Ներքին փաստեր – Գրադարան – Mashtoz.org

Ներքին փաստեր

Առաջին երեք Ավետարանիչների մասին իրենց իսկ Ավետարաններում բացահայտ որևէ ակնարկություն չենք հանդիպում։

Մինչդեռ չորրորդ Ավետարանի ավարտին, Վերջին Ընթրիքի ժամանակ «Հիսուսի կրծքին փարված»[1] աշակերտի մասին հետևյալ տողերն են գրված. «Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է»[2]։

Արդ, չորս Ավետարանիչներն էլ համաձայն են, թե Հիսուսի Վերջին Ընթրիքին ներկա էին միայն Առաքյալները։ Ուստի այն աշակերտը, որ Հիսուսի կրծքին դրեց իր գլուխը, Հովհաննես Առաքյալից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող լինել։

«Այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր» բացատրությունը, ինչին չորրորդ Ավետարանում հանդիպում ենք նաև ա՛յլ տեղերում, վստահաբար՝ հեղինակի ստորագրությունն է։

Ոմանք զարմանքով նկատում են, որ չորրորդ Ավետարանում Զեբեդեոսի երկու որդիների՝ Հովհաննեսի և Հակոբոսի անունները երբեք չեն հիշատակվում[3]։

Մինչդեռ Մատթեոսը երկու անգամ հիշատակում է Հովհաննես և Հակոբոս անունները, Մարկոսը՝ իննը անգամ, իսկ Ղուկասը՝ վեց անգամ Հովհաննես և չորս անգամ էլ Հակոբոս անունները[4]։

Արդ, ի՞նչ բացատրություն տալ չորրորդ Ավետարանում Հովհաննես և Հակոբոս անունների բացակայության վերաբերյալ։

Բանասերների մեծամասնության համաձայն՝ դիտումնավոր այս լռությունն առաջ է գալիս Հովհաննես Առաքյալի համեստությունից, ով չի ցանկացել ուղղակի հիշատակել իր և եղբոր անունները, այլ անուղղակի՝ «մյուս աշակերտը» կամ «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր» բանաձևերով։

[1] Հվհ 21, 21
[2] Հվհ 21, 25
[3] Չորրորդ Ավետարանում միայն 21րդ գլխում է գրված «Զեբեդեոսի որդիներ» բառակապակցությունը՝ առանց տալու Հովհաննես և Հակոբոս անունները։
[4] Մատթեոս Ավետարանիչը 40, Մարկոսը 50, Ղուկասը 43, իսկ Հովհաննեսը 74 անգամ հիշատակել են Առաքյալների անունները։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։