բ.3.2) Հավելումներ և հպումներ – Գրադարան – Mashtoz.org

բ.3.2) Հավելումներ և հպումներ

Մարկոսից վերցված նյութերի վրա Ղուկասի կողմից կատարված հավելումները կամ հպումները դարձյալ վկայում են երրորդ Ավետարանչի նուրբ ճաշակի, արվեստագետի և փափկանկատ հոգու տեր լինելու հանգամանքի մասին։

Սրանից բացի, այդ հավելումների ու հպումների պատճառ կարելի է նկատել Ղուկասի բծախնդրությունը, որ նա ցուցաբերում է պատմական ճշգրտության ու հստակության հանդեպ։

Հետևյալ համարներում՝ 4, 31; 5, 1; 8, 24; 19, 37; 23, 51; և այլն, ակներև է, որ եղած հավելումներն աշխարհագրական ճշգրտումների համար են։

Իսկ 4, 1.40.43; 8, 18.30.31.53.55; 9, 9; 22, 51.69 համարներում եղած հպումները պետք է վերագրել Ղուկասի նուրբ ճաշակին, բարեսրտությանը և հստակության հանդեպ ունեցած սիրույն։

Մարկոսը Հիսուսի առակները պատմելուց հետո ավելացնում է. «Նույն օրը, երեկոյան մոտ, (Հիսուսն) ասաց նրանց. ''Եկե՛ք մյուս կողմն անցնեք''» (Մրկ 4, 35) և անմիջապես նկարագրում է ալեկոծված ծովի դեպքը։

Մինչդեռ Ղուկասը, ճշգրտությունից մղված, շտկում է Մարկոսի ասածն ու գրում է. «Մի օր աշակերտների հետ նավակ նստեց» և այլն (Ղկս 8, 22), ցույց տալով, որ ալեկոծության դեպքը առակներ պատմելու օրվա ընթացքում չէ, որ պատահել է, այլ՝ մի ուրիշ ժամանակ։

Նմանապես, Ղուկասը Մարկոսի կողմից նկարագրված Հիսուսի այլակերպության պատմության վրա ավելացնում է այս նախադասությունը. «Իսկ Պետրոսը և հետը եղողները քնով ծանրացել էին» (Ղկս 9, 32), «հետևյալ օրը, երբ սարից իջնում էին» (Ղկս 9, 37)։ Վերոհիշյալ հավելումներով Ղուկասը ցանկանում է ճշտել, որ այլակերպությունը երեկոյան կամ գիշերն է պատահել. մի պարագա, որ բացակայում է Մարկոսի մոտ։

Ղուկասի կատարած հավելումներում հատուկ տեղ են գրավում իր նախասիրած նյութերը։ Ահա՛ դրանցից գլխավորները.
 
Աստծուն տրված փառաբանությունը
Մի քանի օրինակներ տանք։ Երիքովի կույրի բժշկումը նկարագրելուց հետո Ղուկասն ավելացնում է. «Եվ իսկույն սկսեց տեսնել և Նրա հետևից էր գնում, և փառք էր տալիս Աստծուն, և ամբողջ ժողովուրդը սա տեսնելով՝ օրհնում էր Աստծուն» (Ղկս 19, 43)։

Մարկոսի մոտ բացակայում է Աստծուն գոհություն տալու մասը։ Մարկոսը պարզապես գրում է. «Եվ իսկույն աչքերը բացվեցին և Հիսուսի հետևից էր գնում ... » (Մրկ 10, 52)։

Համեմատել նաև Մրկ 2, 12 և Ղկս 5, 25; Մրկ 11, 7-9 և Ղկս 19, 37; Մրկ 15, 39 և Ղկս 23, 47։
 
Աղոթքը
Ղուկասի մոտ հետևյալ համարներում՝ 3, 21; 6, 12; 9, 28; 23, 34, աղոթքի մասին գրված տողերը բացակայում են Մարկոսի համապատասխան համարներում (Մրկ 1, 5.3.13; 9, 1)։
 
Հիսուսի չարչարանքների անհրաժեշտությունը
Նույնն է պարագան, երբ խոսք է լինում Հիսուսի չարչարանքների անհրաժեշտության մասին։ Համեմատել Ղկս 9, 31.51 և Մրկ 9, 35; Ղկս 24, 7.26.46 և Մրկ 16, 7։
 
Հիսուսին հետևելու համար ամեն բանից հրաժարում
Ղուկասը գրում է. «Ամեն բան թողեցին և Հիսուսի հետևից գնացին» (5, 11). «Նա (Ղևին՝ Մատթեոսը) ամեն բան թողած՝ ոտքի կանգնեց և Նրա հետևից գնաց» (5, 28)։

Նմանապես, 14, 26; 18, 22 և 29 համարներում վերոհիշյալ նյութերն է արծարծում, ինչը որ Մարկոսի մոտ թերի է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։