ա) «Բանավոր ավանդության» վարկած – Գրադարան – Mashtoz.org

ա) «Բանավոր ավանդության» վարկած

Յոհան Հերդերից հետո Յոհան Գիզելերն[1] է, որ պաշտպանեց «բանավոր ավանդության» վարկածը։

Նրա համաձայն՝ առաջին քրիստոնյաների շրջանում Քրիստոսի վարքը, խոսքերը, քարոզները և հրաշքները բերնեբերան պատմվելով, կրկնվելով՝ վերջնական որոշակի մի տեսք ստացան։

Ավետարանիչները գրի առան այդ «բանավոր ավանդությունը», և դրանից են առաջ եկել այն նմանությունները, որոնց հանդիպում ենք երեք Ավետարաններում։

Իսկ այդ «բանավոր ավանդությունը» տարբեր միջավայրերում տարբեր փոփոխությունների ենթարկվեց՝ հարմարվելով շրջապատին։ Եվ ահա՛, այս երևույթից էլ առաջ են եկել Ավետարաններում գտնվող տարբերությունները։

Ֆրեդերիկ Գոդեի համաձայն՝ Մատթեոսի Ավետարանի հունարեն խմբագրողն իրեն հասած եբրայեցերեն բնագրից թարգմանելիս աչքի առջև ունեցել է Քրիստոսի քարոզների՝ եբրայեցերենից հունարենի թարգմանված մեկ ա՛յլ հավաքածու ևս։

Նմանապես, Ղուկասը տարբեր հատուկտոր աղբյուրներից է օգտվել։ Կրկին Գոդեի համաձայն՝ վերոնշված կախումնավորությունից բացի, երեք Ավետարանիչներն իրարից անկախ, տարբեր վայրերում և տարբեր ժամանակներում են իրենց Ավետարանները գրել։ Մարկոսն իր Ավետարանը գրել է մոտ 64 թվականին՝ Հռոմում, իսկ Մատթեոսն ու Ղուկասը՝ 66 թվականին, մեկը Պաղեստինում, մյուսն էլ Սիրիայում են իրենց գործերը լույս ընծայել։

«Բանավոր ավանդության» վարկածի կողմնակից կարելի է համարել նաև հետևյալ հեղինակներին. Մարսել Ժուսսը[2], ով թեև հատուկ կերպով Համատես Ավետարանների հարցի լուծմամբ չի զբաղվել, սակայն շեշտում է երեք Ավետարանների կազմավորման մեջ «բերանացի ավանդության» կատարած կարևոր դերը, ինչպես նաև, Թադեուս Սուարոնը[3], Պաուլ Ֆիբիգը[4], Յոախիմ Երեմիասը[5], Չառլզ Բըրնին[6], Մեթյու Բլեյքը[7], ովքեր Աստվածաշնչի մասնագետներ են և այն տեսակետի կողմնակիցները, համաձայն որի՝ «բանավոր ավանդությունը» մեծ ազդեցություն է ունեցել գրավոր ավանդության վրա։

 
Ի՞նչ ասել վերոնշյալ կարծիքի մասին
 
Այսօր քննադատները ճնշող մեծամասնությամբ, – ընդունելով հանդերձ երեք Ավետարանների կազմավորման վրա «բանավոր ավանդության» թողած ազդեցությունը, – այնուամենայնիվ՝ մերժում են, երբ այս տեսակետի համակիրները պաշտպանում են երեք Ավետարանների՝ իրարից բոլորովին անկախ լինելու պարագան։

«Բանավոր ավանդությունը» կարող է ազդեցություն ունեցած լինել մասնավորապես համառոտ նախադասությունների վրա, բայց երբ Ավետարաններում տեսնում ենք, որ մոտ տասնհինգ երկար համարներ գրեթե ամբողջովին իրար նման են, ստիպված ենք ընդունել գրավոր աղբյուրների գոյությունը, որոնցից Ավետարանիչներն օգտվել են։

[1] Յոհան Կառլ Լյուդվիգ Գիզելեր (Johann Karl Ludwig Gieseler, 1792-1854), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, եկեղեցական պատմաբան
[2] Մարսել Ժուսս (Marcel Jousse, 1886-1961), ֆրանսիացի կաթոլիկ մարդաբան, Հիսուսյան Միաբանության անդամ
[3] Թադեուս Սուարոն (Thaddäus Soiron, 1881-1957), գերմանացի կաթոլիկ աստվածաբան, Ֆրանցիսկյան Միաբանության անդամ
[4] Պաուլ Ֆիբիգ (Paul Wilhelm Julius Fiebig, 1876-1949), գերմանացի բողոքական աստվածաբան
[5] Յոախիմ Երեմիաս (Joachim Jeremias, 1900-1979), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ և Աստվածաշնչի մեկնաբան
[6] Չառլզ Ֆոքս Բըրնի (Charles Fox Burney, 1868-1925), անգլիկան աստվածաշնչագետ, սեմագետ, Հին Կտակարանի մասնագետ
[7] Մեթյու Բլեյք (Matthew Black, 1908-1994), շոտլանդացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։