Նոր Կտակարանի վրա Եկեղեցու աչալուրջ հսկողությունը – Գրադարան – Mashtoz.org

Նոր Կտակարանի վրա Եկեղեցու աչալուրջ հսկողությունը

Առաջին դարերի եկեղեցական պատմությունը ցույց է տալիս մեզ, որ հակառակ վխտացող պարականոն գրությունների՝ Եկեղեցին և Եկեղեցու օրինավոր Առաջնորդները, Առաքյալներից սկսած, պինդ կառչել են քրիստոնեական բերանացի և գրավոր ավանդություններին, աչալուրջ հսկում էին, որ հավատացյալների մեջ կեղծ վարդապետություններ մուտք չգործեն։

Կարդալով «Գործք Առաքելոց» գիրքը՝ տեսնում ենք, թե ինչպե՛ս էին Առաքյալները կազմակերպված ձևով ղեկավարում Եկեղեցին, ժողովներ էին գումարում, նամակներ էին գրում, քարոզիչներ էին ուղարկում՝ Քրիստոնեությունը տարածելու համար։

Պողոս Առաքյալը գրում է Կորնթացիներին. «Ձեզ ավանդեցի այն, ինչ որ ստացա»[1]. «Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ Ավետարան է քարոզում, որ տարբեր լինի մեր՝ ձեզ քարոզածից, թող նզովված լինի»[2]։

Սրապիոնը՝ Անտիոքի եպիսկոպոսը, Քրիստոսի 200 թվականին իր հավատացյալներին պատվիրում էր, որ Պետրոս Առաքյալի անվամբ հրապարակ իջած կեղծ Ավետարանը չկարդան։

Տերտուղիանոսը (150-220) գրում է, թե շուրջ 170 թվականին Ասիա նահանգում մի գրություն է լույս տեսել, որտեղ պատմվում է Պողոս Առաքյալի՝ Թեկղ անվամբ հեթանոս մի աղջկա քրիստոնյա դարձնելու մասին, և այլն։ Կասկած հայտնելով վերոհիշյալ գրության վավերականության վերաբերյալ՝ փնտրվում է այդ գրության հեղինակը, ով բարեմիտ մի քահանա է, և որպես իր կեղծարարության պատիժ՝ կարգազուրկ է հռչակվում։

Արդեն Երկրորդ դարում եկեղեցիներում սկսում են Նոր Կտակարանին պատկանող վավերական գրությունների ցանկեր կազմվել, որոնց նպատակն էր, անշուշտ, տեր կանգնել միմիայն վավերական գրությունների՝ հավատացյալներին զգուշացնելով կեղծ ու պատիր վարդապետություններից։

Շատ բնական էր, սակայն, որ սկզբնական շրջանում հարյուրավոր կիլոմետրերով իրարից հեռու եկեղեցիներում գոյություն ունեցող ցանկերը թերի և երբեմն էլ իրարից տարբեր էին լինում։

Պետք է ասել, սակայն, որ չորս Ավետարանները և Առաքյալների Նամակների մեծամասնությունը բոլոր ժամանակներում էլ բոլոր եկեղեցիների կողմից անխտիր իբրև վավերական են ընդունվել։ Իսկ Առաքյալների հետևյալ գրությունները երբեմն մի քանի եկեղեցիների և հեղինակների կողմից իբրև կասկածելի են նկատվել.

1. Պողոս Առաքյալի՝ Եբրայեցիներին ուղղված նամակը.

2. Հակոբոս Առաքյալի նամակը.

3. Պետրոս Առաքյալի երկրորդ նամակը.

4. Հովհաննես Առաքյալի երկրորդ և երրորդ նամակները.

5. Հուդա Առաքյալի նամակը.

6. Հովհաննես Առաքյալի Հայտնության գիրքը։

Այսպես, մեզ հասել է 180-190 թվականներում գրված և Հռոմի Եկեղեցու կողմից իբրև վավերական ճանաչված՝ Նոր Կտակարանին մաս կազմող գրությունների մի ցանկ[3], որտեղ չկա ոչ մի կեղծ Ավետարանի անուն, բայց այդ ցանկում պակասում են Հակոբոս Առաքյալի նամակը, Պետրոսի երկու նամակները, Հովհաննեսի երրորդ նամակը և Պողոսի՝ Եբրայեցիներին ուղղված նամակը։

Պետք է ավելացնենք, սակայն, որ այս ցանկը մեզ թերի է հասել։ Դրա առաջին և վերջին էջերը, որոնց մեջ հավանաբար հիշատակված են եղել Առաքյալների՝ վերևում նշված նամակներից գեթ ոմանք, կորստյան են մատնվել։

Քրիստոնեության վաղ շրջանում զանազան եկեղեցիներում կազմված թերի ցանկերը շուտով կատարելագործվել են և վերջնական այն տեսքն են ստացել, որը գրեթե հար և նման է այսօր Եկեղեցու կողմից ընդունված Նոր Կտակարանի պաշտոնական ցանկին։

Նույն շրջանում ապրող, եկեղեցական գիտությունների հմուտ հեղինակներ, ինչպիսիք են օրինակ՝ Իրենեոսը (ծն. 135-140), Կղեմես հայրապետը (150-211), Որոգինեսը (185-224) և այլոք, գրեթե ամբողջությամբ ընդունում են մեզ ծանոթ վավերական բոլոր գրությունները։

Չորրորդ դարից ևս մեզ են հասել զանազան եկեղեցիների կողմից ընդունված ցանկեր, որոնք մեզ են ներկայանում քիչ թե շատ ամբողջական տեսքով։

Ցանկեր ունենք, որոնք կազմված են հետևյալ թվականներին. 359 թվականին՝ Աֆրիկայում, 363 թվականին՝ Փռյուգիայում, 367 թվականին՝ Եգիպտոսում, Սբ. Աթանաս հայրապետի հեղինակությամբ, 383 թվականին՝ Հռոմում, իսկ 397 թվականին՝ Քաղկեդոնում տեղի ունեցող եկեղեցական ժողովի ընթացքում պատրաստված ցանկը, որն ամենից կատարյալն է, դարեր անց՝ 1546-1563 թվականին Տրիդենտյան Ժողովը վավերացրեց որպես Եկեղեցու կողմից ընդունված օրինավոր ցանկ։

Եզրակացնելով՝ կարող ենք անվարան ասել, որ շնորհիվ Եկեղեցու հսկողության՝ պարականոն գրությունները, մանավանդ կեղծ Ավետարանները, չեն կարողացել մուտք գործել Նոր Կտակարանին մաս կազմող գրքերի ցանկ։

[1] Առաջին Կորնթացիս 15, 3.
[2] Գաղատացիս 1, 8.
[3] Այս ցանկը մեզ է հասել «Մուռատորյան Կանոն» կոչված ձեռագրից, որ ընդօրինակվել է Ութերորդ դարում և 1740 թվականին գտնվել է Միլան քաղաքի գրադարաններից մեկում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։