Սվետոնիոսի վկայությունը – Գրադարան – Mashtoz.org

Սվետոնիոսի վկայությունը

Հռոմեացի մեկ ա՛յլ պատմիչ՝ Սվետոնիոսը, 120 թվականին գրած իր «Տասներկու կեսարների կյանքը» հատորում ասում է, թե Կլաուդիոս կայսրը 51 թվականի շրջանում «Հռոմից վտարեց այն հրեաներին, ովքեր Քրիստոսի ազդեցության տակ անկարգությունների տևական պատճառ էին»[1]։

Նույն պատմագիրը Ներոնի կենսագրության մեջ հետևյալ տողերն ունի. «Քրիստոնյաները չարչարանքների ենթարկվեցին. մարդիկ, ովքեր իրենք իրենց տվել են նոր և վատ մի ավելորդապաշտության»[2]։

Սվետոնիոսի ակնարկած քրիստոնյաների հալածանքի ճշմարտապատում լինելը հաստատվում է նաև «Գործք Առաքելոց» գրքի այս տողերից. «Դրանից հետո, Պողոսն Աթենքից մեկնելով եկավ Կորնթոս։ Այնտեղ գտավ ծագումով պոնտացի Ակյուղաս անունով մի հրեայի, ով իր Պրիսկիլլա կնոջ հետ Իտալիայից նոր էր եկել, Կլաուդիոսի հրովարտակի հետևանքով, որով հրամայում էր բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից»[3]։

Վերոհիշյալ դեպքերը պատահել են հիսունական թվականներին և ցույց են տալիս, թե այդ շրջանում արդեն, Հիսուսի մահվանից 15-20 տարի անց, Քրիստոնեությունը թափանցել էր Հռոմեական Կայսրության սիրտը՝ Հռոմ։

[1] Սվետոնիոս, Կլաուդիոս, 25.
[2] Սվետոնիոս, Ներոն, 16.
[3] Գործք Առաքելոց 18, 1-2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։