարեն՝ Մարկոսը չի մոռանում գրի առնել Հիսուսի այն խոսքերն ու գործերը, որոնք նպաստավոր էին հեթանոսների համար։ Օրինակ. «Եվ այդ կինը հեթանոս էր, փյունիկ ասորի» (Մրկ 7, 27), ում դստերը բուժեց։

Մեկ ա՛յլ տեղ Հիսուսն ասում է. «Գրված է, թե՝ Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր հեթանոսների համար» (Մրկ 7, 27), և «բայց նախ պետք է, որ Ավետարանը բոլոր ազգերին քարոզվի» (Մրկ 11, 17)։

Ուշադրության արժանի փաստ է նաև, որ Մարկոսը Հիսուսի վերաբերյալ «Դավթի Որդի» ասելու փոխարեն Նրան «Մարդու Որդի» կամ «Աստծո Որդի» է անվանում. ինչպես նաև, հավանաբար, իր Ավետարանը հրեաներին հասցեագրած չլինելու պատճառով՝ Հին Կտակարանից շատ մեջբերում չի կատարում։ Մարկոսի 18 մեջբերումների դիմաց, Մատթեոսը, ով հրեաների համար էր գրում, Հին Կտակարանից կատարված 70 մեջբերում ունի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։