Երրորդ Ավետարանի հեղինակը Ղուկասն է – Գրադարան – Mashtoz.org

Երրորդ Ավետարանի հեղինակը Ղուկասն է

Արտաքին փաստեր

Երրորդ Ավետարանի մասին Պապիասից (130-150) մեզ ոչ մի վկայություն չի հասել։

1. – Սակայն Երկրորդ դարի վերջերին գրված (180) «Մուռատորյան Կանոն» կոչվող գրության մեջ կարդում ենք. «Երրորդ Ավետարան, որ ըստ Ղուկասի»[1]։

Այս տողից հետո նույն գրության հեղինակը Ղուկասի մասին խոսելով՝ ասում է, թե Ղուկասը Հիսուսին մարմնով չի տեսել. Պողոս Առաքյալը Ղուկասին իր հետ է վերցրել, ով Ավետարանը գրել է՝ սկսելով Հովհաննես Մկրտչի ծնունդից։

Մեր համար թանկագին է վերոհիշյալ վկայությունը, որովհետև այն Երկրորդ դարից է գալիս։

2. – Նույնքան հնություն և արժեք ունի նաև Իրենեուսի (†202) վկայությունը, որ ասում է. «Պողոսի ընկերակիցը՝ Ղուկասը, նրա [Պողոսի] քարոզած Ավետարանը մի գրքում ամփոփեց»[2]։

Իրենեուսի նույն գրության մեջ նաև հետևյալը կա. «Ղուկասն արժանի համարվեց մեզ Ավետարան ավանդելու»[3]։

3. – Տերտուղիանոսը (155-320) վկայում է, որ առաքելահաստատ եկեղեցիներում Ղուկասի Ավետարանն էր ընթերցվում[4]։ Նա ավելացնում է նաև, որ շուրջ 140 թվականին Մարկիանոս հերետիկոսը չորս Ավետարաններից միայն Ղուկասինն էր իբրև վավերական ընդունում։

4. – Կղեմես Ալեքսանդրացին (150-215) ասում է, որ Քրիստոսի Օգոստոս կայսեր օրոք ծնված լինելը «գրված է Ղուկասի Ավետարանում»[5]։

5. – Որոգինեսը (185-254) հաստատում է, որ երրորդ Ավետարանը հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար գրել է Ղուկասը՝ Պողոսից քաղելով։

Ա՛յլ թանկագին վկայություններ կարող էինք բերել նաև Եվսեբիոս Կեսարացուց և Հերոնիմոսից, ովքեր իրենց գիտությունը Եկեղեցու հին Սուրբ Հայրերից են քաղել։

6. – Սակայն, արժե մեջբերել «Հակամարկիոնական Նախաբան» կոչված գրությունը, որը բողոքական նշանավոր աստվածաբան Հառնակի և Դե Բրյոյնեի[6] համաձայն՝ Երկրորդ դարում, իսկ Էնգելբերդ Գուտվենգերի[7] և ուրիշների համաձայն՝ գրվել է Չորրորդ դարի սկզբին և արժեքավոր մանրամասնություններ է պարունակում Ղուկաս Ավետարանչի մասին։

Ահա՛ այդ գրությունը. «Ղուկասը՝ ծագումով սիրիացի, Անտիոքից, արվեստով՝ բժիշկ, Առաքյալների աշակերտ։ Ավելի ուշ աշակերտեց Պողոսին, մինչև նրա մահը։ Տիրոջն անվրեպ ծառայելով՝ կին չունեցավ, զավակներ չծնեց, լի Սուրբ Հոգով, ութսուն տարեկանում մահացավ Բեովտիայում (Թեբե)։ Այսպես, ուրեմն, ինչպես Ավետարաններն արդեն գրվել էին Մատթեոսի կողմից՝ Հուդայում, Մարկոսի կողմից՝ Իտալիայում, Սուրբ Հոգու ներշնչմամբ է, որ նա [Ղուկասը] Աքայիայի գավառներում գրեց այս Ավետարանը ... »[8]։

 

Ներքին փաստեր

1. - Երրորդ Ավետարանի լուրջ ուսումնասիրությամբ տեսնում ենք, որ նրա հեղինակը, անգամ եթե իր պատմածների ականատեսը չէ, բայց դրանք աներկբայորեն քաղել է ականատեսներից։ Միմիայն ականատեսը կամ ականատեսից լսած պատմիչը կարող է այդքան իրապաշտ և վառ նկարագրություն կատարել, և իր պատմածներին մանրամասնություններ հաղորդել։

2. – Երրորդ Ավետարանը համեմատելով «Գործք Առաքելոց» գրքի հետ՝ անմիջապես անդրադառնում ենք, որ այս երկուսն իրար հետ սերտ նմանություններ ունեն՝ լեզվի, ոճի, գաղափարների։

Եկեղեցու հին ավանդության համաձայն՝ վերոհիշյալ երկու գրքերի հեղինակը Ղուկասն է։

Հառնակի հանգամանալից ուսումնասիրություններից հետո, այսօր մասնագետների ջախջախիչ մեծամասնությունը երրորդ Ավետարանի և «Գործք Առաքելոց»ի հեղինակներին նույնացնում է՝ հակառակ մի քանի բանասերների և հատկապես Էռնստ Հենհենի[9], ով ջանում է փաստել, թե Գործք Առաքելոցի հեղինակը չի կարող լինել Պողոս Առաքյալի գործակիցներից մեկը։ Ակնհայտ է, սակայն, որ վերոհիշյալ երկու գրքերն էլ նվիրված են միևնույն անձին՝ Թեոփիլոսին. երկու գրքերում էլ գտնում ենք միևնույն խոսքը, գրելաոճը և վարդապետական տեսությունները։

3. – Նույնքան ակնհայտ է, որ երրորդ Ավետարանի հեղինակը Պողոս Առաքյալի հետ մեծ առնչություն ունի։

Երրորդ Ավետարանիչը ո՛չ միայն ունի Պողոսի մտածելակերպը, մտայնությունն ու աստվածաբանական գաղափարները (օրինակ՝ Հիսուսի փրկագործության ընդհանրականության, աղոթքի զորության, խոնարհամտության և աղքատության մասին), այլ նաև՝ բացատրական այնպիսի ձևեր ու բառեր, որոնք հատուկ են Պողոս Առաքյալին։

Մասնագետները մոտ 103 եզր են առանձնացրել, որոնք առկա են թե՛ Պողոսի և թե՛ Ղուկասի մոտ, սակայն բացակայում են Նոր Կտակարանին մաս կազմող մյուս գրքերում։

Խոսուն մի օրինակ տալու համար համեմատենք Ամենասուրբ Հաղորդության հաստատության նկարագրությունները, որոնք բառացիորեն նույնն են թե՛ Պողոսի կողմից Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակում (1Կր 11, 23-25), և թե՛ երրորդ Ավետարանում (Ղկս 22, 19-20)։

Արժե նաև համեմատել Հարությունից հետո Հիսուսի երևումները՝ զանազան անձանց (1Կր 15, 1 և Ղկս 24, 34)։

4. – Ինչ վերաբերվում է երրորդ Ավետարանչի մասնագիտությամբ բժիշկ լինելուն, ապա Ուիլյամ Հոբարտը մանրամասն մի ուսումնասիրությամբ[10] մեզ ցույց է տալիս երրորդ Ավետարանչի գործածած բժշկական բառապաշարը։

Սակայն մեկ ա՛յլ ուսումնասիրողի՝ Հենրի Քեդբերիի[11] համաձայն, երրորդ Ավետարանում գտնվող բառերից չի կարելի աներկբայորեն պնդել, թե դրա հեղինակը մասնագիտությամբ բժիշկ է եղել, քանի որ բժշկական նույն բառերը գործածական են նաև Փիլոնի, Հովսեփոսի, Պլուտարքոսի և այլոց գրություններում[12]։

Եթե նույնիսկ երրորդ Ավետարանի հեղինակի բժիշկ լինելը չկարողանանք բացարձակ ճշգրտությամբ փաստել իր գործածած բժշկական բառերից, այնուամենայնիվ պետք է ընդունել, որ չորս Ավետարաններից միայն Ղուկասի մոտ է, որ բժշկական տեսակետն ավելի ընդգծված է և բժշկական բառեր են գործածված։ Միայն նա է, որ գրել է Հիսուսի արյուն քրտնելու մասին. նա է դարձյալ, որ ասում է, որ Հիսուսից «մի զորություն էր բխում, որ բոլորին բուժում էր» (Ղկս 6, 19)։

Նմանապես, Ղուկասն է, որ հստակորեն արտահայտվում է Հիսուսի հոգիների և մարմնի բժիշկ լինելու մասին (Ղկս 4, 23)։

5. - Հավելենք նաև, որ երրորդ Ավետարանիչը թեև տեղ տեղ եբրայաբանություններ ունի, բայց հմուտ հունաբան է։ Նրա լեզուն թեև դասական մաքուր հունարենը չէ, սակայն իր ճոխ բառապաշարով շատ բարձր է մյուս Ավետարաններում գործածված հունարենից։

[1] Rivista di Archeologia Cristiana, 1926, p. 245.
[2] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 1, 1.
[3] Ընդդեմ հերետիկոսությունների, III, 14, 1.
[4] Ընդդեմ Մարկիանոսի, IV, 5.
[5] Հաճախապատում, I, 21 (PG VIII, 885).
[6] Դոնատյեն Դե Բրյոյնե (Donatien de Bruyne, 1871-1935), ֆրանսիացի աստվածաշնչագետ, Բենեդիկտյան Միաբանության անդամ
[7] Էնգելբերդ Գուտվենգեր (Engelbert Gutwenger, 1905-1985), գերմանացի կաթոլիկ աստվածաբան և Հիսուսյան Միաբանության անդամ
[8] Le Prologue antimarcionite, հմմտ. Aland, Synopsis, 533.
[9] Էռնստ Հենհեն (Ernst Haenchen, 1894-1975), գերմանացի բողոքական աստվածաբան, աստվածաշնչագետ
[10] The medical language of St. Luke, Dublin, 1882.
[11] Հենրի Ջոուլ Քեդբերի (Henry Joel Cadbury, 1883-1974), ամերիկացի աստվածաշնչագետ, բողոքական պատմաբան, գրող
[12] The style and literary method of Luke, Cambridge, 1919.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։