Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին

1. – Շատերը Սբ. Կղեմես Հռոմեացու՝ Կորնթացիներին ուղղված նամակում (95-98) տեղ տեղ Հովհաննես Ավետարանչի ազդեցությունն են տեսնում[1]։

Սակայն կան ա՛յլ քննադատներ, ովքեր մերժում են որևէ առնչություն տեսնել չորրորդ Ավետարանի և Կղեմես Հայրապետի վերոհիշյալ նամակի միջև։

2. – Մեզ են հասել Սբ. Իգնատիոս Անտիոքացու (†110) նամակները, որոնցում տողեր կան, որոնք կարծես աղերս ունեն չորրորդ Ավետարանի հետ։

Ոմանք նման աղերսը վիճելի են համարում։ Եթե անգամ չորրորդ Ավետարանի և Սբ. Իգնատիոս Հայրապետի նամակներում կան նմանություններ, ապա դրանք կարող են առաջ եկած լինել, ասում են, երկու հեղինակների՝ միևնույն միջավայրում ապրած լինելու պարագայի շնորհիվ։

Սակայն պետք է նշել, որ ցանկացած ուսումնասիրող ավելի հակվում է նման ազդեցության գոյությունն ընդունելու։

Այսպես, Անտիոքի Հայրապետի կողմից Ֆիլադելֆիայի եկեղեցուն ուղղված նամակում կան հետևյալ տողերը. « ... որտեղից է գալիս և որտեղ է գնում ... »[2]։ Նման մի բացատրություն էլ չորրորդ Ավետարանում ենք գտնում[3]։

Սբ. Իգնատիոսը Մագնեսիացիներին ուղղված նամակում ասում է. Աստծո Որդին «Իր Բանը, լռությունից դուրս եկած, որ ամեն բանում հաճելի եղավ Նրան, ով Իրեն առաքել էր»[4]։

Շատ մասնագետներ վերոհիշյալ տողերում ուղղակի ազդեցություն են տեսնում չորրորդ Ավետարանի առաջաբանում գործածված «Բան» եզրի և Հովհաննեսի հետևյալ խոսքերի հետ. «Նա, որ առաքեց Ինձ, Իմ հետ է, ... քանի որ Ես միշտ անում եմ այն, ինչ Նրան է հաճելի»[5]։

3. – Բանասերները մեծամասնությամբ ընդունում են, որ Սբ. Հուստինոսը (150) և Հերմասը (Հովիվը. 140-145) կարդացել են չորրորդ Ավետարանը և դրանից օգտվել են[6]։

4. – Նմանապես, այսօր շատ շատերի կողմից ընդունված է, որ շուրջ 150 թվականին գրված «Սողոմոնի Տաղեր» կոչվող գրության մեջ չորրորդ Ավետարանից մեջբերումներ կան[7]։

5. - Սրանցից բացի, Վալենտիանոս, Բասիլիդես և Հերակլեոն հերետիկոսները, ովքեր ապրել են Երկրորդ դարում, ծանոթ են եղել չորրորդ Ավետարանին և իրենց զանազան գրություններում դրանից մեջբերումներ են արել։

6. – Ի վերջո, հավելենք նաև մի զորավոր փաստ ևս, որի հայտնությունը բանասերների մեծամասնությանն ընդունել տվեց, որ չորրորդ Ավետարանը գրվել է Առաջին դարի վերջին։

1935 թվականին Եգիպտոսում գտնվեցին պապիրուսի երկու կտորներ, որոնք հեղինակավոր մասնագետների համաձայն՝ գրվել են 150 թվականից առաջ։

Դրանցից մեկը՝ «Egerton 2» կոչված պապիրուսի կտորը[8], որ մեզ մինչև հիմա անծանոթ պարականոն Ավետարանի մի մաս է պարունակում, իր ունեցած աղբյուրների շարքին ունի նաև Հովհաննես Առաքյալի Ավետարանը։

Երկրորդը, որ «Մանչեսթըր 457» կամ «Papyrus Rylands 457» անունով է հայտնի[9], ունի 9x5 սմ մեծություն։ Սույն պապիրուսի մի էջի վրա կան Հվհ 18, 31-33 համարները, իսկ դարձերեսին՝ Հվհ 18, 37-38 համարները, որոնք ներկայացնում են Հիսուսի և Պիղատոսի խոսակցությունից մի դրվագ։

Մեկ անգամ ևս կրկնենք, որ պապիրուսի այս կտորն այժմ Մանչեսթըր քաղաքի Rylands կոչված մատենադարանում է գտնվում, և որ հմուտ մասնագետների համաձայն՝ պատկանում է Երկրորդ դարի առաջին կեսին, մոտ 130 թվականին։

Արդ, եթե Երկրորդ դարի սկզբներին չորրորդ Ավետարանն արդեն ծանոթ էր Եգիպտոսում, կարելի է տրամաբանորեն եզրակացնել, որ այդ Ավետարանն առնվազն տասնյակ տարիներ առաջ էր գրվել (Եփեսոսում կամ Պատմոսում), որպեսզի կարողանար մինչև Եգիպտոս հասած լիներ։

«Ներկայումս», գրում է Լեոն-Դյուֆուրը[10], «այլևս գրեթե չկա մի քննադատ, որ չորրորդ Ավետարանի գրության ժամանակը համարի 100 թվականից հետո»[11]։

[1] M.E. Boismard, Clèment de Rome et l'èvangile de Jean, 1948, pp. 376-385.
[2] Իգնատիոս Անտիոքացի, Նամակ Ֆիլադելֆիացիներին, 7, 1.
[3] Հվհ 3, 8
[4] Իգնատիոս Անտիոքացի, Նամակ Մագնեսիացիներին, 8, 2; հմմտ. նաև Նամակ Ֆիլադելֆիացիներին, 9, 1 և Հվհ 10, 7; Նամակ Հռոմեացիներին, 7, 3 և Հվհ 6, 27.33.54։
[5] Հվհ 8, 29
[6] Ի դեպ, Հուստինոսն ունի նաև Հիսուսի կողմից Նիկոդեմոսին ուղղված այս խոսքը, որ միայն չորրորդ Ավետարանում կա. «Եթե վերստին չծնվեք, երկնքի արքայություն չեք մտնի» (Apol., C. 1. 4)։
[7] Հմմտ. Տաղք Սողոմոնի, 10, 5 և Հվհ 11, 52; Տաղք, 18, 6 և Հվհ 1, 5; Տաղք, 30, 1-2 և Հվհ 4, 10; 7, 38; Տաղք, 41, 11-15 և Հվհ 1, 1.4-5; 6, 33, 37.
[8] H.I. Bell and T.C. Skeat, The New Gospel fragments, Manchester 1935; Lagrange, Deux nouveaux textes relatifs à l'Evangile, R.B. 1935, pp. 327-343.
[9] C.H. Roberts, An unpublished fragment of the fourth Gospel in the John Rylands Library, Manchester 1935.
[10] Քսավյե Լեոն-Դյուֆուր (Xavier Lèon-Dufour, 1912-2007) ֆրանսիացի կաթոլիկ քահանա, աստվածաշնչագետ, Աստվածաշնչի մեկնաբան, Նոր Կտակարանի մասնագետ
[11] Xavier Lèon-Dufour, Les èvangiles et l'Histoire de Jèsus, 1963, p. 102.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։