Տարակույսներ – Գրադարան – Mashtoz.org

Տարակույսներ

Իրենեոսը գրում է, որ Երկրորդ դարի վերջին կային որոշ հերետիկոսներ և քրիստոնյաներ, ովքեր չէին ընդունում, որ չորրորդ Ավետարանը, ինչպես նաև Հայտնության գիրքը, Հովհաննես Առաքյալի կողմից են գրվել։

Իրենեոսի համաձայն՝ ջնջելու համար Սուրբ Հոգու պարգևները, որ տարածվել էին մարդկային ցեղի վրա, ոմանք «չէին ընդունում այն ձևի Ավետարանը, որն ըստ Հովհաննեսի է»[1], որովհետև Հովհաննեսի Ավետարանում խոսվում է Սուրբ Հոգու մասին, Ում Հիսուսը խոստացել էր առաքել Առաքյալներին։

Նմանապես, Զեֆերինոս Հռոմի քահանայապետի օրոք (198-217) ապրել է Գայոս անունով մի քահանա, ով ըստ Եվսեբիոսի[2] և Հիպպողիտոսի՝ մերժում էր որպես չորրորդ Ավետարանի և Հայտնության գրքի հեղինակ ընդունել Հովհաննեսին՝ պատճառաբանելով, թե չորրորդ Ավետարանում որոշ նյութեր համաձայն չեն մյուս երեք Ավետարանների հետ։

Գայոսի համաձայն՝ չորրորդ Ավետարանը և Հայտնության գիրքը գրել է Կերինթոս անվամբ մի հերետիկոս, ով ապրել է Եփեսոսում և Հովհաննես Ավետարանչի գլխավոր հակառակորդներից մեկն է եղել։

Ամփոփելով հավելենք նաև, որ Սուրբ Եպիփանը[3] ևս հիշում է «Ալոգիստ» հերետիկոսներին, ովքեր չէին ընդունում չորրորդ Ավետարանը, որը «Բանի» Ավետարանն էր։

Վերոհիշյալ հերետիկոսներն ապրում էին Հռոմեական Կայսրությունում, հավանաբար Գայոսն էլ էր սույն հերետիկոսությանը պատկանում։

Անտարակույս, որոշ հերետիկոսների ուրացումները, ովքեր սխալ վարդապետությանը պաշտպան կանգնելու նպատակով մերժում էին ընդունել չորրորդ Ավետարանը որպես Հովհաննես Առաքյալի գործ, որևէ կերպ չեն կարող տկարացնել եկեղեցական հին ավանդության և Սուրբ Հայրերի գերակշիռ մեծամասնության վկայությունները, որ չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է։

[1] Ընդդեմ հերետիկոսությունների, III, II, 9.
[2] Եկեղեցական պատմություն, 3, 28, 1-2.
[3] Panarion, XLI, 35, 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։