Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը – Գրադարան – Mashtoz.org

Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը

Գիտենք, որ Հովհաննես Առաքյալն իր մահկանացուն կնքել է Եփեսոսում՝ խոր ծերության հասնելով։

Եփեսոսի եպիսկոպոս Պոլիկրատոսը, 190-195 թվականներին Հռոմի Վիկտոր Պապին ուղարկած իր նամակում պարծանքով հիշատակում է, որ Հովհաննես Ավետարանչի գերեզմանը գտնվում է Եփեսոսում[1]։

Բավականին արժեքավոր է Իրենեուսի վկայությունը, որի համաձայն՝ Հովհաննեսն, ընդառաջելով Ասիայի եպիսկոպոսների և քրիստոնյաների փափագին, լույս է ընծայել իր Ավետարանը։

Եփրեմ Ասորին, ընդհակառակը, Տացիանոսի Դիատեսսարոնի մեկնության վերջում գրում է. «Հովհաննեսն այն (Ավետարանը) գրեց Անտիոքում, որովհետև երկրի վրա մնաց մինչև Տրայանոսի ժամանակ»[2]։

Եփրեմ Ասորու սույն վկայությունը, ինչը շատ կողմնակիցներ չի ունեցել, այնուհանդերձ, շատերին է մտածելու առիթ տվել, որ Հովհաննեսը, եթե անգամ իր Ավետարանն Անտիոքում չի էլ գրել, բայց սկսել է քարոզել նախ Պաղեստինում, հետո Անտիոքում և, ի վերջո, կյանքի ավարտին, մի որոշ զարգացումից հետո այն գրի է առել Եփեսոսում։

Անտիոքում Հովհաննես Առաքյալի քարոզչությունը լավագույն կերպով բացատրում է այն նմանությունները, որոնք գոյություն ունեն մի կողմից չորրորդ Ավետարանի, մյուս կողմից՝ Ղուկասի Ավետարանի, Իգնատիոս Հայրապետի նամակների և նաև «Սողոմոնի տաղեր» կոչվող գրությունների միջև։

Ինչ վերաբերվում է չորրորդ Ավետարանի հրատարակության թվականին, ապա այսօր բանասերների մեծամասնությունը միաձայն ընդունում է, որ այն գրվել է 90-100 թվականնների միջակայքում, ինչը համապատասխանում է նաև եկեղեցական հին ավանդությանը։

Հին Հայրերի համաձայն՝ Հովհաննեսն իր Ավետարանը գրել է խոր ծերության շրջանում, իսկ Մուռատորյան Կանոնի (180) համաձայն՝ Հովհաննեսը չորրորդ Ավետարանը գրել է Հայտնության Գրքից հետո։

Եթե այս վկայությունը ճիշտ է, ապա այդ դեպքում 90 թվականից առաջ որևէ ա՛յլ թվական չենք կարող չորրորդ Ավետարանի գրության տարեթիվ համարել։

[1] Եկեղեցական պատմություն, 24, 2.
[2] Տե՛ս թարգմ. F.C. Conybeare, ZNW, 1902, p. 193.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։