Մատթեոս Ավետարանիչ – Գրադարան – Mashtoz.org

Մատթեոս Ավետարանիչ

Առաջին ավետարանչի անունն էր Ղևի (Լէ՛վի), որ հետո կոչվեց Մատթեոս, եբրայեցերեն Mattaï կամ Mattenaï, որ նշանակում է Աստծո ընծա։

Ղևին, «Ալփեոսի որդին», արհեստով մաքսավոր էր։ Մի օր Հիսուսը նրա կրպակի առջևով անցնելիս նրան կանչեց՝ ասելով. «Հետևիցս արի»։ Եվ վեր կացավ, Հիսուսի հետևից գնաց[1]։ Դրանից հետո, Ավետարաններում Մատթեոսի անունը նշվում է Տասներկու Առաքյալների խմբում։

Հիսուսի Համբարձումից հետո նա մի որոշ ժամանակ Պաղեստինում քարոզեց և այնտեղ մի Ավետարան գրեց արամայերեն լեզվով, որն այդ շրջանում Պաղեստինի խոսակցական լեզուն էր։

Մատթեոսի արամայերեն Ավետարանը մեզ չի հասել։ Մեր ունեցածը դրա հունարեն թարգմանություն-վերախմբագրությունն է։

Պաղեստինից դուրս Մատթեոս Առաքյալի ա՛յլ երկրներ գնացած լինելու մասին տեղեկություններ չունենք։

Գրիգոր Մեծի և Սոկրատ պատմիչի համաձայն՝ Մատթեոսը Եթովպիա է գնացել Ավետարանը քարոզելու, մինչդեռ Իսիդորոսի համաձայն՝ իր առաքելությունը Մակեդոնիայում է կատարել։

Թերի են նաև նրա մահվան մասին տեղեկությունները։

[1] Մարկոս 2, 14

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։