ՆԱԽԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԱԽԱԲԱՆ

(*)

Մարդկային պատմության ամենակարևոր և լուսավոր էջն անտարակույս պատկանում է Քրիստոսին։

Հիսուսին նվիրված են հազարավոր հատորներ, որոնցով կարելի է մի հսկայական գրադարան կազմել։

Մարդկության ծոցից դուրս են եկել հանճարներ, հերոսներ, սրբեր։ Բայց այս բոլոր դեմքերի միջից ամենավեհը, ամենաառինքնողը Քրիստոսի դեմքն է, Ով քսան դարերի միջով դեռ շարունակում է արեգակի պայծառությամբ շողալ՝ աշխարհին հոգեկան կյանք և սնունդ բաշխելով։

Քրիստոսը մարդկությանը մի կրոն տվեց, որ սահմանված էր պատմության ճակատագիրը կերպարանափոխելու։ Նա յուրահատուկ մի թագավորություն հիմնեց, որի սահմանները աշխարհի չորս ծագերը պիտի լինեին։

Հետաքրքրվում ենք մեծ մարդկանց կյանքով, սովորում ենք երկրավոր թագավորությունների պատմությունը. արժի նաև մոտիկից հետաքրքրվել Քրիստոսի կյանքով և ուսումնասիրել Նրա վարդապետությունը։

 

* * *

 

Ավետարաններում պատմվում է, որ մեզնից երկու հազար տարի առաջ հռոմեացիների Օգոստոս կայսեր օրոք մի մանուկ է ծնվում Պաղեստինի մի աննշան գյուղում։ Նրա ողջ կյանքը հրաշապատ դեպքերով լի է։

Նա դեռ նոր լույս աշխարհ եկած՝ հրեշտակներ են հայտնվում հովիվներին, և մի աստղի առաջնորդությամբ՝ հեռավոր երկրներից մոգեր են գալիս երկրպագելու Նրան, Ում անունը Հիսուս է։

Երեսուն տարի անծանոթ ու անաղմուկ մի կյանք անցկացնելուց հետո, Հիսուսը հանկարծ երևում է հրապարակում, Իր շուրջ աշակերտներ է հավաքում, անթիվ հրաշքներ է գործում, հիվանդներ, խեղանդամներ, դիվահարներ է բժշկում, հրամայում է ծովին ու հովին, Ինքն Իրեն հայտարարում է Աստծո Որդի, Ով երկնքից եկել է մարդկությունը սատանայի տիրապետությունից փրկելու և դեպի երկինք առաջնորդելու համար։

Նա պարզ, բայց հոյակապ քարոզներ է խոսում, թարմ շնչով ողողված, գեղեցիկ խոստումներով ընդելուզված մի նոր վարդապետություն է ուսուցանում և Նոր Եկեղեցի է հիմնում։

Երուսաղեմում ժողովուրդը Նրան խանդավառորեն է ընդունում, սակայն մի քանի օր անց հրեա կրոնապետերը Նրան ձերբակալել են տալիս և իբրև խռովարար՝ Պիղատոսին են հանձնում, ում թույլտվությամբ՝ անարգանքի խաչի վրա սպանում են Նրան։

Թաղումից երեք օր հետո, սակայն, Նա հարություն է առնում և երևում է Իր աշակերտներին։

Հարություն առնելուց քառասուն օր անց երկինք է համբարձվում։ Իր աշակերտները, փոխանակ ցրվելու, Սուրբ Հոգով լուսավորված և զորացած, Քրիստոսի նոր վարդապետության լույսը երկրե երկիր են տարածում։

Հակառակ հազարավոր խոչընդոտների, պետական սուր հալածանքների, անասելի չարչարանքների և սպանությունների՝ Քրիստոնեությունն օրեցօր ընդարձակում է իր սահմանները։

Դարերի ընթացքում, թե՛ քաղաքակիրթ և թե՛ հետամնաց ազգեր, թե՛ իմաստուն և թե՛ տգետ մարդիկ խոնարհվում են այս անսովոր ուժի առջև։

Քրիստոսն օրորոցից իսկ սկսեց արդեն հալածվել։ Հալածանքների մեջ ծնվեց և տարածվեց նաև Իր կրոնը։

Այսօր ևս, Քրիստոսի դեմ շարունակվում է պայքարը, բայց Քրիստոնեությունը՝ հիմնված անսասանելի մի ժայռի վրա, մշտավառ մի փարոսի նման, շարունակում է ամեն կողմ լույս սփռել։

 

* * *

 

Արդ, ներկա գրությամբ մեր նպատակն է ամփոփ, բայց գիտական արդի ըմբռնմամբ ցույց տալ, որ Քրիստոսը ո՛չ միայն պատմական անձ է, այլ նաև՝ Աստծո Որդին։

Մեր ուսումնասիրության նյութ պիտի անենք գլխավորապես հետևյալ հարցերը.

ա) Որո՞նք են Քրիստոսի կյանքի պատմությանը վերաբերվող հեթանոս, հրեա և քրիստոնյա աղբյուրները։

բ) Ովքե՞ր են չորս Ավետարանների հեղինակները։ Ե՞րբ և ինչո՞ւ են դրանք գրել։

գ) Ավետարաններում գրվածները պատմական իրողություննե՞ր են, թե՞ լոկ առասպելներ։

(*) Արևելահայերենի վերածեց՝ Սառա Ղազարյան
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։