Մատթեոսի հունարեն Ավետարանը կարելի՞ է արամայերեն Ավետարանի բառացի թարգմանությունը նկատել – Գրադարան – Mashtoz.org

Մատթեոսի հունարեն Ավետարանը կարելի՞ է արամայերեն Ավետարանի բառացի թարգմանությունը նկատել

Մատթեոսի հունարեն Ավետարանում, որքան էլ որ այնտեղ նկատելի լինի նախնական մի հին դրոշմ կամ սեմական լեզվի և ոճի ներկայություն, սակայն հունարեն լեզվի և ոճի որոշակի կատարելությունը, հելլենաբանությունները, Հիսուսի քարոզների առատությունը և դեպքերը նկարագրելու հղկված ձևը հաշվի առնելով՝ ողջամիտ քննադատը ստիպված է լինում ասելու, որ մեզ հասած առաջին Ավետարանը չի կարող արամայերեն լեզվով գրված մի Ավետարանի բառացի թարգմանությունը լինել։

Ուշադրության արժանի հանգամանք է նաև այն, որ Մատթեոսի Ավետարանում Հին Կտակարանից վերցրած մոտ յոթանասուն մեջբերումներից նրանք, որոնք հանդիպում են նաև Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում, կարծես թե վերցված են Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանությունից, իսկ այն մեջբերումները, որոնք միայն Մատթեոսին են հատուկ, ավելի սեմական ծագում ունեն։

Արդյոք մեկ ա՛յլ փաստ չէ՞ Հին Կտակարանից վերցված վերոհիշյալ մեջբերումների լեզվի և ոճի երկվությունը, ինչը վկայում է, որ առաջին Ավետարանի հունարեն թարգմանիչը կամ խմբագրողը ո՛չ միայն արամայերեն լեզվով մի Ավետարան է ունեցել իր առջև, այլ նաև՝ հունարեն լեզվով գրված ա՛յլ աղբյուրներ ևս, որոնք շատ հավանաբար եղել են Մարկոսի Ավետարանը և «Logía» («Խոսքեր»)կոչված գրությունները։

Ուրեմն, ամփոփելով՝ կարելի է ասել, որ առաջին Ավետարանի հունարեն հեղինակը, պահելով արամայերեն բնագրի էությունը, հարգելով դրա «կրոնական ներշնչման ամբողջականությունը», ինչպես ասում է գերմանացի բանասեր Ալֆրեդ Լեպլեն[1], և օգտագործելով նաև այլ աղբյուրներ՝ խմբագրել է մեզ հասած հունարեն Ավետարանը։

 

Լեզուն և ոճը

Առաջին Ավետարանի հունարեն լեզուն պարզ է և հստակ, բավական հղկված, բայց հեռու է ճոխ ու վսեմ լինելուց։

Քերականական տեսանկյունից ավելի ճշգրիտ, ավելի սահուն է, քան Մարկոսի լեզուն։ Խորքի մեջ, սակայն, սեմական դրոշմը զգալի է, ինչը մատնանշում է արամայերեն լեզվի բացահայտ ազդեցությունը։

Իսկ պատմելու ոճը թեև նվազ շենշող ու կենդանի է, քան Մարկոսինը, բայց կարելի է նկատել տաղանդավոր գրողին վայել մի ոճ։

 

Ո՞ր թվականին և որտե՞ղ է գրվել

Ջանացինք ցույց տալ, որ եկեղեցական հին ավանդության և մատենագիրների, ինչպես նաև ներքին փաստերի համաձայն, արամայերեն լեզվով գրված առաջին Ավետարանի հեղինակը Մատթեոս առաքյալն է, որ շատ հավանաբար՝ իր Ավետարանը գրել է Երուսաղեմում կամ Պաղեստինում՝ մյուս երեք Ավետարաններից առաջ։

Մեզ, սակայն, ստույգ փաստեր են պակասում՝ հաստատ ճշտելու համար, թե արամայերեն առաջին Ավետարանը ո՛ր տարում է գրվել։ Այս մասին բանասերների կարծիքները ենթադրությունների սահմանից այն կողմ չեն անցնում։

Հավանաբար, ճշմարտությունից շատ հեռացած չենք լինի, եթե ասենք, որ այն 50-ական թվականներին է գրվել, իսկ որոշ բանասերների բավականին հիմնավոր փաստարկների համաձայն՝ 30-ական թվականների վերջին կամ 40-ականների սկզբին։

Ինչ վերաբերվում է առաջին Ավետարանի հունարեն խմբագրության թվականին, բանասերները քիչ թե շատ համաձայն են, որ այն պիտի որ խմբագրված լինի 80-90-ական թվականներին, թեև սա վերջնական համոզում չէ և բավական թվով բանասերներ պնդում են 60-ական թվականներին կատարված լինելու հնարավորության վրա։

 

Նպատակը

Մատթեոսն իր Ավետարանը գրել է «հրեությունից սերող հավատացյալների» համար (ինչպես ասում է Որոգինեսը[2]), ցույց տալու համար նրանց, որ Քրիստոսը Դավիթ թագավոր մարգարեի շառավիղից Աստծո կողմից իսրայելացիներին խոստացված և մարգարեների կողմից կանխասացված Մեսիան է, Ով փրկելու է Իսրայելը և Նրա թագավորությունը տարածվելու է աշխարհի չորս ծագերը։

[1] Alfred Läpple, Jèsus-Christ, p. 113, Tours 1967.
[2] HE, VI, 25, 4.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։