բ.3.1) Բացթողումները – Գրադարան – Mashtoz.org

բ.3.1) Բացթողումները

Ղուկասը շատ հատվածներ է անտեսել՝ գեղագիտական նկատառումներից տարված։

1) Նա ջնջել է բոլոր այն տողերը, որոնք ավելորդ ծանրություն պիտի լինեին իր կողմից տրված նկարագրության համար։ Օրինակ, երբ համեմատենք Մարկոսի և Ղուկասի մոտ արյունահոսությամբ տառապող կնոջ[1] և լուսնոտի բժշկումը[2], ինչպես նաև Հայրոսի աղջկա վերակենդանացումը[3], մարդասպան մշակների առակը[4] և այլն, ապա տեսնում ենք, որ Ղուկասը նկարագրելիս զանց է առել ժամանակի և տեղական ավելորդ պարագաները։

2) Ղուկասը չի հիշատակել նաև այն նյութերը, որոնք հեթանոսների համար օգտակարություն չունենալուց բացի, երբեմն կարող էին նրանց համար նվաստացուցիչ թվալ։ Այսպես, հրեաների ավանդությունը (ուտելուց առաջ ձեռք լվանալը, և այլն, Մրկ 7, 1-21), փյունիկ-ասորի քանանուհու պատմությունը, ուր Հիսուսը հեթանոսներին շնիկների է նմանեցնում (Մրկ 7, 24-39), արամայերեն բառեր ու բացատրություններ, որոնք հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին չեն կարող հետաքրքրել (Մրկ 15, 34), Հովհաննես Մկրտչի ուղտի մազից զգեստ հագնելը և վայրի մեղր ու մարախ ուտելը (Մրկ 1, 6), Մարկոսի բացատրությունը, թե՝ արյունահոսությամբ տառապող կինը «չափազանց տառապել է բազմաթիվ բժիշկներից», որոնք կարող էին տվյալ ժամանակաշրջանի բժիշկների արժանապատվությունը վիրավորել (Մրկ 5, 26), խուլուհամրի բժշկումը, որի նկարագրության ժամանակ ասվում է, թե Հիսուսն Իր «մատերը նրա ականջի մեջ դրեց և թքով նրա լեզվին դիպչեց» (Մրկ 7, 31-37)։ Բժշկելու այս կերպը կարծես թե Ղուկաս Ավետարանչին շատ հաճելի չի թվացել, քանի որ նա միևնույն նկատառմամբ զանց է առել նաև Բեթսաիդայի կույրի բուժման նկարագրությունը, որտեղ Մարկոսը գրում է. «Աչքերը թքով թրջեց» (Մրկ 8, 22-26)։

Ղուկասի մոտ պակասում է նաև փարիսեցիների խմորի պատմությունը, հավանաբար Առաքյալներին ուղղված Հիսուսի հանդիմանական խոսքերի պատճառով, որ գտնվում են այդ դրվագում։

Նույնպես, Ղուկասը զանց է առել գրել նաև գայթակղության մասին Հիսուսի խոսքերը, որոնք ընթերցողի կողմից կարող են սխալ հասկացվել և վտանգավոր հետևանքներ ունենալ։ Ահա՛ Հիսուսի խոսքերը. «Եթե ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դեն գցիր։ ... Եթե աչքդ քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ... » (Մրկ 9, 43-48)։

3) Ղուկասը փափկանկատությունից մղված՝ չի հիշատակել Հիսուսի բոլոր այն խոսքերն ու նաև գործելակերպը, որոնք մի փոքր խիստ են թվում. այսպես, երրորդ Ավետարանում չենք գտնում Հիսուսի կողմից Պետրոս Առաքյալին տրված հանդիմանությունը. «Հեռացի՛ր, սատանա, որովհետև դու Աստծո համաձայն չես խորհում, այլ՝ մարդկանց» (Մրկ 8, 32-33)։

Ղուկասի մոտ չկան նաև Առաքյալներին տրված հանդիմանությունը (Մրկ 4, 13), Եսայի մարգարեի հուսահատեցնող այս խոսքերը. «Տեսնելով հանդերձ՝ չեն տեսնում, լսելով հանդերձ՝ չեն ըմբռնում, որպեսզի երբեք դարձի չգան և թողություն չգտնեն» (Մրկ 4, 12), Հուդայի մասին այս ահավոր վճիռը. «Վա՜յ այն մարդուն, ում ձեռքով պիտի Մարդու Որդին մատնվի. լավ էր այն մարդուն, որ բնավ իսկ ծնված չլիներ» (Մրկ 14, 21)։

4) Ղուկասի մոտ չենք գտնում նաև այն դեպքերը, որտեղ բռնություն, ոճիր կամ ա՛յլ տգեղություններ կան. այսպես, երրորդ Ավետարանում պակասում են Հովհաննես Մկրտչի գլխատումը (Մրկ 6, 17-22), Հիսուսի ձաղկումը (Մրկ 14, 65), փշեպսակը (Մրկ 14, 16-19), Հիսուսի դեմ հրեաների կողմից եղած նախատինքները (Մրկ 15, 29-32)։ Ղուկասը միայն երկու տողով է նկարագրել Տաճարի մաքրագործումը վաճառականներից, այն էլ՝ այնքա՜ն մեղմ ձևով (Ղկս 19, 45-46)։

Ծայր աստիճան ազնվությամբ Ղուկասը զանց է առել պատմել այն ամենը, ինչը որ Հիսուսի աշակերտների վարկը կարող էր նվաստացնել. այսպես՝ Առաքյալների իրար հետ տաք վիճաբանությունը, թե ո՛վ իրենց մեջ գլխավորը պիտի լինի (Մրկ 9, 33-34), նրանց չկարողանալը՝ բժշկել լուսնոտին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք դևին հանել» (Մրկ 9, 27), Զեբեդեոսի որդիների՝ Հովհաննեսի ու Հակոբոսի խնդրանքը՝ «արքայության մեջ մեկը Հիսուսի աջ կողմում և մյուսը ձախ կողմում նստել» (Մրկ 10, 35-45), Առաքյալների՝ Գեթսեմանիի պարտեզում Հիսուսին լքելն ու փախչելը (Մրկ 14, 50), և այլն։

5) Ղուկասի Ավետարանում բացակայում են նաև այն հատվածները, որոնցում այնպիսի բացատրություններ են գտնվում, որոնք կարող են Հիսուսի սրբության, մեծվայելչության վրա անգամ փոքր ստվեր գցել։ Այսպես. Ղուկասի մոտ չկան Հիսուսի հետևյալ խոսքերը. «Իսկ այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին» (Մրկ 13, 32), կամ խաչի վրա Հիսուսի արտասանած այս խոսքը. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մրկ 15, 34)։ Նմանապես, պակասում են նաև հետևյալ տողերը. «Եվ երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելքը կորցրել է» (Մրկ 3, 21)։

Ղուկասը երբեմն Մարկոսի խիստ բացատրությունները մեղմացնելով է ներկայացնում. օրինակ, Մարկոսը գրում է. «Հիսուսը սա տեսնելով՝ բարկացավ և ասեց ... » (Մրկ 10, 14)։ Ղուկասը զանց է առնում բարկանալու պահը և ավելի մեղմ ձևով գրում է. «Հիսուսն Իր մոտ կանչելով մանուկներին՝ ասաց» (Ղկս 18, 16)։

Նմանապես, Մարկոսի հետևյալ ցավալի նկարագրությունը, թե՝ Հիսուսը «սկսեց տխրել և տագնապել։ Այնժամ ասաց նրանց. Մեռնելու աստիճան տրտում է հոգիս ... , իսկ Ինքը երեսնիվայր գետնին ընկավ» (Մրկ 14, 34-35), Ղուկասի մոտ, տեսեք, ինչքա՜ն նվազ տխուր է ներկայացված. «Երբ (Հիսուսն) այնտեղ հասավ, ասաց նրանց. ''Աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք'', իսկ Ինքը նրանցից մոտ մի քարընկեց հեռանալով՝ ծնրադրեց, աղոթում էր և ասում» (Ղկս 22, 40-41)։ Ծնրադրելն ավելի մեղմ բացատրություն չէ՞, քան երեսնիվայր գետնին ընկնելը։

[1] Մրկ 5, 25-35 և Ղկս 8, 43-48
[2] Մրկ 9, 13-28 և Ղկս 9, 37-43
[3] Մրկ 5, 21-24 և Ղկս 8, 40-42.49-56
[4] Մրկ 12, 1-9 և Ղկս 20, 9-19
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։