Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը

Եկեղեցական հեղինակներից Կղեմես Ալեքսանդրացու, Հերոնիմոսի, Եվսեբիոս Կեսարացու, Եփրեմ Ասորու համաձայն՝ Մարկոսն իր Ավետարանը գրել է Հռոմում։

Հովհան Ոսկեբերանն ասում է, որ երկրորդ Ավետարանը գրվել է Ալեքսանդրիա քաղաքում։

Ներքին փաստերի համաձայն՝ ավելի հավանական է թվում, որ Մարկոսն իր գիրքը Հռոմի, հռոմեական որևէ միջավայրում է գրել։

Արդարև, Մարկոսի Ավետարանում մի շարք լատինաբանությունների և լատիներեն բառերի ենք հանդիպում (legio, speculator, denarius, sextarius, census, practorium, և այլն)։ Երկու տեղ հունարեն բառերը լատիներեն ձևով են բացատրված։ Ինչպես նաև, Ավետարանիչների մեջ միայն Մարկոսն է, որ հիշատակում է Սիմոն Կյուրենացու երկու զավակների՝ Ալեքսանդրոսի ու Ռուֆուսի անունները, ովքեր հռոմեացի քրիստոնյաների շրջանում ծանոթ անձինք էին։

Իսկ եթե – ինչը որ շատ հավանական, գրեթե հաստատ է – Մարկոսի հիշատակած Ռուֆուսը միևնույն անձն է, ինչ որ Պողոս Առաքյալի կողմից Հռոմեացիներին ուղղված նամակում հիշատակված Ռուֆուսը (Հռմ 16, 13), ապա այդ պարագայում Մարկոսի՝ իր Ավետարանը Հռոմում գրած լինելու օգտին մի նոր փաստ էլ է ավելանում, քանի որ Պողոսի հիշատակած Ռուֆուսը, Հռոմում բնակություն հաստատած լինելով, ծանոթ էր Հռոմի քրիստոնյաներին։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։