Համատես Ավետարանների նյութերի քննարկում – Գրադարան – Mashtoz.org

Համատես Ավետարանների նյութերի քննարկում

Երեք Ավետարանների նյութերը կարելի է բաժանել հետևյալ չորս ընդհանուր մասերի.

 
Ա. – Քրիստոսի առաքելության պատրաստությունը – Մտթ 3, 1 - 4, 11; Մրկ 1, 1-13; Ղկս 3, 1 - 4, 13
Բ. – Քրիստոսի առաքելությունը Գալիլեայում – Մտթ 4, 12 - 18, 35; Մրկ 1, 14 - 9, 50; Ղկս 4, 14 - 9, 50
Գ. – Դեպի Երուսաղեմ – Մտթ 18, 1 - 20, 34; Մրկ 10, 1-56; Ղկս 9, 51 - 11, 43
Դ. – Քրիստոսի Չարչարանքներն ու Հարությունը – Մտթ 21-28; Մրկ 11-16; Ղկս 19-24
 
Երեք Ավետարանների վերոհիշյալ նյութերն իրար հետ համեմատելով՝ տեսնում ենք, որ երեք Ավետարանիչներն էլ իրենց կողմից արված հավելումներին կամ հապավումներին հակառակ, օգտվել են միմյանցից կամ ընդհանուր միևնույն մի աղբյուրից։

Սակայն շատ նմանություններին առընթեր՝ կան նաև իրարից զգալի տարբերություններ։

Օրինակ, Հիսուսի ազգաբանությունը գտնում ենք թե՛ Մատթեոսի[1] և թե Ղուկասի[2] մոտ։ Սակայն երկու ազգացուցակների մեջ իրարից տարբեր անուններ են հիշատակվում[3]։

«Հայր մեր» աղոթքի մեջ էլ Մատթեոսի մոտ յոթը խնդրանքներ կան, մինչդեռ Ղուկասինը միայն հինգ խնդրանքներ ունի։

Մատթեոսի (10, 10) և Ղուկասի (9, 3 և 10, 4) համարների համաձայն՝ Հիսուսն Իր աշակերտներին պատվիրում է, որ ճանապարհորդության ընթացքում իրենց հետ ոչինչ չկրեն, մինչդեռ Մարկոսի (6, 8) համարի համաձայն՝ Հիսուսը թույլատրում է, որ մի գավազան ունենան։

Տարբեր խմբագրություններ են նաև Լեռան քարոզը[4] և Ամենասուրբ Հաղորդության պատրաստման խոսքերը[5]։

Մատթեոսի մոտ հարյուրապետն անձամբ է ներկայանում Հիսուսին[6], մինչդեռ Ղուկասի համաձայն՝ հարյուրապետը Հիսուսի մոտ պատվիրակ է ուղարկում։

Մատթեոսը Երիքովի երկու կույրերի մասին է խոսում, մինչդեռ Մարկոսի և Ղուկասի համաձայն՝ միայն մի կույր է, որ Հիսուսի կողմից բժշկվում է[7]։ Նմանապես, Մատթեոսի համաձայն՝ գերգեսացի դիվահարները երկուսն են, իսկ Մարկոսի համաձայն՝ մեկն է[8]։

Հիսուսի հարության նկարագրության մեջ Մատթեոսի և Մարկոսի համաձայն՝ միայն մի հրեշտակ կա Հիսուսի գերեզմանում, մինչդեռ Ղուկասի համաձայն՝ հրեշտակները երկուսն են[9]։

Կան նաև ա՛յլ նման տարբերակներ, որոնք թեև շարադրանքի էությանը չեն առնչվում, սակայն տարբեր աղբյուրների գոյությունն են մատնանշում։

Իսկ ինչ վերաբերվում է պատմված նյութերի հերթականությանը, ընդհանրապես Մարկոսն ու Ղուկասն[10] իրար հետ հաշտ են ընթանում, մինչդեռ Մատթեոսը տարբեր ուղի է որդեգրում, գլխավորապես Հիսուսի քարոզների և առակների մասին շարադրելիս։ Մատթեոսը սովորություն ունի Հիսուսի խոսքերը մեկտեղել, մինչդեռ Ղուկասի մոտ դրանք մեզ են ներկայանում իրարից բաժանված ձևով։

Ահա՛ այն գլուխների ցանկը, որոնցում Մատթեոսն ու Մարկոսը միևնույն հերթականությունն են պահել.

 
– Մտթ 7, 28 - 8, 16; Մրկ 1, 21-45
– Մտթ 9, 1-17; Մրկ 2, 1-22
– Մտթ 12, 1-14; Մրկ 2, 23 - 3, 6
– Մտթ 12, 22 - 13, 34; Մրկ 3, 22 - 4, 34
– Մտթ 8, 18-34; Մրկ 4, 35 - 5, 20
– Մտթ 9, 18-26; Մրկ 5, 21-43
 
Մինչդեռ Մարկոսի հետևյալ գլուխները՝ 1, 40-45; 4, 25; 4, 35 - 5, 20; 5, 21-43, Մատթեոսի մոտ տարբեր ընթացք ունեն։

Ղուկասը, նույնիսկ իր կողմից հավելումներ կամ հապավումներ անելու դեպքում, ընդհանրապես հետևում է Մարկոսին։ Երբեմն, սակայն, հաջորդականության շեղումներ է թույլ տալիս, այսպես՝ Հիսուսի այցելությունը Նազարեթ[11], Առաքյալների ընտրությունը[12], Տաճարից վաճառականների վռնդումը[13], Հիսուսի խաչելության նկարագրությունը և ա՛յլ[14] նյութեր, Մարկոսի և Ղուկասի մոտ բոլորովին ա՛յլ հերթականություն ունեն։

Բացի նյութերի տեղափոխություններից՝ միևնույն նյութի մեջ կան նաև մասնակի տեղափոխություններ։ Օրինակ՝ Հիսուսի կրած երեք փորձությունների շարքը տարբեր է Մատթեոսի և Ղուկասի մոտ։ Մատթեոսն իբրև երկրորդ փորձություն պատմում է այն պարագան, երբ Հիսուսը սատանայի կողմից տաճարի աշտարակի վրա է տարվում[15]։ Մինչդեռ Ղուկասի մոտ երկրորդ փորձության նկարագրության մեջ Հիսուսը սատանայի կողմից լեռ է բարձրացվում[16]։

Ուրիշ օրինակ. Մատթեոսը սերմնացանի առակում գրում է. «Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին՝ հարյուր. և կար որ մեկին՝ վաթսուն. և կար որ մեկին՝ երեսուն» (Մտթ 13, 8)։ Մարկոսը, հեղաշրջելով թվերի հերթականությունը, ասում է. «Մեկի տեղ՝ երեսուն, մեկի տեղ՝ վաթսուն և մեկի տեղ՝ հարյուր» (Մրկ 4, 8)։

Մեր ուսումնասիրությունը խորացնելով՝ նաև նշմարում ենք, որ երեք Ավետարաններում գոյություն ունեն ավելորդաբանություններ, ասացվածքների, բայերի՝ դասական ձևով գործածության նմանություններ։

Օրինակ՝ Մատթեոսը գրում է, որ Հիսուսը տեսավ Սիմոնին և Անդրեասին, ովքեր ուռկան էին նետում ծովը, «քանի որ ձկնորս էին» (Մտթ 4, 18)։ Նույն բացատրական արտահայտությունը կա նաև Մարկոսի մոտ, որ ասում է. «ուռկանները ծովն էին նետում, քանի որ ձկնորս էին» (Մրկ 1, 16)։

Նմանապես Մատթեոսի մոտ գտնում ենք. «Ինչի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով, - որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ)» (Մտթ 24, 15)։ Մարկոսը ևս կրկնում է նույն բացատրությունը. «Եվ երբ տեսնեք սարսափելի պղծությունը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպետք է լիներ (ով կարդում է, թող իմանա)» (Մրկ 13, 14)։

Երեք Ավետարանների միջև զգալի են նաև բառերի նմանություններ։ Պարզ մի օրինակ տալու համար ասենք, որ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը Մատթեոսն ու Ղուկասը նկարագրել են մոտավորապես վաթսուն բառերով, որոնք մեծավ մասամբ իրար նման են։

Նմանապես, զարմանալիորեն հանդիպում ենք մի քանի հազվագյուտ բառերի, օրինակ α՚παρθη = պիտի առնվի[17], ε՚πιβλημα = կարկատան[18], χατεγε՚λων αυ՚του՚ = ծաղրում էին նրան[19] և այլն, որոնք ողջ նոր Կտակարանում միայն վերը նշված հատվածներում են հանդիպում։

Նկատելի է նաև, որ Հին Կտակարանից երբեմն այնպիսի մեջբերումներ կան, որոնք նման են երեք Ավետարաններում, սակայն եբրայեցերեն բնագրում կամ Յոթանասնից հունարեն թարգմանության մեջ տարբեր երանգավորում ունեն։

Այս մեջբերումներից են, օրինակ, Եսայի մարգարեից վերցված այս տողերը. «Ահա՛ նրա ձայնը, որ գոչում է անապատում. պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները»[20]։ Եվ կամ. «Որովհետև սրա մասին է գրվածը. Ահա՛ ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»[21]։

Համատես Ավետարաններում գտնվող վերոնշյալ նմանությունները մի կողմից եթե մեզ մղում են մտածելու, որ դրանք մեկը մյուսից են օգտվել, մյուս կողմից էլ, սակայն, դրանցում գտնվող անհամաձայն կետերը մեզ մղում են զանազան ենթադրությունների դիմել։ Այս նյութերի վերաբերյալ հաջորդիվ պիտի մասնագետների կարծիքներից գլխավորները քննարկենք։

[1] Մտթ 1, 1-16
[2] Ղկս 3, 23-38
[3] Անունների տարբերության պատճառն այն է, որ մեկը ցանկացել է հիշատակել օրինական, մինչդեռ մյուսը՝ բնական հայրերի անունները։
[4] Մտթ 5, 1-12 և Ղկս 6, 20-26
[5] Մտթ 26, 26-28 և Ղկս 22, 19-20
[6] Մտթ 8, 5 և Ղկս 7, 3
[7] Մտթ 20, 30; Մրկ 10, 46 և Ղկս 18, 35
[8] Մտթ 8, 28 և Մրկ 5, 2
[9] Մտթ 28, 2; Մրկ 16, 5 և Ղկս 24, 4
[10] Հմմտ. Մրկ 1, 21 - 6, 13 և Ղկս 4, 31 - 9, 6
[11] Մրկ 6, 1-6 և Ղկս 4, 16-30
[12] Մրկ 1, 16-20 և Ղկս 5, 1-11
[13] Մրկ 11, 15-19 և Ղկս 19, 45-48
[14] Մրկ 3, 22-30; 4, 30-32; 9, 42-48; 10, 11-31; 12, 28-34; 13, 15-23.33-37
[15] Մտթ 4, 5
[16] Ղկս 4, 5
[17] Մտթ 9, 15 = Մրկ 2, 20 = Ղկս 5, 35
[18] Մտթ 9, 16 = Մրկ 2, 21 = Ղկս 5, 36
[19] Մտթ 9, 24 = Մրկ 5, 40 = Ղկս 8, 53
[20] Մտթ 3, 3 = Մրկ 1, 3 = Ղկս 3, 4
[21] Մտթ 11, 10 = Մրկ 1, 2 = Ղկս 7, 27; տե՛ս նաև Մտթ 4, 4; 4, 7; 22, 24; 22, 37; 26, 31
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։