Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին – Գրադարան – Mashtoz.org

Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին

Չորրորդ Ավետարանում հեշտությամբ կարելի է նշմարել տրամաբանական հաջորդականության խախտումներ և հետևառաջություններ։

Տանք մի քանի օրինակներ։

3, 31-36, ինչպես նաև 12, 44-50 համարների բովանդակությունը կարծես թե ոչ մի կապ չունի իրենց նախորդ համարների բովանդակության հետ։

Ավելի տրամաբանական է թվում, որ 6րդ գլուխը տեղադրված լիներ 4րդ գլխից անմիջապես հետո, իսկ 4րդ, 5րդ, 6րդ, 7րդ գլուխներն իրար են հաջորդում չկապակցված շարքով։

Ի տես նման խանգարումների՝ բազմաթիվ մասնագետներ, ինչպես օրինակ՝ Ռուդոլֆ Բուլթմաննը[1], Ֆրեդերիկ Հոորը[2], Ջոն Բեռնարդը[3], Բենջամին Բեյքընը[4], Ժաք Գուրբիյոնը[5] և այլոք, երկար աշխատանք են տարել՝ գտնելու համար այն սկզբնական հաջորդականությունը, որ պետք է եղած լիներ չորրորդ Ավետարանում։

Պետք է ասել, որ վերոհիշյալ սրբագրիչների կատարած հետևառաջությունները շատ անգամ կամայական են և բանականությունը չեն գոհացնում։

Ֆրեդերիկ Հոորի համաձայն՝ Ավետարանչի քարտուղարը չորրորդ Ավետարանի ձեռագրերը խառնակ վիճակում է ստացել հեղինակի կողմից և չի կարողացել տրամաբանական հաջորդականություն դնել դրանց մեջ[6]։

Յուլիուս Ուելհաուզենը (1907), Էդուարդ Շվարցը[7] (1908) և ուրիշներ այն կարծիքին են, որ չորրորդ Ավետարանը կազմված է հին զանազան վավերաթղթերի միաձուլմամբ։ Ա՛յլ մասնագետների համաձայն՝ չորրորդ Ավետարանի համար իբրև հիմք է ծառայել մի ընդարձակ գրություն, որի վրա հետագայում ա՛յլ գրություններ են ավելացվել։ Եվ, ի վերջո, եղել են մարդիկ, որոնց համաձայն՝ չորրորդ Ավետարանը զանազան աղբյուրներից է կազմված։

Բուլթմաննը ասում է, թե չորրորդ Ավետարանի աղբյուրներն են եղել՝ ա) Քրիստոսի քարոզները, բ) Քրիստոսի հրաշքները, գ) առանձին պատմություններ, ինչպես նաև Հիսուսի չարչարանքները նկարագրող մի գրություն և այլն, որոնք վերջնական խմբագրողի ձեռքն են ընկել խառնակ վիճակում։

Բուլթմաննը ավելի առաջ գնալով՝ գրում է, թե չորրորդ Ավետարանի վերջին խմբագրողն էլ իր հերթին, ներշնչվելով համատես մյուս երեք Ավետարաններից և նույն շրջանում տիրող քրիստոնեական մտայնությունից, իր կողմից զանազան հավելումներ է արել՝ առանց, սակայն, կարողանալու չորրորդ Ավետարանում նյութերի վերջնական մի հաջորդականություն հաստատելու։

Մաուրո Լաքոնի իտալացի բանասերի պնդմամբ՝ չորրորդ Ավետարանում գտնվող Հիսուսի քարոզներն ու հրաշքները երկու տարբեր գրություններ էին, որոնց միջև ոճի ու գաղափարի թեթև տարբերություն է նշմարվում։ Ավետարանիչը ցանկացել է իր մտադրած կրոնական ծրագրի շրջանակներում այդ երկու գրությունները միաձուլել՝ միաժամանակ նաև աստվածաբանի իր կնիքը դնելով[8]։

Մասնագետների մեծամասնությունը, սակայն, համաձայն է, որ չորրորդ Ավետարանում գտնվող նյութերի հաջորդականությունը որևէ լուրջ փոփոխություն չի կրել, քանի որ մեզ հասած բոլոր հին ձեռագրերը և թարգմանությունները միևնույն հերթականությունն ունեն։

Նույնիսկ «Papyrus Bodmer II» կոչված ձեռագիրը, որն ըստ գիտնականների 200 թվականի գրություն է համարվում, միևնույն հաջորդականությունն է պարունակում։

[1] Ռուդոլֆ Կառլ Բուլթմանն (Rudolf Karl Bultmann, 1884-1976), գերմանացի բողոքական աստվածաբան, կրոնի պատմաբան, Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր
[2] Ֆրեդերիկ Ռասսըլ Հոոր (Frederick Russell Hoare, 1888-1951), գերմանացի աստվածաբան
[3] Ջոն Հենրի Բեռնարդ (John Henry Bernard, 1860-1927), Դուբլինի Արքեպիսկոպոս։ Նրա համաձայն՝ 7րդ գլխի 15-24 համարները հարկավոր է տեղադրել 5րդ գլխի 47-րդ համարից հետո, 3րդ գլխի 31-36 համարները՝ 21 և 22 համարների միջև, 10րդ գլխի 19-29 համարները՝ 1-18 համարների առջև, 12րդ գլխի 44-50 համարները՝ 36 համարից անմիջապես հետո, իսկ միևնույն գլխի 36բ-43 համարները՝ 50 համարից հետո։ Բեռնարդը Հիսուսի Վերջին Ընթրիքի ժամանակ խոսված ճառի նախաբանը հետևյալ կերպ է սրբագրում. սկսում է 13րդ գլխից մինչև 30 համարը, հետո գալիս են 15րդ և 16րդ գլուխները, ապա 13, 31-38 համարները, որոնց հաջորդում է 14րդ գլուխը և դրանից անմիջապես հետո 17րդ գլուխը։ Իսկ Գուրբիյոնը 3րդ գլխի 14-21 համարները տեղադրում է 31 և 12րդ գլխի 32 համարների միջև, և այլն։
[4] Բենջամին Վիզներ Բեյքըն (Benjamin Wisner Bacon, 1860-1932), ամերիկացի աստվածաշնչագետ, աստվածաշնչյան հնեաբան, Նոր Կտակարանի մասնագետ, վաղ շրջանի քրիստոնեության պատմաբան, Յելի համալասարանի պրոֆեսոր
[5] Ժաք Ժիլլ Գուրբիյոն (Jacques Gilles Gourbillon, 1908-1964), Դոմինիկյան Միաբանության անդամ, կաթոլիկ աստվածաշնչագետ
[6] F.R. Hoare, Original order and chapters of St. John's Gospel, London 1944.
[7] Էդուարդ Շվարց (Eduard Schwartz, 1858-1940), գերմանացի լեզվաբան, պատմաբան
[8] Mauro Làconi, La critica letteraria applicata al quarto Vangelo, in San Giovanni. Atti della XVII settimana Biblica, Brescia 1968, pp. 84-85.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։