Կրկնակ ավանդություն – Գրադարան – Mashtoz.org

Կրկնակ ավանդություն

Ինչպես ասեցինք, կրկնակ ավանդություն ասելով՝ հասկանում ենք այն նյութերը, որոնք բնորոշ են միայն երկու Ավետարաններին (Մատթեոսի և Մարկոսի, կամ՝ Ղուկասի և Մարկոսի, և կամ էլ՝ Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններին)։

Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններից յուրաքանչյուրի մեկ հինգերորդը, մոտ 230-240 համարներ, կրկնակ ավանդության մաս են կազմում։

Վերոնշյալ նյութերը մեծ մասամբ Քրիստոսի խոսքերն են։ Որպես պատմական նյութ՝ այնտեղ գտնում ենք Հովհաննես Մկրտչի կյանքն ու առաքելությունը, Հիսուսի փորձությունները, հարյուրապետի ծառայի և դիվահարի բժշկումները, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի աշակերտների երթը Հիսուսի մոտ։

Մատթեոսի և Ղուկասի կրկնակ ավանդության նյութերը և դրանց դասավորումը, եթե տեղ-տեղ իրար նման են, ուրիշ տեղեր էլ բոլորովին իրարից տարբերվում են։ Նույն բանը կարելի է ասել նաև դրանց գրելաոճի և բառապաշարի մասին[1]։

Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում տիրող տարբերությունները երբեմն այնքան խորն են, օրինակ՝ Հիսուսի ազգաբանությունը և մանկության նկարագրությունը, որ բանասերներից շատերը մերժում են վերոնշված երկու Ավետարանների միջև ուղղակի որևէ առնչություն ընդունել։

Եթե մի կողմից, երկու Ավետարանների միջև ակնհայտ տարբերություններից եզրակացնում ենք, որ Մատթեոսն ու Ղուկասը ուղղակի իրարից չեն օգտվել, մյուս կողմից, սակայն, դրանց մոտ գտնվող բացահայտ նմանություններն էլ մեզ ստիպում են, որ երկուսի համար ընդունենք ընդհանուր մի աղբյուր կամ աղբյուրներ, որոնցից երկուսն էլ օգտվել են։

[1] Հմմտ. Մտթ 11, 25-27 և Ղկս 10, 21-22; Մտթ 7, 24-27 և Ղկս 6, 47-49

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։