Մեկ ա՛յլ առարկություն – Գրադարան – Mashtoz.org

Մեկ ա՛յլ առարկություն

Հիսուսը Հովհաննեսին և նրա եղբորը՝ Հակոբոսին ասել էր. «Բաժակը, որ ես պիտի խմեմ, դուք էլ պիտի խմեք»[1]։

Հիսուսի վերոհիշյալ խոսքը մեկնաբանելով՝ ոմանք ասացին, թե Հովհաննես Ավետարանիչը ևս իր եղբոր՝ Հակոբի հետ մարտիրոսացել է 43-44 թվականներին Հերովդես արքայի հրամանով և կամ 64-70 թվականներին քրիստոնյաների դեմ եղած հալածանքների ժամանակ։

Սույն վարկածի պաշտպան պատմագետներն իրենց ասածը հաստատելու համար հիմնվում են Փիլիպպոս Սիդացու 430-ականներին գրված «Քրիստոնեական Պատմություն» պատմագրքի և Իններորդ դարում ապրած Գևորգ Վանական անունով բյուզանդացի մի կրոնավորի Ժամանակագրության վրա։

Արդարև, Փիլիպպոս Սիդացու մեզ հատվածաբար հասած գրություններում, Պապիասի կողմից բերված մի վկայության համաձայն՝ Հովհաննես Առաքյալը նահատակվել է իր եղբոր՝ Հակոբոսի նման։

Գևորգ Վանականն էլ հավանաբար Պապիասի վկայությունը Փիլիպպոս Սիդացուց է քաղել։

 

Պատասխան

Հիսուսի վերոհիշյալ մարգարեական խոսքերից չի կարելի եզրակացնել, որ այդ «բաժակն» անպայման մարտիրոսական մահ է նշանակում։

Հետո պետք չէ շատ կարևորություն ընծայել Փիլիպպոս Սիդացուն, ով, Սոկրատ պատմիչի համաձայն, աննշան պատմաբան է։ Իր գրությունը բավական ուշ շրջանի է և չի հիմնվում ոչ մի հին վկայության վրա, այլ ընդհակառակը՝ հակասում է հին վկայություններին։ Նրա միակ մտահոգությունը թերևս եղել է այն, որ իր ընթերցողին ցույց տա, որ Հիսուսի խոսքը՝ «բաժակի» վերաբերյալ, իսկապես իրականացել է։ Բայց դա Հիսուսի խոսքի ծուռ մեկնաբանություն է։

Ինչ վերաբերվում է Գևորգ Վանականին, ապա նրանից մեզ հասած շուրջ երեսուն ձեռագրերից միայն մեկում է Պապիասի վերոհիշյալ վկայությունը հանդիպում, որն էլ, կրկնենք, ամենայն հավանականությամբ՝ ընդօրինակություն է Փիլիպպոս Սիդացու գրությունից։

Փիլիպպոս Սիդացուց և Գևորգ Վանականից ավելի վաղ և վստահելի պատմագիրները, օրինակ՝ Իրենեուսը և հատկապես Եվսեբիոսը, ովքեր ավելի ծանոթ էին Պապիասի գործերին, Հովհաննես Առաքյալի նահատակության մասին որևէ վկայություն չեն հիշատակում, այլ ընդհակառակը՝ Եվսեբիոս Կեսարացին հաստատում է, որ Հովհաննես Առաքյալն ապրել է Եփեսոսում և այդ քաղաքում էլ մահացել է բնական մահով՝ խոր ծերության մեջ։

[1] Մրկ 10, 39
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։