Պողոս Առաքյալի նամակները – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Առաքյալի նամակները

Ժամանակագրական առումով Հիսուսի մասին գրված ամենահին գրությունների շարքին են պատկանում Պողոս Առաքյալի նամակները, որոնք (թվով տասնչորս հատ) գրվել են 51-66 թվականների ընթացքում։

Պողոս Առաքյալը դիպվածաբար գրված իր նամակներում, անշուշտ, Քրիստոսի վարքը գրելու նպատակ չի ունեցել։ Բայց նա հիանալիորեն գծել է Հիսուսի դիմագիծը, տվել է Նրա կյանքի գլխավոր կետերը, որոնք ամբողջովին նման են Ավետարաններում նկարագրված Հիսուսին։

Հառնակը՝ բողոքական ամենահմուտ աստվածաբաններից մեկը, Պողոսի նամակները կոչում էր «Հինգերորդ Ավետարան», որոնցից կարելի է «Հիսուսի կենսագրությունը» դուրս հանել, ավելացնում է Ռենանը։

Եղել են մարդիկ, ովքեր առանց համոզիչ փաստերի տարակույս են հայտնել Պողոս Առաքյալի կողմից՝ Տիմոթեոսին, Տիտոսին և Եբրայեցիներին ուղղված նամակների վավերականության վերաբերյալ։ Մնացյալ նամակները որպես վավերական են ընդունվում գրեթե բոլոր բանասերների կողմից։

Եթե չորս Ավետարանները գրված չլինեին, մենք «Գործք Առաքելոց» գրքից և Առաքյալների նամակներից Հիսուսի մասին պիտի հետևյալն իմանայինք։

Հիսուսն «Աբրահամի սերնդից» (Գղտ 3, 16), Դավթի ցեղից (Հռմ 1, 3) մի մարդ է (Հռմ 5, 15), որ ծնվել է «մի կնոջից» (Գղտ 4, 4), որի անունը Մարիամ է (Գրծ 1, 14)։

Նա կոչվել է «Նազովրեցի» (Գրծ 2, 22) և եղբայրներ է ունեցել (= ազգականներ, զարմիկներ) (1Կր 9, 5; Գրծ 1, 14), որոնցից մեկի անունը Հակոբոս է եղել (Գղտ 1, 19)։

Հիսուսն աղքատ է եղել (2Կր 8, 9), հեզ և հանդարտաբարո մեկը. մկրտվել է Հովհաննես Մկրտչի կողմից (Գրծ 1, 22), աշակերտներ է հավաքել (Գրծ 1, 21-22), որոնցից տասներկուսն «Առաքյալ» են կոչվել. դրանց մեջ են Կեֆասը, այսինքն՝ Պետրոսը, և Հովհաննեսը (1Կր 9, 5; 15, 5-7; Գրծ 13 և 26), Հակոբոսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարթողիմեոսը, Մատթեոսը, Հակոբոս Ալփյանը, Շմավոնը և Հուդա Հակոբյանը (Գրծ 1, 13)։

Հիսուսն Իր կյանքի ընթացքում շատ հրաշքներ է գործել (Գրծ 2, 22), բարիք է արել և դիվահարների է բուժել (Գրծ 10, 38), այլակերպվել է աշակերտներից ոմանց ներկայությամբ (2Պտ 1, 16-18)։

Հուդայի կողմից մատնվելու գիշերը (Գրծ 1, 16-19) Ամենասուրբ Հաղորդությունն է հաստատել (1Կր 2, 23-25), նախատվել է հրեաների կողմից (Հռմ 15, 3) և որպես օրինազանց (Գրծ 3, 14) Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի օրոք չարչարանքների է ենթարկվել (1Տմ 6, 13; Գրծ 3, 13; 4, 27) և քաղաքից դուրս խաչվել է (Գղտ 3, 1; 1Կր 1, 13.23; 2, 2; 4, 10; Եբր 13, 12), հոգեվարքի ժամանակ աղոթել է (Եբր 5, 7) և խաչի վրա մահանալով՝ թաղվել է (1Կր 15, 4; Գրծ 2, 29; 13, 29)։ Երրորդ օրը հարություն առնելով (1Կր 15, 4; Գրծ 10, 40) հայտնվել է շատերին (1Կր 15, 4; Գրծ 1, 3; 10, 41; 13, 31) և, ի վերջո, երկինք է համբարձվել (Հռմ 8, 34; Գրծ 2, 9-10.33-34)[1]։

[1] Ricciotti, Vita di Gesù Cristo, p. 116.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։