Պլինիոսի վկայությունը – Գրադարան – Mashtoz.org

Պլինիոսի վկայությունը

Արժե հիշատակել նաև կրտսեր Պլինիոսի՝ Տրայանոսին ուղղված նամակը, որում նկարագրում է Բութանիայում գտնվող քրիստոնյաների կենցաղը։ Ահա՛ մի մեջբերում իր գրվածքներից.

«Քրիստոնյաների հանդեպ ահավասիկ իմ որդեգրած ընթացքը. սպառնալիքներով լի բազմաթիվ հարցուփորձերից հետո սպանել եմ տալիս նրանց, ովքեր տակավին համառում են իրենք իրենց քրիստոնյա հայտարարել։ Ոմանք ուրանում էին քրիստոնյա լինելը, զոհ էին մատուցում մեր կուռքերին և նույնիսկ անիծում էին Քրիստոսին, բայց, ինչպես երևում է, նման բաները ճշմարիտ մի քրիստոնյայից երբեք չի կարելի սպասել։ ... Իմ հարցաքննությունը ցույց տվեց, որ նրանք որոշակի օրերի արևը ծագելուց առաջ հավաքվում են մի տաղ երգելու՝ նվիրված Քրիստոսին որպես Աստծո, և երդումով պարտավորելու իրենք իրենց՝ ոճիրներ չգործելու, այլ՝ խուսափելու գողությունից, պոռնկությունից. հետո երեկոյան հավաքվում են շատ սովորական և անվնաս մի կերակուր ուտելու համար։ ... Նրանք շատ բազմաթիվ են իմ նահանգում, ... այն աստիճան, որ տաճարներում պաշտամունքը նվազելու վրա է ... և աստվածներին զոհված միսը գրեթե բնավ գնող չունի»[1]։

Պլինիոս Կրտսերը, ով Բութանիայի և Պոնտոսի կառավարիչն էր, այս տողերը գրել է 112 թվականին։ Նա առաջին քրիստոնյաների իրապաշտ նկարագրությունն է անում Տրայանոսին ուղղված նամակում։

Պլինիոսի տված տեղեկություններն այնքան նման են «Գործք Առաքելոց» գրքում գտնված նկարագրությանը, որ ոչ ոք չի տարակուսում Պլինիոսի ասածների վավերականության մասին։

[1] Պլինիոս Կրտսեր, Նամակներ, X, 96.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։