Տակիտոսի վկայությունը – Գրադարան – Mashtoz.org

Տակիտոսի վկայությունը

Հռոմեացի մեծագույն պատմագիրը՝ Տակիտոսը, մոտ 116 թվականին գրած իր «Տարեգրքում» հետևյալ տողերն ունի. Ներոն կայսրը Հռոմում իր հրահանգով կատարված հրդեհի պատճառը քրիստոնյաների վրա բարդելով՝ « ... չարաչար խոշտանգումներով պատժում էր իրենց վատ վարքի համար ատելի դարձած մարդկանց, որոնց ժողովուրդը քրիստոնյա էր կոչում։ Այս [քրիստոնյա] անվանակոչումը նրանք վերցրել էին Քրիստոս անունով մեկից, ում Տիբերիոսի ինքնակալության օրոք Պոնտացի Պիղատոս գործակալը մահվան դատապարտեց»[1]։

Ամեն կասկածից վեր է, որ Տակիտոսի այս վկայությունը պատմական ծանրակշիռ արժեք ունի, որովհետև ո՛չ միայն վստահելի պատմաբանի կողմից է գրված, այլ նաև՝ Քրիստոնեության առաջին շրջանին է պատկանում։

Տակիտոսն ակնարկում է մի հրդեհի մասին, որ պատահել է Հռոմում 64 թվականին։ Այդ շրջանում է, որ տեղի են ունեցել Պետրոս և Պողոս Առաքյալների մահապատիժները։

Հռոմեացի պատմիչի այս խոսքերից հետևում է, որ Պոնտացի Պիղատոսը, ով Հռոմի կողմից Պաղեստինի գործակալ էր նշանակվել, մահվան է դատապարտել Քրիստոս անունով մեկին, որի հետևորդները Քրիստոնեությունը՝ այդ «խորշելի ավելորդապաշտությունը», տարածում էին «ո՛չ միայն Հուդեայում (Պաղեստին), այլ նաև՝ Հռոմում, ուր աշխարհի բոլոր սոսկալի ու ամոթալի բաներն են խուժում և անթիվ այցելուներ են գտնվում»[2]։

Բազմաթիվ գիտնականների համաձայն՝ Տակիտոսը Քրիստոսի մասին այս տեղեկությունը հավանաբար վերցրել է իր բարեկամ Պլինիոս Ավագից։

Եթե ճիշտ լինի վերոհիշյալ ենթադրությունը, ապա այդ պարագայում Տակիտոսի վկայությունն ավելի արժեքավոր է դառնում, որովհետև Պլինիոսը 70 թվականին Երուսաղեմում էր գտնվում և այդ քաղաքի կործանման ականատեսն էր եղել, ուստի Քրիստոսի ու քրիստոնյաների մասին իր ունեցած տեղեկություններն ավելի հին ու անմիջական են։

Ամեն դեպքում, Տակիտոսը համառոտ ու անուղղակի կերպով է խոսում Քրիստոսի մասին և իր տեղեկությունը պարտադիր չէր, որ անպայման Պլինիոսից վերցրած լիներ, քանի որ, իր իսկ վկայության համաձայն, Հռոմում քրիստոնյաների համայնք կար, որտեղ ապրող զարգացած որևէ մեկը կարող էր Քրիստոսի մասին տեղյակ լինել։

[1] Կոռնելիոս Տակիտոս, Տարեգիրք, Գիրք 15, գլխ. 44.
[2] Նույն տեղում.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։