բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են – Գրադարան – Mashtoz.org

բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են

1880 թվականին Էդվարդ Սայմընսը[1] հանդես եկավ Ղուկասի՝ Մատթեոսից կախումնավորության տեսակետով։

1932 թվականին նույն կարծիքին հարեց Հայնրիխ Հոլթցմաննը[2], ում հետևեցին նաև Քրիստոֆեր Բաթլերը, Օստին Ֆայրերը[3], և այլոք։

Յոզեֆ Շմիդը[4] (1930), Լեոն Վագանեն[5] (1954), ինչպես նաև ա՛յլ մասնագետներ, խորացված ուսումնասիրություններից հետո համոզիչ կերպով փաստեցին, որ Ղուկասն անկախ է Մատթեոսից և նրանից ոչ մի ազդեցություն չի կրել։

Այսօր մասնագետների մեծամասնությունն այս կարծիքին է հակված։

Երբ երեք Ավետարաններն իրար հետ համեմատելու լինենք, ապա պիտի տեսնենք, որ Մատթեոսն ու Ղուկասն ամեն անգամ, երբ Մարկոսին են հետևում, իրար նման են, բայց բավական է իրենցից մեկը դադարի Մարկոսին հետևել, ապա այդժամ սկսում են իրարից տարբերվել, թե՛ պարունակությամբ, թե՛ նյութերի դասավորմամբ, և թե՛ արտահայտության ձևով։

Կան նյութեր, որոնք հատուկ են յուրաքանչյուր Ավետարանչին. այդ նյութերում ավելորդ է փնտրել նույնություն կամ որևէ առնչություն։ Այս կարգի նյութերից են, օրինակ, Հիսուսի առաքելությունը Նազարեթում, հրաշագործ ձկնորսությունը, Հիսուսի չարչարանքները և այլն, որոնք տարբեր ձևով են նկարագրված մյուս Ավետարանիչների մոտ։

Սրանցից զատ, կան նաև ուրիշ նյութեր, որոնք ընդհանուր են Մարկոսի և Մատթեոսի մոտ, սակայն բացակայում են Ղուկասի մոտ։

Ընդհակառակը, կան նաև նյութեր, որոնցում Մատթեոսն ու Ղուկասը նույնանում են՝ հեռանալով Մարկոսից։ Օրինակ, Տաճարից վաճառականների վտարումը, և այլն։

Մարկոսին հատուկ հինգ դրվագներ կան, որոնք բացակայում են Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում։

Եթե Մարկոսն ու Ղուկասը շատ տեղերում, Մատթեոսից տարբերվելով, իրար հետ նմանություններ են ցույց տալիս, ապա պետք է ընդունենք, որ Ղուկասն անկախ է Մատթեոսից։

Որովհետև, եթե Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար իրար ծանոթ լինեին, կամ նույնիսկ միայն Ղուկասն աչքի առջև ունեցած լիներ Մատթեոսի գրածները, այդ պարագայում ինչպե՞ս բացատրել այն ընդարձակ բացատրությունները, որոնք գոյություն ունեն, օրինակ, Հիսուսի մանկության նկարագրության և ազգաբանության, այնքա՜ն գեղեցիկ «Հայր մեր» տերունական աղոթքի, այլևայլ առակների և Հիսուսի հարության պատմության մեջ։

Անհնարին է նաև գոհացուցիչ պատասխան գտնել, թե ինչո՞ւ Մատթեոսը, եթե ծանոթ էր Ղուկասի Ավետարանին, իր Ավետարանում չի ընդգրկել այնքա՜ն հիանալի դրվագներ, որոնց հանդիպում ենք Ղուկասի մոտ և կամ, փոխադարձաբար, Ղուկասը չի որդեգրել Մատթեոսի հոյակապ պատմությունները։

Ինչ վերաբերում է նյութերի հերթականությանը, թեև երբեմն իրար հարևնման են ընթանում[6], սակայն հաճախ իրարից տարբեր ձևով են դասավորված. այսպես, Հիսուսի քարոզները կանոնավոր կերպով գտնում ենք Մատթեոսի մոտ, Ղուկասը դրանք միացրել է անկանոն շարքով։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Մատթեոսն ու Ղուկասը իրարից անկախ գրողներ են։

[1] Ուոլտեր Էդվարդ Սայմընս (Walter Eduard Simons, 1855-1922), գերմանացի բողոքական աստվածաբան, պրոֆեսոր
[2] Հայնրիխ Յուլիուս Հոլթցմանն (Heinrich Julius Holtzmann, 1832-1910), գերմանացի բողոքական աստվածաբան
[3] Օստին Ֆայրեր (Austin Fairer, 1904-???), բողոքական աստվածաբան և աստվածաշնչագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր
[4] Յոզեֆ Շմիդ (Josef Schmid, 1883-1975), գերմանացի կաթոլիկ աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ
[5] Լեոն Վագանե (Léon Vaganay, 1882-1969), ֆրանսիացի կաթոլիկ քահանա, աստվածաշնչագետ
[6] Հմմտ. Մտթ 10, 26-23 և Ղկս 12, 2-9; Մտթ 11, 21-27 և Ղկս 10, 13-15.21-33
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։