Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները

Եթե չորրորդ Ավետարանի բովանդակությունն ուշի ուշով համեմատելու լինենք մյուս երեք՝ համատես Ավետարանների հետ, ապա պիտի նկատենք, որ մի շարք նմանություններին առընթեր՝ նաև բազմաթիվ տարբերություններ կան։

Չորրորդ Ավետարանում որոշ նյութեր ենք գտնում, որոնք բացակայում են մյուս երեք Ավետարաններում, իսկ երեք Ավետարաններում կան այնպիսի նյութեր, որոնք բացակայում են չորրորդ Ավետարանում։

Համառոտ կերպով տեսնենք այն տարբերությունները, որոնք գոյություն ունեն չորրորդ Ավետարանի և համատես կոչված մյուս երեք Ավետարանների միջև։

Չորրորդ Ավետարանը մյուս երեք Ավետարաններից տարբերվում է նախևառաջ տեղագրական և ժամանակագրական մի շարք կետերում։

Չորրորդ Ավետարանում ընդհանուր առմամբ նկարագրված է Հիսուսի՝ Երուսաղեմում և Հուդեայում ունեցած գործունեությունը, մինչդեռ երեք Ավետարաններում գրված է Հիսուսի՝ առավելապես Գալիլեայում ապրած կյանքը։

Չորրորդ Ավետարանի համաձայն՝ Հիսուսն Իր կյանքի ընթացքում առնվազն չորս անգամ գնացել է Երուսաղեմ, մինչդեռ երեք Ավետարաններում մանրամասնորեն նկարագրված է Հիսուսի միայն վերջին ճանապարհորդությունը դեպի Երուսաղեմ, որտեղ ձերբակալվում է, չարչարվում, խաչվում և, ի վերջո, հարություն առնում։

Չորրորդ Ավետարանում Հիսուսն Իր հրապարակային առաքելությունը սկսում է Հովհաննես Մկրտչի բանտարկությունից առաջ, և այն տևում է երկու տարուց ավելի։

Երեք Ավետարաններում Հիսուսի քարոզչությունը սկսվում է Հովհաննես Մկրտչի բանտարկությունից հետո։

Չորրորդ Ավետարանում հիշատակվում են զատկական երեք տոնակատարություններ, որոնց Հիսուսը մասնակցում է, մինչդեռ երեք Ավետարաններում միայն մեկ Զատիկի հիշատակություն կա։

Համատես Ավետարաններում նկարագրված 29 հրաշքներից միայն երկուսն են հիշատակվում Չորրորդ Ավետարանում՝ հացերի բազմացման և ջրի վրայով Հիսուսի քայլելու հրաշքները։

Չորրորդ Ավետարանում կան հինգ հրաշքներ, որոնց մասին մյուս երեք Ավետարաններում ոչ մի խոսք չենք գտնում։ Դրանք են. ա) Կանայում ջուրը գինու վերածելու հրաշքը[1], բ) Իշխանի որդու բժշկումը[2], գ) Պրոբատիկեի անդամալույծի հրաշքը[3], դ) Ի ծնե կույրի բժշկումը[4], և ե) Ղազարոսի հարությունը[5]։

Չորրորդ Ավետարանի համաձայն՝ Հիսուսը երկար ճառերով էր Իր վարդապետությունն ուսուցանում։ Այնտեղ հայտնված գաղափարները՝ լույս, կյանք, փառք, ճշմարտություն և այլն, տեղ տեղ վերացական են։ Հիսուսի լեզուն բարձրաթռիչ է, և խոսքերը վեհ իմաստներով են լի։

Մինչդեռ համատեսական Ավետարաններում Հիսուսի քարոզները լի են առակներով։ Լեզուն պարզ է ու պատկերավոր, դյուրըմբռնելի և բոլորին հասկանալի։

Չորրորդ Ավետարանում Հիսուսի հակառակորդներն ընդհանուր առմամբ հրեաներն են, իսկ մյուս երեք Ավետարաններում՝ փարիսեցիները, դպիրները, սադուկեցիները և գալիլեացի ամբոխը։

Հովհաննես Ավետարանիչն ընդգծում է Հիսուսի Աստծո Որդի լինելը, Ով Իր երկնավոր Հորը մարդկությանը հայտնելու համար է աշխարհ եկել, մինչդեռ մյուս երեք Ավետարանիչների մոտ տեսնում ենք Հիսուսին որպես Մարդու Որդի, բարի, ողորմած, որ քարոզում է Աստծո Արքայության մոտ լինելը[6], և այլն։

Վերոհիշյալ և ուրիշ նման տարբերությունները նկատի առնելով՝ բանասերները չորրորդ Ավետարանի և համատես Ավետարանների կապակցության մասին իրար հակասող կարծիքներ են հայտնել։

Եկեղեցու վաղ շրջանի Հայրերից Կղեմես Ալեքսանդրացին, Եվսեբիոս Կեսարացին, Եպիփան Կիպրացին, և ուրիշներ, ասում էին, որ Հովհաննես Առաքյալը փափագել է իրենից առաջ լույս տեսած երեք Ավետարանների պակաս մնացած կետերը լրացնել և, ըստ Կղեմես Ալեքսանդրացու բացատրության, դրանք «հոգևոր» դարձնել։

Նոր շրջանի հեղինակներից շատերը, գլխավորաբար Թեոդոր Ցանը, հետևելով վերոհիշյալ Հայրերի կարծիքին, ընդունում են, որ Հովհաննեսը, եզակի նկարագիր ունենալով հանդերձ, իր աչքի առջև ունեցել է համատես երեք Ավետարանները և ցանկացել է դրանք գերազանցելով՝ ճոխացնել, կատարելագործել նորանոր նյութերով։

Սույնի հետևորդներից ոմանց համաձայն՝ չորրորդ Ավետարանում մի ավելի վեհ ու կատարյալ Հիսուս է ներկայացված, Ով կարծես առանձնացված է Իր ապրած միջավայրից։

Այդ միջավայրն էլ, որ գերազանցապես հրեական է, ներկայանում է ո՛չ միայն որպես ազգայնական, այլ նաև՝ խորապես կապված հին ավանդություններին ու օրենքներին։

Հավելենք նաև, որ վերոհիշյալ հեղինակների համաձայն՝ չորրորդ Ավետարանիչն այնպիսի նյութեր է ընտրել, որոնք ավելի հարմար էին իր ապրած անմիջական շրջապատին, որը հունականն է։ Հետևաբար, իր Ավետարանում պակասում են բոլոր այն նյութերը, որոնք կարող էին իր օտարազգի ընթերցողներին խորթ թվալ։

Հանս Ուինդիշը[7], որի համար համատես երեք Ավետարանները պատմական արժեք չեն ներկայացնում, ավելի առաջ գնալով՝ հաստատում է, թե Հովհաննես Ավետարանիչը, տեսնելով երեք Ավետարաններում գտնվող թերի կողմերը, ցանկացել է այնպիսի մի Ավետարան գրել, որը երևան կհանի մյուս Ավետարանների թերությունները և անարժեք լինելը, որպեսզի դրանք վերջնականապես անհետանան հավատացյալների գործածությունից։

Ֆրանց Զիգգեն[8] և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաստատել, թե չորրորդ Ավետարանի հեղինակը ձեռքի տակ ունեցել է երեք Ավետարանները, հետևյալ կերպ են պատճառաբանում։

Չորրորդ Ավետարանում Հովհաննես Առաքյալը Սուրբ Հաղորդություն հաստատելու վերաբերյալ Հիսուսի խոստման մասին մանրամասնորեն պատմելուց հետո, Վերջին Ընթրիքի ժամանակ, սակայն, զանց է առնում Սուրբ Հաղորդության հաստատման նկարագրությունը՝ հաշվի առնելով, որ մյուս երեք Ավետարանիչներն այդ մասին արդեն գրել են։

Հովհաննեսը, նպատակ ունենալով լրացնել մյուս Ավետարաններում բացակայող կետերը, պատմում է նոր դեպքեր, հրաշքներ, քարոզներ, որոնք չկան մյուսների մոտ և զանց է առնում այն դրվագները, որոնք արդեն գտնվում են մյուս Ավետարաններում։

Օրինակ, չորրորդ Ավետարանիչը զանց է առել Հովհաննես Մկրտչի քարոզները և նրա բանտարկության նկարագրությունը, անապատում ունեցած Հիսուսի փորձությունները, Տասներկու Առաքյալների ընտրությունը, Հիսուսի այլակերպությունը և այլն, որոնք արդեն լայնորեն նկարագրված են մյուս երեք Ավետարաններում։

Հովհաննես Ավետարանիչը, թեև զանց է առել այն նյութերը, որոնք գտնվում են իրենից առաջ գրված Ավետարաններում, սակայն, դրանց մասին տեղյակ է և հաճախ ակնարկներ ունի դրանց մասին։

Այսպես, նա թեև չի խոսում Հիսուսի՝ Նազարեթ քաղաքում բնակված լինելու մասին, սակայն դրա մասին ակնարկում է՝ գրելով. «Գտանք Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթից»[9]։

Չորրորդ Ավետարանիչը թեև չի հիշատակել Հովհաննես Մկրտչի բանտարկությունը, սակայն տեղյակ է այդ դեպքին. « ... այդ ժամանակ Հովհաննեսին դեռ չէին բանտարկել»[10]։

Նույն անդրադարձությունները կարող ենք անել նաև Առաքյալների ընտրության[11], Հուդայի մատնության վերաբերյալ[12]։

Չառլզ Բարրեթը[13] հանգամանալից ուսումնասիրությամբ[14] ցույց է տալիս այն նյութերը, որոնցից Հովհաննես Առաքյալը հավանաբար օգտվել է[15]։

Նմանություններ կան նաև հետևյալ համարներում. Հվհ 1, 27 և Մրկ 1, 7; Հվհ 6, 20 և Մրկ 6, 50; Հվհ 6, 69 և Մրկ 8, 29; Հվհ 13, 13 և Մրկ 11, 9-11։

Բանասերները զգալի նմանություններ են գտել Հովհաննեսի և Ղուկասի Ավետարանների միջև, մասնավորապես Քրիստոսի չարչարանքների և Հարության նկարագրություններում[16]։

Սատանայի՝ Հուդայի մեջ մտնելու գաղափարը հատուկ է Հովհաննեսին և Ղուկասին։

Դարձյալ, այս երկու Ավետարանիչները միևնույն գաղափարներն են հայտնում՝ Հիսուսի՝ երկնքից խաղաղություն[17] բերելու և Սուրբ Հոգու կատարելիք դերի մասին, և այլն։

Բուամաղը Հվհ 19, 25-27 հատվածում և 20րդ գլխում Ղուկասի Ավետարանից բավականին հետքեր գտնելով՝ եզրակացնում է, թե Հովհաննեսը գործուն դեր է ունեցել Ղուկասի Ավետարանի շարադրության գործում և նույնիսկ մի շարք նյութեր է վերամշակել[18]։

Ֆրեդերիկ Գրանթն[19] էլ ենթադրում է, թե Ղուկասն է, որ չորրորդ Ավետարանից կախում ունի[20]։

Վերոհիշյալ բանասերներին հակառակ, կան մի շարք հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են Լագրանժը, Ֆրդրիխ Բյուխսելը[21], Վիքենհաուզերը և այլոք, ովքեր համարում են, որ չորրորդ Ավետարանն անկախ, ինքնաբավ աշխատություն է, որ ո՛չ մի կապ չունի մյուս Ավետարանների հետ։

Ըստ Բուլթմաննի և Գարդներ-Սմիթի[22], չորրորդ Ավետարանի հեղինակն իրենից առաջ գրված երեք համատես Ավետարանները չի տեսել[23]։

Իրար հակընդդեմ կարծիքների քաոսի միջից դուրս գալու և տրամաբանական լուծում գտնելու նպատակով, այսօր շատերը հարցին հետևյալ կերպ են մոտենում։

Հնարավոր չէ ուրանալ, որ չորրորդ Ավետարանը և համատես երեք Ավետարանները փոխադարձաբար, գոնե որոշ նյութերում իրար հետ առնչություն են դրսևորում։

Սույն առնչությունն ու նմանությունները բացատրելու համար մասնագետները հակված են մտածելու, թե չորս Ավետարանների հին, չգրված և կենդանի ավանդությունները ծնունդ են առել միասին, զարգացել են միասին, շատ անգամ՝ միևնույն միջավայրում (Երուսաղեմ, Անտիոք)։

Ղուկասի մոտ նկատվող հովհաննեսյան ազդեցությունը կամ Հովհաննեսի մոտ գտնվող համատես Ավետարանների հետ նմանությունները հարկավոր է փնտրել ո՛չ թե ուղղակի, այլ՝ բանավոր, առաջին շրջանի ավանդությունների մեջ։

Հովհաննես Առաքյալը, եթե անգամ աչքի առջև մյուս երեք Ավետարանները չի ունեցել, այդուհանդերձ, դրանց պարունակությանը ծանոթ է եղել բանավոր ավանդության շնորհիվ։

Դարձյալ Հովհաննես Առաքյալը, եթե նույնիսկ համատես Ավետարաններում գտնվող նյութերից շատերի վերաբերյալ հիշատակություն չի արել, դա բնավ չի նշանակում, որ այդ նյութերին տեղյակ չի եղել, կամ դրանք ժխտում է։

Իր իսկ խոստովանությամբ՝ Հովհաննեսը նպատակ չի ունեցել Քրիստոսի բոլոր գործերն ու խոսքերը գրի առնել[24]։

Նա իր Ավետարանը գրել է ո՛չ թե մյուս Ավետարանները սրբագրելու, դրանց թերի մասերը լրացնելու, ո՛չ էլ դրանց «տեղը գրավելու» նպատակով, այլ՝ ունենալով իր ուրույն ծրագիրը, դրա համեմատ է իր նյութերն ընտրել և դրանք գրի առել[25]։

Ասենք նաև, որ քննադատներից ոմանք հետևյալ զանազանությունն են անում։

Վաղ շրջանում համատես Ավետարանների ավանդությանը զուգահեռ տարածվում էր նաև Հովհաննեսի ավանդությունը։ Ահա՛ հենց այդ վաղ շրջանում է, որ հովհաննեսյան ավանդությունն իր ազդեցությունն է թողել երեք Ավետարանների վրա, որոնցում իսկապես նշմարելի են չորրորդ Ավետարանի հետքերը և որոնք շատ հին լինելու կնիքն են կրում։

Իսկ վերջին շրջանում, երբ երեք Ավետարաններն արդեն տարածված էին և շատերին ծանոթ, Հովհաննեսի ավանդությունն էլ զարգացած լինելով՝ մյուսներից հետո է գրի առնվել։

Վեճը շարունակվում է։ Հետագայում ավելի խորը ուսումնասիրությունները թերևս կկարողանան գոհացուցիչ լուսաբանություն տալ չորրորդ Ավետարանի և համատես երեք Ավետարանների փոխադարձ կախումնավորության մասին։

[1] Հվհ 2, 1-11
[2] Հվհ 4, 46-54
[3] Հվհ 5, 1-9
[4] Հվհ 9, 1-7
[5] Հվհ 11, 33-44
[6] Չորրորդ Ավետարանում կան նյութեր, որոնց նաև համատես Ավետարաններում ենք հանդիպում. այսպես՝ Հիսուսի մկրտությունը, տաճարից վաճառականների վտարումը, հացերի բազմացումը, ջրի վրայով Հիսուսի քայլելը, Բեթանիայում Հիսուսի ոտքերի յուղով օծումը կնոջ կողմից, Հիսուսի մուտքը Երուսաղեմ, Հիսուսի մարգարեությունը՝ Հուդայի կողմից հրեաներին մատնվելու վերաբերյալ, չարչարանքները, և այլն։
[7] Հանս Ուինդիշ (Hans Windisch, 1881-1935), գերմանացի բողոքական աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ, Լայպցիգի, Մարբուրգի և Բեռլինի համալսարանների աստվածաբանության պրոֆեսոր
[8] Ֆրանց Տիմոթեուս Զիգգե (Franz Timotheus Sigge, 1899-1982), գերմանացի կաթլիկ աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ, Մյունստերի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր
[9] Հվհ 1, 45
[10] Հվհ 3, 24
[11] Հվհ 6, 70; 15, 20; 20, 26
[12] Հվհ 6, 64; 12, 6; 13, 2.27
[13] Չառլզ Քինգսլի Բարրեթթ (Charles Kingsley Barrett, 1917-2011), բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ, Դարեմի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր
[14] The Gospel according to St. John, pp. 34-36.
[15] Հմմտ. Հվհ 6-7 և Մրկ 6, 34 - 10, 1
[16] E. Osty, Les points de contact entre le rècit de la Passion dans St. Luc et St. Jean.
[17] Ղկս 1, 19; 2, 14.19; 7, 50; 19, 38.42; 24, 36.
[18] M.E. Boismard, Saint Luc et la rèdaction du quatrième èvangile, 1962, pp. 210-211.
[19] Ֆրեդերիկ Քլիֆթըն Գրանթ (Frederick Clifton Grant, 1891-1974), ամերիկացի բողոքական աստվածաբան, աստվածաշնչագետ
[20] F.C. Grant, Was the author of John dependent of Luke, JBL, pp. 285-307.
[21] Ֆրիդրիխ Բյուխսել (Friedrich Büchsel, 1883-1945), գերմանացի բողոքական աստվածաբան
[22] Փերսիվալ Գարդներ-Սմիթ (Percival Gardner-Smith, 1888-1985)
[23] Gardner-Smith, St. John and the Synoptic Gospels, Cambridge 1938.
[24] Հվհ 20, 30-31
[25] Հվհ 21, 31
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։