Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա – Գրադարան – Mashtoz.org

Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա

Ասենք, թե չորրորդ Ավետարանն իր գրելաոճով, մտածելակերպով և գաղափարներով տարբերվում է համատես երեք Ավետարաններից և տարբեր ուղիով է ընթանում։

Այս տարբերությունն առաջ է գալիս ո՛չ միայն Հովհաննես Առաքյալի անձնական խառնվածքից, այլ նաև՝ իր շրջապատից և այդ շրջապատում տիրող մտայնությունից, մշակույթից և զանազան կրոնական հոսանքներից։

Չորրորդ Ավետարանի ավանդությունը ծնունդ է առել և ապրել է, ամենից առաջ, հրեական միջավայրում։

Այդ շրջանի հրեաներին կարելի է գլխավոր երկու մասի բաժանել՝ պաղեստինյան և արտապաղեստինյան։

Պաղեստինում գոյություն ունեին կրոնական զանազան հոսանքներ։ Կար ռաբբիների հրեություն, Քումրանի հրեություն և հելլենասեր հրեություն։

Բացի կրոնական աղանդներից (փարիսեցի, սադուկեցի, սամարացի, և այլն), գոյություն ունեին նաև փիլիսոփայական զանազան վարդապետություններ, նոր-պլատոնականություն, գնոստիկություն, և այլն։

Տարակույս չկա, որ Հովհաննես Առաքյալը կրել է իր միջավայրի ազդեցությունը։

Հարց է, սակայն, թե Հովհաննեսն ո՛ր հարցերում և ի՛նչ չափով է ազդվել իր շրջապատից։

Չորրորդ Ավետարանի առաջաբանը, օրինակ, վեհասլաց գաղափարներով հյուսված գրություն է, որտեղ գործածված «Բան» եզրը (հունարեն՝ Լոգոս), շատ շատերի համաձայն՝ հունական իմաստասիրությունից (փիլիսոփայությունից) է փոխառվել։

Ըստ արդի մի շարք բանասերների՝ Հովհաննես Առաքյալը սնվել է հելլենականությամբ և ազդվել է խորհրդապաշտ կրոններից։

Ալֆրեդ Լուազին ասում է, թե չորրորդ Ավետարանի առաջին խմբագրողը հեթանոսությունից քրիստոնեության դարձի եկած մի եփեսացի է, որ խորհրդապաշտ տարրերով հելլենացրել է Քրիստոսի վարդապետությունը։

Ալբերտ Շվայթցերի[1] համաձայն՝ չորրորդ Ավետարանի հեղինակը Իգնատիոս Անտիոքացու նման հելլենացրել է Պողոս Առաքյալի քարոզչությունը, մարդկային փրկագործության՝ Պողոսյան գաղափարի տեղը դնելով դեպի անմահություն հավատքը։

Ըստ Յոհանն Բուսսեի[2], վերջին Ավետարանը մեծապես ազդվել է խորհրդապաշտական կրոններից և աստղաբաշխական աղանդներից[3]։

Հորաս Ռիգգը[4] և Էռնեստ Քոլուելն[5] այն կարծիքին[6] են, թե չորրորդ Ավետարանը քրիստոնեության մի հարմարացում է՝ հելլենական աշխարհին մատչելի լեզվով[7]։

Չառլզ Դոդդը[8] ցանկանում է հաստատել, որ չորրորդ Ավետարանում գոյություն ունեցող մի շարք գաղափարներ, խորհրդանշաններ, բացատրություններ, Հին Կտակարանից են վերցված. մի շարք գաղափարներ առաջ են եկել ռաբբինական հրեությունից, իսկ որոշ տարրեր էլ՝ ներմուծված են խորհրդապաշտ գրություններից[9]։

Դոդդը, ընդգծելով հանդերձ, թե չորրորդ Ավետարանն իր խորքում մեծապես տարբերվում է Ֆիլոնի փիլիսոփայությունից և ա՛յլ խորհրդապաշտական գրություններից, սակայն ընդունում է, որ այնտեղ գտնվող ինչ-ինչ հղացումներ պլատոնյան ազդեցություն են կրում։

Ֆ.Մ. Բռաունն[10] ավելի մեղմ գտնվելով՝ ասում է, թե չորրորդ Ավետարանի և խորհրդապաշտական գրությունների միջև գտնվող նմանություններից հարկավոր չէ եզրակացնել, թե Հովհաննես Առաքյալը գրական կախումնավորություն ունի այդ գրություններից, քանի որ շատերը գրվել են չորրորդ Ավետարանից հետո։

Նույնիսկ կարելի է ընդունել, որ խորհրդապաշտական այդ գրություններում է, որ կա չորրորդ Ավետարանի ազդեցությունը։

Իսկ չորրորդ Ավետարանում գտնվող հելլենական տարրերն առաջ են եկել հելլենական միջավայրից, որ արդեն իսկ Քրիստոսից առաջ գոյություն ուներ։

Ըստ վերոհիշյալ հեղինակի, Հովհաննեսի՝ հելլենական բառապաշարից և գաղափարաբանությունից կրած ազդեցությունը հարկավոր չէ չափազանցնել, քանի որ խորհրդապաշտական այդ գրականության մեջ տիեզերաբանական և մարդաբանական այնպիսի հղացումներ կան, որոնք բոլորովին հակառակ են ընթանում Հովհաննեսի քրիստոնեական գաղափարների հետ։

Մարկ Լիձբարսկի[11] և Ռիչարդ Ռայթցնշթայն[12] լեզվաբանների կողմից գնոստիկության և մազդեականության մասին լույս տեսած հրատարակությունները նոր զարկ տվեցին արևելյան գնոստիկության վերաբերյալ ուսումնասիրություններին։

1915-1925 թվականների շրջանում Լիձբարսկին թարգմանաբար հրատարակեց մազդեական աղանդների վարդապետական գրությունները։

Ռայթցնշթայնն, ուսումնասիրելով մազդեական և ա՛յլ տարբեր աղանդների գրությունները, ցանկացել է վերականգնել պարսկական դիցաբանական մի էակի դեմքը, ով ըստ նրա՝ իբր թե տարածված և ճանաչված աստվածություն է եղել Միջին Արևելքի և միջերկրական երկրներում, և դրա ազդեցությունը իբր թե զգալի է եղել հրեության և քրիստոնեական կրոնի, հետևաբար նաև՝ Ավետարանների վրա։

Վերոհիշյալ դիցաբանական էակը ներկայացված է որպես լուսավոր մի դեմք, որ երկնքից ընկել է խավար նյութի մեջ։ Խավարային ուժերը տվյալ լույսին հաղթելով՝ դրան այս ու այն կողմ ցիրուցան են արել։ Բայց այդ ցաքուցիր լույսի կտորներից ձևակերպվել են նյութական աշխարհը և մարդկանց մարմինները։

Դևերն աշխատում են այդ լույսի կտորներից առաջացած էակներին իրենց ծագումը մոռացնել տալ։ Այն ժամանակ Աստված երկնքից աշխարհ իջեցրեց ուրիշ լուսեղեն մի էակ՝ Իր Որդուն և Իր պատկերը։

Այս էակը՝ մարդկային կերպարանք ունենալով՝ անճանաչելի է մնում դժոխային ուժերի համար և հաջողվում է որպես փրկիչ՝ մյուս էակներին հայտնել իրենց երկնային ծագման մասին, հիշեցնում է իրենց երկնային հայրենիքի մասին և նրանց ավետում է իրենց ազատագրման և դեպի երկինք վերադարձի մասին։

Այսպիսով, նա մարդկության փրկիչն է հանդիսանում, որի մեջ ինքն իրենից մաս է ճանաչում։

Եվ ազատարարի առաքելությունից հետո այդ երկնային էակն իր երկնային փառքին է վերադառնում։

Իսկ երկրի վրա ցաքուցիր եղած և նյութական մարմին հագած լույսի փշուրներն իրենց մահվանից հետո պիտի երկինք վերադառնան՝ վերստին իրար միանալու և նախկին լույսը վերականգնելու համար։

Բնական է, արդի բանասերներից ոմանք ցանկացան Նոր Կտարականի գրություններում իրանական այս աղանդի ազդեցությունը տեսնել։

Էռնեստ Լոմեյերի[13] համաձայն՝ Հայտնության գիրքը, Կողոսացիներին և Եփեսացիներին ուղղված նամակները, Մարտին Դիբելյուսի համաձայն՝ Կողոսացիներին և Եփեսացիներին ուղղված նամակները, Հանս Ուինդիշի համաձայն՝ Պողոսի կողմից Եբրայեցիներին ուղղված նամակը, Ուոլտեր Բաուերի[14] և Բուլթմաննի համաձայն՝ չորրորդ Ավետարանը, մազդեականության ազդեցությունն են կրել։

Մազդեականությունը ներկայանում է գլխավորապես երկու երեսներով՝ տիեզերական և փրկագործական։

Բուլթմաննը աշխատում է ցույց տալ, որ չորրորդ Ավետարանը հատկապես Հիսուսի հայտնության վերաբերյալ խոսքերում է, որ մեծապես ազդվել է մազդեական կրոնի փրկագործության վարդապետությունից։

Հիսուսը, ճի՛շտ ինչպես դավանում էին մազդեականները, երկնքից ուղարկված լույսն է, ով խավարի իշխանությունների դեմ է պայքարում՝ դրանց ձեռքից մարդկանց ազատելու համար։

Մազդեական աղանդի բառապաշարի «լույս», «խավար», «ճշմարտություն», «սուտ», «ազատություն», «գերություն» և ա՛յլ եզրերը հանդիպում են նաև չորրորդ Ավետարանում։

 

Վերոհիշյալ բանասերների կարծիքներին պատասխանելուց առաջ մի քանի խոսք էլ ասենք գնոստիկյան նորահայտ գրությունների մասին, որոնցից, մի շարք բանասերների համաձայն, չորրորդ Ավետարանն ազդեցություն է կրել։

1945 թվականին Վերին Եգիպտոսի Նակահամմատի[15] կոչված գյուղի մոտակայքում մի գյուղացի ժայռոտ մի կիրճում պատահաբար մի կարաս է գտնում, որում պապիրուսի վրա գրված ձեռագրեր էին գտնվում, մեծամասամբ՝ մինչ այդ անհայտ։

Այդ ձեռագրերում, որոնք բոլորն էլ ղպտերեն են գրված, կան «Ճշմարտության ավետարանը», «Հովհաննեսի պարականոն ավետարանը», «Թովմասի ավետարանը» «Փիլիպպոսի ավետարանը» և այլն, որոնք թեև նմանություններ ունեն չորրորդ Ավետարանի հետ, սակայն, այնուհանդերձ, ըստ բանասերների մեծամասնության, ընդհանրապես Երկրորդ կամ Երրորդ դարերի գործեր լինելով՝ դրանք է, որ չորրորդ Ավետարանից են ազդվել[16]։

Վավերական մեր չորս Ավետարաններից առաջ արդյոք գոյություն ունեցե՞լ է գնոստիկյան մի վարդապետություն, որն իր հետքերն է թողել ավետարանական բանավոր և գրավոր ավանդությունների վրա[17]։

Սխալ պիտի լիներ վերոհիշյալ հարցմանը ժխտական պատասխան տալ։ Ընդունելով հանդերձ նման վարդապետության կամ վարդապետությունների գոյությունը՝ տակավին բավարար տվյալներ չկան դրանց մասին ճշգրիտ և ամբողջական գաղափար կազմելու համար։

 

Ավետարանների վրա ազդեցություն թողած գրությունների մասին մեր այս աշխատությունը պիտի թերի լիներ, եթե երկու խոսք էլ չասենք Քումրանի գյուտի մասին։

1947 թվականին Հուդեայի անապատում՝ Վադի Քումրանի քարայրում, մի արաբ գյուղացի գտավ «Մեռյալ ծովի ձեռագրեր» կոչված գրությունները, որոնք իրենց հերթին որոշ նմանություններ են ցուցաբերում Պողոս Առաքյալի թղթերի, համատես երեք Ավետարանների և, հատկապես, չորրորդ Ավետարանի հետ։

Այդ գրություններում հովհաննեսյան բառեր ու բացատրություններ են հանդիպում։

Քումրանում գտնված ձեռագրերի միջից մեր նյութի հետ առնչություն ունի, մասնավորապես, «Հասարակության կանոնը» կամ «Աշակերտի ուղեցույցը», «Ներգործություն շնորհակալության տաղերը», «Պատերազմի կանոնը», «Ամբակումի մեկնությունը», և այլն[18]։

Վերոհիշյալ գրություններում մասնավորապես «Հասարակության կանոն» ձեռագիրը պարունակում է «լույսի և խավարի պայքարի» մասին հղացումներ։ Այնտեղ կան նաև հետևյալ բացատրությունները. «լույսի որդիներ և խավարի որդիներ», «լույսի իշխանը և խավարի հրեշտակը», «լույսի և խավարի ոգիներ», «լույսի և խավարի ճամփաներ», «ճշմարտության և չարության հոգի»։

Վերջապես, ինչպես գնոստիկյան վարդապետության մեջ, այստեղ ևս հետևյալ հակադրությունները կան. Աստված - աշխարհ, լույս - խավար, ճշմարտություն - սուտ, մարմին - ոգի, վերև - ներքև, լույսի և խավարի գլուխը, իշխանը կամ հրեշտակը և այլն։

Կառլ Կունը[19], Դյուպոն-Սոմմերը[20] և ա՛յլ մասնագետներ վերոհիշյալ բացատրությունների մեջ մազդեական կրոնի որոշ ազդեցություն են տեսնում[21]։

Ինչ վերաբերվում է Ավետարաններին, ապա ճիշտ է, որ նման բացատրությունների ենք հանդիպում, մասնավորապես չորրորդ Ավետարանում, սակայն դրանց վարդապետական նյութը և ոգին իրարից բոլորովին տարբեր են։

Անգամ եթե պիտի ընդունենք որևէ ազդեցության գոյությունը, ապա պետք է խորհել անուղղակի ազդեցության մասին։

Գիտենք, որ Հովհաննես Առաքյալը Հիսուսին աշակերտելուց առաջ Հովհաննես Մկրտչի աշակերտն է եղել։

Արդ, մի շարք բանասերների համաձայն, եթե Հովհաննես Մկրտչի աշակերտները Քումրանի հասարակության հետ շփումներ են ունեցել, բնականաբար, այդ հասարակության կողմից ընդունված վարդապետությանը ծանոթ են եղել։

Հովհաննես Առաքյալն էլ կարող է այս կերպ անուղղակիորեն ազդված լինել նրանց բառապաշարից ու գաղափարներից։

Մեկ ա՛յլ կարևոր կետ էլ, որ հարկավոր է նկատի առնել։

Անհերքելի ճշմարտություն է, որ Հովհաննես Առաքյալը, ինչպես նաև մյուս Ավետարանիչները, մեծապես ներշնչվել են Հին Կտակարանից։

Չորրորդ Ավետարանը լի է հինկտակարանյան գաղափարաբանությամբ ու բառապաշարով։ Ինչ-ինչ բացատրություններ, որոնք հատուկ են Հովհաննես Ավետարանչին, փոխառված են ո՛չ թե արևելյան կրոններից, ինչպես պնդում են բանասերներից ոմանք, այլ՝ ուղղակիորեն Հին Կտակարանից։

Մյուս կողմից, սակայն, պետք է հաշվի առնել, որ Հովհաննեսը, երկար ժամանակ հելլենական միջավայրում ապրած լինելով, ընտելացել է հույն մշակույթին ու մտածելակերպին և, բնականաբար, դրանցից ազդվել է։

Հետո, բնական է, որ Հովհաննեսը, քանի որ իր Ավետարանը գրել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար, նրանց ըմբռնելի լինելու նպատակով գործածում է նրանց բառապաշարը։

Բենեդետտո Պռետեի[22] հետ կարող ենք եզրակացնել. «Հովհաննեսի մտածողությունը ... խարսխված է մնում Հին Կտակարանի ավանդության մեջ ... ։ Չորրորդ Ավետարանիչը, սակայն, զանց է առել բոլոր այն բաները, որոնք երևում էին զուտ հրեական, հետևաբար նաև անըմբռնելի՝ իր ընթերցողների համար։ Ընդհակառակը, նա ի հայտ բերեց այն ամենը, ինչը որ պիտի նրանց մտայնության համար հաճելի և հասկանալի լիներ։ Անտարակույս, իր լեզվի ամենահատկանշական եզրույթներն ու բացատրություններ, ինչպիսիք են ''բան'', ''ճշմարտություն'', ''լույս'', ''Աստծո ճանաչում'', ''կյանք'', ''հոգի'' և այլն, – բացատրություններ, որոնք նոր երանգավորում են տալիս ավետարանական ճշմարտությանը, – պիտի բավական լավ ընդունելություն գտնեին հելլենական մշակույթ ունեցող ընթերցողների շրջանում»[23]։

Այս ասելով՝ կողմնակից չենք այն կարծիքին, որի համաձայն՝ չորրորդ Ավետարանն էապես տարբերվում է համատես մյուս Ավետարաններից[24]։

Թե՛ համատես երեք Ավետարանների, և թե՛ չորրորդ Ավետարանի գլխավոր նյութը պատմական Հիսուսն է, Նրա խոսքերն ու գործերը, միայն այն տարբերությամբ, որ Հովհաննեսն ա՛յլ նկարագրի տեր է, քան մյուս Ավետարանիչները, և իր բնավորության ու մտածելակերպի կնիքը դրել է իր գործի վրա։

[1] Ալբերտ Շվայթցեր (Albert Schweitzer, 1875-1965), գերմանացի բողոքական աստվածաբան, միսիոներ, բժիշկ, երաժշտագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1952թ.)
[2] Յոհանն Ֆրանց Վիլհելմ Բուսսե (Johann Franz Wilhelm Bousset, 1865-1920), գերմանացի բողոքական աստվածաբան, կրոնի պատմաբան, հայրաբանության ոլորտի մասնագետ, Նոր Կտակարանի ուսումնասիրող, Գիսենի համալսարանի պրոֆեսոր
[3] W. Bousset, Kyrios Christos, 1913, pp. 186-222.
[4] Հորաս Աբրամ Ռիգգ (Horace Abram Rigg, 1909-1978), ամերիկացի արևելագետ, եկեղեցական պատմաբան
[5] Էռնեստ Քեդման Քոլուել (Ernest Cadman Colwell, 1901-1974), ամերիկացի աստվածաշնչագետ, գրաքննադատ, Չիկագոյի համալսարանի ռեկտոր
[6] H.W. Rigg, The purpose of the fourth Gospel, The church quarterly review 1935, pp. 1-37.
[7] E.C. Colwell, The fourth Gospel and the struggle for responsibility, Journal of religion 1934, pp. 286-305.
[8] Չառլզ Հարոլդ Դոդդ (Charles Harold Dodd, 1884-1973), անգլիացի աստվածաշնչագետ, աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ, Մանչեսթրի և Քեմբրիջի համալսարանների պրոֆեսոր
[9] C.H. Dodd, The interpretation of the Gospel, Cambridge 1953.
[10] F.M. Braun, Hermètisme et Johannisme, Rèv. Thom. 55 (1955), pp. 26-42, 259-290.
[11] Մարկ Լիձբարսկի (Mark Lidzbarski, 1868-1928), գերմանացի լեզվաբան, սեմագետ
[12] Ռիչարդ Ավգուստ Ռայթցնշթայն (Richard August Reitzenstein, 1861-1931), գերմանացի լեզվաբան, հին հունական դիցաբանության մասնագետ, կրոնագետ
[13] Էռնեստ Լոմեյեր (Ernst Lohmeyer, 1890-1946), գերմանացի բողոքական աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ
[14] Ուոլտեր Բաուեր (Walter Bauer, 1877-1960), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի և Եկեղեցու Պատմության վաղ շրջանի մասնագետ, Մարբուրգի, Վրոցլավի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր
[15] J. Doresse, Les livres secrets des Gnostiques d'Egypte, Paris 1958.
[16] G. Quispel, L'Évangile de Jean et la Gnose, dans l'Évangile de Jean, Etudes et problèmes, pp. 197-208.
[17] Քրիստոնյա մի գնոստիկի է պատկանում հավանաբար «Սողոմոնի տաղեր» կոչվող գրությունը, որ կազմված է 42 տաղերից (Երկրորդ և Երրորդ դար)։ Լեզուն պատկերավոր է և խորհրդապաշտ ոճ ունի։ Այնտեղ հանդիպում ենք լույս, ճշմարտություն, կյանք, ուրախություն, կենդանի ջուր, Սուրբ Հոգի, սեր և ա՛յլ բառերի, որոնք առավելապես Հովհաննեսի բառապաշարին են պատկանում։ Գնոստիկյան տարրերով լի այս գրությունը չի կարող ազդած լինել չորրորդ Ավետարանի վրա, այլ՝ ընդհակառակը, այս գրությունն է, որ չորրորդ Ավետարանից կախում ունի, քանի որ պատկանում է ավելի ուշ շրջանի։
[18] Սրանց վրա ավելացնենք նաև Եգիպտոսում գտնված «Դամասկոսի վավերագիր» կոչված գրությունը, որ Քումրանի ձեռագրերի հետ կապ ունի։
[19] Կառլ Գեորգ Կուն (Karl Georg Kuhn, 1906-1976), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, քումրանագետ
[20] Անդրե Դյուպոն-Սոմմեր (André Dupont-Sommer, 1900-1983), ֆրանսիացի սեմագետ, հուդայականության վաղ շրջանի պատմության մասնագետ
[21] A. Dupont-Sommer, Nouveaux aperçus sur les manuscrits de la Mer Morte, Paris 1953, pp. 157-172.
[22] Բենեդետտո Պռետե (Benedetto Prete, 1916-2003), կաթոլիկ աստվածաբան, Դոմինիկյան Միաբանության անդամ
[23] Benedetto Prete, Il messaggio della salvezza, vol. IV, 1969, p. 852.
[24] C.H. Dodd, Historical tradition in the fourth Gospel, Cambridge 1963.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։